«Գիտությունը խիստ ծերացել է»
«2009թ. ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գերակա խնդիրն էր ապահովել գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի հայեցակարգային, ռազմավարական եւ իրավական հիմքերը»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա ներկայացմամբ` 2009 թ. կոմիտեի կողմից մշակվեցին եւ ներկայացվեցին մի շարք կարեւոր իրավական ակտեր: Ս. Հարությունյանը խոսեց գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մասին` նշելով, որ ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունն ամրագրում է 2011-2020 թվականներին գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Նրա խոսքերով` ռազմավարական ծրագրերի մշակումը կապահովի գիտության զարգացումը:
Այնուհետեւ նա խոսեց գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների մասին: «Սա հետազոտական լուրջ աշխատանք է պահանջում, գերակա ուղղություների որոշումը ողջ աշխարհում կատարվում է 3-4 տարին մեկ անգամ` կապված տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման հեռանկարների եւ ծրագրման հետ»,- ասաց նա:
«Ոլորտներից ամենակարեւորներից մեկը հայագիտության զարգացումն է: Հայագիությունը` որպես առաջնային ոլորտ, հայտարարվել է մի քանի տարի առաջ: Չի բացառվում, որ հայագիտությունը, որպես առանձին ոլորտ, ներկայացվի առանձին ռազմավարությամբ»:
Անդրադառնալով գիտության ոլորտի ֆինանասավորման նոր կարգին` Ս. Հարությունյանն ասաց. «Մինչ օրս ֆինանասավորման կարգերը եղել են թերություններով: Ներկա կարգերը հնարավորություն կտան ներմուծել անկախ փորձագիտական համակարգերը, կիրառել դրանք, անցնել ծրագրային ֆինանասավորման: Ակնհայտ է, որ ռազմավարության մեջ ֆինանսերը պետք է ուղղորդել որեւէ նպատակի, ոչ թե փոշիացմանը»: Նրա խոսքերով` այս որոշման նախագծերի ընդունման նպատակը ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձեւերի կատարելագործումն է:
Համեմատելով գիտության ներկայիս վիճակը մի քանի տարի առաջվա հետ` նա ասաց. «ՀՀ գիտությունը ԱՊՀ երկրներում եւ ՀՀ-ում նույնն է: Խորհրդային տարիներին Հայաստանը ԽՄ-ի համար կարեւոր գիտական դեր էր կատարում, եւ մեծաթիվ ինստիտուտների թիվը պատճառաբանված էր, իսկ հիմա` ոչ, թեեւ նախկինի համեմատ գիտնականների եւ գիտական աշխատողների թիվը հիմա ավելի քիչ է` մոտ 7.500: Խորհրդային տարիների հետ համեմատությամբ գիտությամբ զբաղվողներից 25-40 տարեկանների թիվը նվազել է: Գիտությունը խիստ ծերացել է, պետք է երիտասարդացնել այն, քանի որ ունենք շատ լավ կադրեր: Մենք սրա ուղությամբ եւս աշխատաում ենք, եւ հույս ունենք, որ նշված ծրագրերով աշխատելու դեպքում 2020թ. մենք կունենանք գիտության ասպարեզում մրցունակ երկիր»,- ասաց նա:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել