ԵՀՄՖ նախագահի նամակը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը անցյալ տարվա ապրիլին դիմել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, մեծարգո պարոն Բարակ Օբամային հետևյալ նամակով`
Ձերդ երազանցություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո նախագահ
Պարոն Բարակ Օբամա
Մենք` Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ շնորհակալության խորը զգացումով Ձեր նախընտրական գործընթացի ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտած դիրքորոշման համար եւ համոզված ենք, որ շարունակելով հարազատ մնալ այդ գաղափարներին, Դուք կնպաստեք Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից համապատասխան բանաձևի ընդունմանը:
Մեծարգո նախագահ, Եվրոպայի հայկական համայնքները անցյալ տարիների ընթացքում նպաստել են մի շարք եվրոպական երկրների պառլամենտներում համանման բանաձևերի ընդունմանը այն խորին համոզմամբ, որ դրանով օգնելու են թուրք-հայկական հարաբերությունների նորմալ զարգացմանը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը: Օգնելով Թուրքիային հաշտվելու իր անցյալի ու մաքուր հարաբերություններ ծավալելու իր մերձավոր հարևանի հետ, մենք նպաստում ենք, որպեսզի նա անցնի ժողովրդավարության զարգացման ճանապարհով, եւ հնարավորություն ստեղծում այդ երկրի համար ապագայում Եվրոպայի Միության ընտանիքի լիիրավ անդամի իրավունք ստանալ:
Միացյալ Նահանգների կողմից ևս Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը մեծապես կնպաստի պատմական այս գործընթացին և կօգնի Թուրքիայի իշխանություններին անցնելու «ռուբիկոնը» ու ազատվելու պատմությունից իրենց բաժին հասած ծանր բեռից:
Մեծարգո նախագահ,
Հավատով ու հույսով սպասում ենք այս ապրիլի 24-ի Ձեր պատմական ելույթին եւ հայտնում մեր հիացմունքն ու խորին շնորհակալությունը Ձեր սկսած գործընթացների համար:
Այս նամակը ստորագրել էին Եվրոպայի մի շարք նշանավոր գործիչներ, այդ թվում`
Աշոտ Գրիգորյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ (Սլովակիա)
Մարիոս Գարոյան - Ազգային Ժողովի նախագահ /Կիպրոսի հանրապետություն/
Շառլ Ազնավուր Երգիչ, հասարակական գործիչ (Ֆրանսիա)
Հիլդա Չոբոյան Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ (Ֆրանսիա)
Սերգեյ Խաչատրյան Ջութակահար (Գերմանիա)
Արթուր Աբրահամ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (Գերմանիա)
Լևոն Արոնյան Շախմատային գրոսմեյսթեր (Գերմանիա)
Հարգելի Կոնգրեսականներ
Այսօր ես դիմում եմ Ձեզ խնդրանքով հարգելու աշխարհասփյուռ հայության տառապանքները` կապված Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից անտեսելու, արդարությունը կեղծելու, ճշմարտության դեմ մեղանչելու խնդրի հետ և վավերացնելու Հայոց ցեղասպանության փաստը: Ցեղասպանության փաստի վավերացումը կստիպի Թուրքիային հարգելու միջազգային կարծիքը և հաստատելու իր կարևոր հարևանի` Հայաստանի, հետ բարիդրացիական հարաբերություններ: Հավատացեք, որ սա ամենաիրատեսական ու արդարացի ուղին է հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման հարցում:
Խորին հարգանքով`
Աշոտ Գրիգորյան
ԵՀՄ Ֆորումի նախագահ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել