HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սևակ Սարուխանյան.«Հայ-թուրքական սահմանի բացումից Իրանը անհանգստանալու կարիք չունի»

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը իր բնույթով ռազմա-քաղաքական է, եւ կոնֆլիկտի խաղաղ լուծումը կապված է Իրանի շահերի հետ: Այդ պատճառով Իրանը շատ ակտիվորեն կերպով հետեւում է այս գործընթացներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սեւակ Սարուխանյանը:  «Վերջին տարվա ընթացքում Իրանը մի քանի անգամ հայտարարեց, թե ցանկանում  է միջնորդի դեր կատարել բանակցությունների գործընթացում: Իրանը իրականում վախենում է դուրս մնալ լուծման այն ֆորմատից, որը կարող է տեղի ունենալ, եւ որ այդ ֆորմատը կարող է անմիջականորեն անդրադառնալ Իրանի անվտանգությանը: Իրանը ցանկանում է ապահովել իր հյուսիային սահմանները արեւմտյան ռազմական ներկայությունից»,- ասաց Սեւակ Սարուխանյանը: Իսկ ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում Իրանի դիրքորոշմանը, բանախոսի կարծիքով, Իրանի համար ամենանպաստավոր դիրքը չեզոքությունն ու պասիվությունն է: Նա նկատել է, որ թե պաշտոնյաները, թե իրանական մամուլը հայտարարություններով եւ առանձնակի ակտիվությամբ հանդես չեն գալիս հարեւան երկու երկրների բանակցությունների հարցում: «Գործընթացը շատ արագ է տեղի ունենում, եւ գործընթացում ներգրավված են ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ նաեւ խոշոր պետություններ: Իրանը գիտակցում է, որ գործընթացը կարող է բերել դրական եւ բացասական արդյունքների, եւ կոնկրետ այս պահին Իրանի համար ամենաօպտիմալ դիրքը պասիվ կերպով հետեւելն է»,-ասաց Սևակ Սարուխանյանը: Չնայած դրան, բանախոսը կարծում է, որ Իրանի համար թե' տնտեսական եւ թե' քաղաքական նկատառումներով շահավետ է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ էնեգետիկ գործակցությունը ավելի լուրջ դրսեւորումներ կստանա: Ըստ Սևակ Սարուխանյանի` քաղաքական տեսակետից Իրանին ձեռնտու չեն հայ-թուրքական փակ սահմանները, քանի որ այն բավականին բացասական հետեւանքներ է ունեցել Հայաստանի տնտեսության համար: «Հայաստանյան բաց սահմաններից Իրանը կարիք չունի վախենալու, քանի որ հայ խոշոր ինֆրաստրուկտուրալ բիզնեսը` էներգիայի, կապի, ջրի ոլորտները դուրս են մնացել եւ դուրս են մնալու թուրքական կապիտալի ներխուժումից: Հայաստանում արդեն կան լուրջ արտասահմանյան ներդրողներ բոլոր խոշոր ոլորտներում, որոնք արդեն այսօր շատ կայուն են: Թուրքական կապիտալի ներթափանցում կդիտվի միայն  առեւտրային գործարքներում, խանութների ցանցերում եւ այլն: Բայց հիմնական ոլորտները, որտեղ Թուրքիան կարող է այնպես ակտիվանալ, որ դառնա Հայաստանի համար որոշիչ պետություն, Թուրքիայի ձեռքը չեն կարող անցնել: Այս տեսակետից Իրանը անհանգստացած չի կարող լինել»,-եզրափակում է Սեւակ Սարուխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter