Ր. Հովհաննիսյանը եւ Լ. Ալավերդյանը` Policy Forum Armenia-ի համաժողովին
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր մամլո հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փետրվարի 28-ից մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցեն Policy Forum Armenia-ի տարեկան երկրորդ համաժողովին, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Այդ հեղինակավոր եւ աննախադեպ համաժողովի թեման Հայաստանի եւ Սփյուռքի փոխներգրավվածության ապահովումն է Հայաստանի ժողովրդավարացման, հայ-թուրքական արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման եւ համակարգային բարեփոխումների խնդիրներում:
PFA-ի հրավերով Ջորջթաուն համալսարանում մարտի 1-ին Համաժողովի մասնակիցների առջեւ հատուկ ուղերձով եւ վերոնշյալ խնդիրների մասին ծրագրային զեկույցով հանդես կգա «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նորանկախ պետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ելույթով հանդես կգա նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով անմիջապես համաժողովին կմիանա Մեծ Բրիտանիա կատարած իր այցելությունից հետո:
Համաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հասարակական, հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ, մտավորականներ, դիվանագետներ եւ միջազգային գիտական հեղինակություններ, նրանց թվում` աշխարհահռչակ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:
Համաժողովի առաջին օրը` փետրվարի 28-ին, Վաշինգտոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ն կներկայացնի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել