HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հնամենի Կիրանցի դժվարին ներկան

340 բնակիչ ունեցող Կիրանցը 16 զոհ է տվել հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին: Նրանց գերակշիռ մեծամասնությունը զոհվել է սահմանին, թեժ մարտերի ժամանակ:

Գյուղը շարունակում է տուժել չկարգավորված հակամարտությունից: 240 հա վարելահողերի միայն 20%-ն է մշակվում, մնացած հողերը ականապատված են կամ գտնվում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ: 1996 թ.-ից սահմանամերձ համայնքը ղեկավարող Հմայակ Նազարյանի խոսքերով` ընդամենը 30 հա աշնանացան է արվել: Համայնքը հայտ է ներկայացրել գյուղնախարարություն որպես օգնություն տրվող եգիպտացորենի սերմացու ստանալու համար: Այդ կերպ կմշակվի 10 հա եգիպտացորեն:

Սակայն գյուղացիները հիասթափված են հողագործությունից եւ դրա համար լուրջ պատճառներ ունեն: «4 տարի առաջ 4 հա ցորեն էի մշակել: Վրաստանից որակյալ, խոշորահատիկ սերմացու էի բերել, դրա մի հատիկը տեղականի երկու չափն էր: Հնձի ժամանակ կոմբայն չճարվեց, ամբողջ բերքը մնաց դաշտում»,- ասում է Կիրանցի բնակիչ Սերժիկ Սիմոնյանը:

2008 թ. այդ ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը գյուղին հացահատիկահավաք կոմբայն է նվիրել: Սակայն գյուղում վար անելու տրակտորներ չկան: Թրթուրավոր երկու տրակտորն էլ անսարք են եւ վարի համար հարեւան համայնքներից են տրակտոր բերում: Այդ դեպքում նաեւ տեղափոխման ծախսն է գումարվում: Գյուղացիները դժգոհ են վարի բարձր գներից, որը մեկ հա-ի համար 40 հազար դրամ է:

Փոքր համայնքի բյուջեն էլ փոքր է` 5.3 մլն դրամ, որից 4.8 մլն-ը պետական լրավճար է: Գյուղապետարանը առանձին շենք չունի, տեղակայված է դպրոցի շենքի մի թեւում: Փետրվարի 3-ին Տավուշի մարզին Կառավարության հատկացրած 96 մլն դրամից 32 մլն դրամը նախատեսված է Կիրանցի համայնքային կենտրոնի կառուցման նպատակով: Գյուղի համար կարեւոր է ինքնահոս ոռոգման ջրատարի նորոգումը: Գյուղապետ Հ. Նազարյանի խոսքերով' Կիրանցը հնում այդ առվի երկարությամբ է կառուցվել: Կես դար առաջ կիսախողովակներ են տեղադրել, կառուցապատել: 10 տարի առաջ էլ գյուղապետարանն է ջրագծի գլխամասում նորոգման աշխատանքներ կատարել: Այս տարի Իջեւանի զբաղվածության կենտրոնի միջոցով, «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով ջրագծում մաքրման աշխատանքներ կիրականացվեն: Սակայն Կունեն գետից սկիզբ առնող, 5 կմ երկարությամբ ջրագիծը, որն արդեն 5 տարի գտնվում է Իջեւանի ջուր օգտագործողների ընկերության (ՋՕԸ) հաշվեկշռում, հիմնանորոգման կարիք ունի: Այդ ջրատարով գյուղի տնամերձերի մեծ մասը` շուրջ 20 հա, ոռոգվում է:

 Կիրանցը զբոսաշրջության մեծ, չիրացված պոտենցիալ ունի: Գյուղի անտառում եկեղեցիների եւ վանքերի մի աստղաբույլ կա` Կիրանց, Առաքելոց, Դեղձնուտ եւ Սամսոնի վանքեր, սուրբ Աստվածածին եկեղեցի: Դրանց պետք է հավելել 12-րդ դարի նշանավոր կամարակապ կամուրջը: Հնում այստեղ Կունեն գյուղաքաղաքն է եղել: «Հայաստանի ոչ մի տարածքում, նման փոքր հատվածում նշանավոր վանքերի ու եկեղեցիների այդքան քանակ չկա»,- ասում է Հ. Նազարյանը:

Դրանք գյուղից բավական հեռու են, անտառի մեջ, ինչը դժվարացնում է սրբավայրեր այցը: Վանքերի եւ եկեղեցիների ծածկերի վրա ծառեր են աճել, որոնք քայքայում են հուշարձանները: Հոգեւոր կոթողները գտնվում են մշակույթի նախարարության պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հաշվեկշռում: 12-րդ դարի կամարակապ կամրջի մոտ կառուցվել է սեւքարեցի Աբրահամյան տոհմի անունով տաղավարը: Խնջույքների համար նախատեսված այդ «բեսեդկան» ամենեւին հարիր չէ պատմական միջավայրին:

2003-2004 թթ. կառուցվեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհը, հիմա միջպետական մայրուղին գյուղի միջով է ձգվում: Սա սահմանամերձ գյուղի, հետագայում տուրիզմի զարգացման համար շատ կարեւոր է: Վերջին 2 տարում սահմանամերձ համայնքում ընտանեկան նպաստառուների թիվը կիսով չափ նվազել է, դարձել 21: Սակայն դա չի նշանակում, որ կյանքն այստեղ բարելավվել է: Կիրանցում ընդամենը 200 խոշոր եղջերավոր անասուն կա, նույնքան էլ' մանր եղջերավոր:

Համայնքի ղեկավարը, համարելով հանդերձ, որ գյուղացին հուսահատվել է, ետ է վարժվել աշխատանքից, Կիրանցի զարգացումը անասնապահության եւ անասնատերերի կոոպերատիվի գործունեության հետ է կապում: Արոտների կառավարման ծրագրով ստեղծվելիք կոոպերատիվին պետությունը աջակցություն կցուցաբերի: Սակայն Հ. Նազարյանը դեռ չգիտի` սուղ բյուջե ունեցող համայնքն ի վիճակի՞ է այդ ծրագրում համապատասխան ներդրում կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter