HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղը ներկայացվեց նաեւ Միլանում 

Իտալիայի Միլան քաղաքում այս ամսվա ընթացքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Ղարաբաղի մասնակցությանն էր նվիրված ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի այսօրվա մամուլի ասուլիսը: Ցուցահանդեսը, ըստ Սերգեյ Շահվերդյանի, ամենահանգիստն էր բոլոր ցուցահանդեսների համեմատ, քանի որ խնդիրներ չեղան ոչ կազմակերպիչների, ոչ էլ Իտալիայի արտգործնախարարության հետ:

Այսպես սովորաբար լինում էր միջազգային ցուցահանդեսների ժամանակ, որոնց Ղարաբաղի մասնակցությանն ամեն կերպ փարձում է խոչընդոտել Ադրբեջանը` լրատվամիջոցներով բարձրացնելով նաեւ մեծ հիստերիա: «Այժմ այդ հիստերիային ոչ մենք ենք ուշադրություն դարձնում, ոչ էլ ցուցահանդեսների կազմակերպիչները»,- շեշտել է զբոսաշրջության վարչության պետը:

Նրա հավաստմամբ` այժմ որեւէ երկրում նմանատիպ խնդիրներ չեն ունենում, բացի Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանից: Ղարաբաղի մասնակցությունն  այս անգամ ապահովվել է միայն  պետական միջոցների հաշվին. այդ նպատակով հատկացվել է շուրջ 9 մլն դրամ: Ասուլիսի ժամանակ զբոսաշրջության վարչության պետը նշեց Միլանի ցուցահանդեսի առանձնահատկությունների մասին:

Առաջինն այն էր, որ հայկական երկու պետությունններից այս անգամ միայն Ղարաբաղն էր մասնակցում միջոցառմանը, ուստի Ղարաբաղի պատվիրակությունը պետք է ներկայացներ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը, քանի որ, ըստ Ս.Շահվերդյանի, Ղարաբաղի զբոսաշրջությունը հենց Հայաստանի զբոսաշրջության մի մասն է համարվում:

Երկրորդ առանձնահատկությունն  այն էր, որ Ղարաբաղի պատվիրակությունը, ի տարբերություն մյուս ցուցահանդեսների, մեծ ջանքեր չգործադրեց այցելուներին բացատրելու, թե ինչ է Ղարաբաղը:

«Բոլոր այցելուներն էլ տեղյակ էին Ղարաբաղի մասին, եւ բացատրելու կարիք չկար»,-ավելացրել է նա: Ցուցահանդեսը մյուսներից տարբերվում էր նաեւ Ղարաբաղի տաղավարի այցելուների աննախադեպ թվով ու նրանց ցուցաբերած հետաքրքրությամբ: Միլանի ցուցահանդեսն այս տարվա երկրորդ ցուցահանդեսն էր: Առաջինը փետրվարի 13-15-ը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կազմակերպված ցուցահանդեսն էր, որին Ղարաբաղը մասնակցել  է հեռակա կարգով: Արցախը լիազորվել է ներկայացնել ԱՄՆ-ում գործող «Ավանդ» ընկերությունը, որն, ի դեպ, մեծ ներդրումներ է կատարում Շուշիում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter