Խորհրդակցություն` հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել: Մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հարկահավաքության բնագավառում արմատացած բացասական երեւույթների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության վրա: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առկա խնդիրները լուծելու համար, ի թիվս այլ միջոցների, պետք է նաեւ սերտացնել միջգերատեսչական համագործակցությունը:
Ս. Սարգսյանը կարեւորել է ստվերային տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները նվազեցնելու եւ տնտեսվարման գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պահանջել ուժերի համադրման ճանապարհով բարձրացնել կեղծ ապրանքաշրջանառության, ապրանքային կեղծ փաստաթղթեր վաճառքի եւ նմանօրինակ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը:
«Մենք իրավունք չունենք դադար տալու: Մենք խնդիր ունենք ոչ միայն չթողնել, որ նման երեւույթներն ավելանան, այլեւ` առավել կտրուկ քայլեր ձեռնարկել անցյալից եկող արատավոր շղթաների վերացման ուղղությամբ»,- նշել է Ս. Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել