HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրական փոփոխություններ

Կառավարության նիստում այսօր մի շարք օրենսդրական փոփոխություններ են քննարկվել: Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Նախագծով սահմանվել են այն ծառայություններն ու գործողությունները, որոնք Կենտրոնական բանկը իրականացնում կամ մատուցում է որպես պետական մարմին, փոփոխվել են գործունեության որոշ տեսակների լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, վերացվել գործող օրենսդրության մեջ եղած հակասությունները։ Կառավարությունը ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։ Նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Իր նիստում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության կառավարությունների միջեւ Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի (ՄՀՆԾ) վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների ԱԳՆ կողմից` աջակցելու համար զարգացող երկրների նորարարական բիզնես նախագծերին։ Հայաստանի համար հաստատվող նախագծերի իրական թիվը կախված կլինի ստացված առաջարկություններից, որոնք կդասակարգվեն եւ կմրցեն այլ երկրների ծրագրերի հետ։ Կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Քոնսուլեքտրա/ՄՎՎ դեքոն» համատեղ ձեռնարկությունը` 845040,0 եվրո գումարով։ Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրով անցկացված եւ ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված «Այրում, Նոյեմբերյան քաղաքների եւ Դեղձավան, Հաղթանակ գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները 420217719,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» ՍՊԸ - «Արտեզիա» ՍՊԸ կոնսորցիումը։ Կառավարությունը որոշել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը (լաբորատորիաներ եւ կաբինետներ) եւ տարածքը ՊՈԱԿ-ի հետ համատեղ անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» եւ «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկության եւ կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական հաստատությունների Երեւանի մասնաճյուղերին։ Ագրարային կրթության եւ գիտության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող վերոհիշյալ բուհերի մասնաճյուղերի կազմակերպումը ագրարային համալսարանի բազայի վրա թույլ կտա որոշակի չափով բավարարել Հայաստանի ռուսախոս բնակչության` ագրարային կրթություն ստանալու պահանջը, բարելավել մասնագետների ուսուցումը, լաբորատորիաները հագեցնել նորագույն տեխնիկայով եւ այլն։ Տիգրան Սարգսյանը հատկապես դրական է գնահատել արդեն իսկ ընթացիկ տարվանից գործարկվող այս նախագիծը, որի շնորհիվ երկրի ագրարային հատվածը ժամանակի ընթացքում կստանա որակյալ մասնագետներ։ Կառավարությունը որոշել է 2010թ. փետրվարի 14-ին կայացած Արարատի մարզի Ջրահովիտի, Լոռու մարզի Դեբեդի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2010թ. փետրվարի 21-ին կայացած Գեղարքունիքի մարզի Ջիլի, Կալավանի, Ազատի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ ԿԸՀ-ին հատկացնել 5.552.600 դրամ, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 465.415 դրամ։ Գործադիրը հաստատել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման եւ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 3 հեկտար փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքի օգտագործման` քարի արդյունահանման համար։ Կառավարությունը իր որոշումներով փոփոխություն է կատարել Կոտայքի մարզի Զովունիի, Սյունիքի մարզի Լեհվազի, Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` համապատասխանաբար կաթի վերամշակման արտադրամասի կառուցման, փոքր հիդրոէլեկտրակայանների եւ օժանդակ կառույցների շինարարության համար։ Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա է տվել Աբովյան քաղաքի «Ֆարմնորք» ՍՊԸ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter