Նախագահ Սարգսյանը մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի երդմնակալությանը
Կիեւում նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ փոխպետքարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:
Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վիկտոր Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը եւ պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սերժ Սարգսյանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին:
Բարձր գնահատելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել