Բանավեճը սկսված է
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները հրահանգել են իրենց քարոզչամեքենային որևէ կերպ չներքաշվել Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացրած սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրի քննարկման մեջ:

Ավելին` իշխանական քարոզչամեքենային հանձնարարական է տրվել ամեն կերպ հասարակության ուշադրությունը շեղել այդ ծրագրից, որևէ դեպքում չներքաշվել բանավեճի մեջ, այլ պարզապես ստել ու հերյուրանքներ տարածել` հայտարարելով, որ այդ ծրագիրը գրվել է ինչ-որ չար ու մութ ուժերի կողմից: Եվ չնայած սրան, «100 քայլն» արդեն հասցրել է դառնալ որոշ նախարարությունների և գերատեսչությունների վերլուծական բաժինների միակ աշխատանքային նյութը:
Ավելին` շատերը զանգահարում են խմբագրություն և խնդրում թերթին ամբողջությամբ իրենց տրամադրել «100 քայլ» ծրագիրը: Այնպես որ` ՀԱԿ-ի հայտարարած հասարակական բանավեճը կյանքի է կոչվում, և որքան շատ իշխանական քարոզչամեքենան անտաղանդ «տրյուկներով» փորձի կոտրել ծրագրի լրջությունը, այնքան դրան լուրջ վերաբերվողների բանակը կմեծանա:
ԱԺ-ում «լավ սենյակներ» ստանալու համար
Ըստ «Հրապարակի» տեղեկությունների` ԱԺ-ում «լավ սենյակներ» ստանալու հարցերը լուծում է դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն է:
Վերջինս մի այդպիսի սենյակ է դասավորել ԲՀԿ-ական նոր պատգամավոր Մխիթար Հարությունյանի համար:
Լոքյանի որդին ԱԺ-ում հայտնի է նրանով, որ առավոտից ման է գալիս հանրապետականներ Էդուրադ Շարմազանովի, Արման Սահակյանի ու Վահե Հակոբյանի ընկերակցությամբ:
Դանդաղ գործող ռումբ
Փաստաբան Վահե Հովսեփյանը երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմում է ներկայացրել, որով պահանջում է մերժել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և վերջինիս պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի իր ներկայացրած հայտը` գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ:
Փաստաբանը ՀԾԿՀ-ին հիշեցրել է, որ այս մարմինը պարտավոր է իր գործունեությունն իրականացնելիս այնպես գործել, որպեսզի բացառվի սպառողների կամ որևէ այլ անձի նկատմամբ խտրական մոտեցումը, պետք է ապահովվի սպառողների և կարգավորվող ձեռնարկությունների շահերի հավասարակշռությունը:
Այնուհետև, Վահե Հովսեփյանն իր դիմումում մատնանշել է այն փաստը, որ ՀՀ 2010-ի պետբյուջեով ոչ աշխատավարձերի, ոչ կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ: Սա այն դեպքում, երբ գազի սակագնի բարձրացումը հանգեցնելու է համատարած թանկացումների: Այսինքն` սակագնի բարձրացման դեպքում սպառողի վիճակը կտրուկ վատթարանալու է:
Եզդիները բողոքել են նախագահականի առջև
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ Հայաստանում ապրող եզդիրների մի խումբ երեկ բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահականի դիմաց:
Պատճառն այն էր, որ եզդիները սխալ են համարում, երբ իրենց անվանում են քուրդ: Ըստ Թամոյանի` եզդին արևապաշտ ժողովուրդ է, առանձին ազգային ավանդույթներով և տոներով: Հայաստանի եզդիներին հատկապես դուր չի եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականը Հայաստանի խարտիայի վերաբերյալ, որտեղ նշվում է, թե մեր երկրում կան 22 քրդական գյուղեր, և Զովունի գյուղի դպրոցում շաբաթական երկու ժամ քրդերեն է ուսուցանվում:
Ըստ Ազիզ Թամոյանի` Հայաստանում ոչ մի քուրդ էլ չի ապրում, հետևաբար չկան քրդական գյուղեր. «Սա կեղծիք է և ոչ մարդկային վերաբերմունք եզդի ժողովրդի նկատմամբ: Չի կարելի վիրավորել էս ազգին»,- շեշտեց Թամոյանը: Իսկ ակցիայի մասնակից երիտասարդ եզդիներից մեկը նկատեց. «Դե թող քրդերը գնան հայկական բանակ, ինչի՞ չեն գնում»:
«Հերթական խաբկանքը»
««Ռեանիմացիայի» հնարավորությունները շատ քիչ են: Դա հերթական խաբկանքն է: Հիշենք թուրքական կողմի հայտարարությունները մինչև օգոստոսի 31-ը: Նրանք ասում էին` հիմա հարցը լուծվելու է, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ սահմանը բացվելու է: Ցավոք մենք միամտորեն հավատում ենք թուրքական դիվանագիտությանը և գնում ենք այդ ճանապարհով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի արած այն հայտարարությանը, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի սառեցման մասին կարծիքներ հնչում էին նաև անցյալ տարվա հուլիսին, սակայն օգոստոսին արձանագրությունները ստորագրվեցին` ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Թող իրենց գուշակի տեղ չդնեն
«Չեմ կարծում, թե արագ փոփոխվող այս աշխարհում կա մեկը, որ կարող է կանխատեսել ապագան 20-30 տարվա կտրվածքով: Այնպես որ` որևէ մեկը` նույնիսկ քաղաքական շատ մեծ փորձառություն ունեցող անձնավորություն, թող իրեն գուշակի կամ սև մոգի տեղ չդնի:
Իսկ եթե խոսքը Լ. Տեր-Պետրոսյանի մասին է, ապա ստիպված եմ արձանագրել, որ 1997թ. նրա հոռետեսական կանխատեսումենրը, բարեբախտաբար, իրականություն չդարձան: Ուրեմն ինչո՞ւ պիտի հավատանք Լ. Տեր-Պետրոսյանի այսօրվա «կանխատեսումներին», մանավանդ, որ մեկ անգամ նրա գուշակությունը, բարեբախտաբար, իրականություն չդարձավ»,- թերթին ասել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել