HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինեգործության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու ցանկություն ունեն

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո  մարզի պատվիրակությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն  Գեւորգյանն այսօր ընդունեց Իտալիայի Վենետո նահանգի Տրեվիզո մարզի  պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին եւ Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը: Փոխվարչապետը  բարի գալուստ մաղթեց հյուրերին եւ ընդգծեց Իտալիայի հետ բարեկամական  ու ջերմ հարաբերությունների առկայությունը, որոնք տարածվում են նաեւ տարածաշրջանների մակարդակով համագործակցության վրա: Նա նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է համագործակցության հեռանկարներով. հատկապես կարող է օգտակար լինել Հյուսիսային Իտալիայի տնտեսական զարգացման մոդելը, քանի որ Հայաստանի հետ կան մի շարք ընդհանրություններ`  թե տնտեսական հնարավորությունների, թե տարածքի առումով: Դեսպան  Բ. Սկապինին պատվիրակության անունից  շնորհակալություն հայտնեց  ջերմ  ընդունելության համար եւ նշեց, որ հայ -իտալական ձեւավորված բարեկամական հարաբերությունները կարող են վերաճել ավելի սերտ գործակցության: Նշվեց, որ պատվիրակությունը հետաքրքրված է գյուղատնտեսական բնագավառում համագործակցությամբ, մասնավորապես` այգեգործության եւ գինեգործության ոլորտում: Տրեվիզոյի մարզը ոչ միայն Իտալիայում, այլեւ աշխարհում  համարվում է գինեգործության ոլորտի առաջատարներից, եւ իտալական կողմը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանին: Դեսպանը վստահություն հայտնեց, որ հայկական կողմի հետ կհաջողվի իրականացնել երկուստեք փոխշահավետ ծրագրեր: Տրեվիզոյի մարզային խորհրդի նախագահ Պետենա Ֆուլվիոն տեղեկություններ ներկայացրեց մարզի գյուղատնտեսական եւ արտադրական պոտենցիալի վերաբերյալ. մարզում զարգացած է  ինտենսիվ տիպի գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական արտադրությունը ոչ թե մասսայական է, այլ մասնագիտացված: Կարողացել են նաեւ հաջողությամբ համադրել արտադրությունն ու տուրիզմը: Նա տեղեկացրեց, որ 2007թ-ից Հայաստանի հետ ունեն համագործակցության ծրագիր, որի շրջանակում հաջողվել է գինեգործության ոլորտում փոխգործակցութան հիմքեր ստեղծել, եւ այն ընդլայնելու ցանկություն հայտնեց: Փոխվարչապետը  նկատեց, որ Տրեվիզոյի տնտեսավարման մոդելը ամենաօպտիմալը կարող է  լինել Հայաստանի գյուղատնետսության զարգացման համար: Այս առումով նա առանձնացրեց Վայոց ձորի մարզը, որտեղ եւ գինեգործության ավանդույթներ կան, եւ հնարավորություններ` տուրիզմի զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ կհաջողվի կոնկրետ ծրագրեր կյանքի կոչել: Դեսպան  Բ. Սկապինին ներկայացրեց նաեւ հայ-իտալական առեւտրային պալատ ստեղծելու վերաբերյալ իր նախաձեռնությունը: Պալատը կարող է անդամակցել նաեւ Իտալիայի`  այլ երկրների հետ նմանատիպ պալատները միավորող ասոցիացիային, որն էլ կարող է հարթակ լինել` փորձի, գիտելիքների փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համար: Ա. Գեւորգյանն իր կողմից ամենայն աջակցության պատրաստակամություն հայտնեց: Իտալացի հյուրերը նաեւ նշեցին, որ Հայաստան այցելելու պատճառներից մեկն էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելն է:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter