HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակումների բազմադրվագ գործը` դատարանում

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը պետք է սկսվեր այսօր` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն դատավարությունը հետաձգվել է և այն կմեկնարկի մարտի 19-ին: Ավետիսյանի «տան գործը» քրեական գործի ընդամենը մի դրվագն է. գործին մաս են կազմում առանձին-առանձին հարուցված երեք քրեական գործեր, ինչպես նաեւ ավազակային հարձակման ևս մեկ փաստով հավաքված նյութեր: Գործով առաջին դրվագն ունի «ամերիկյան գրանցում»: Ըստ մեղադրական եզրակացության` Արա Կարապետյանը, գտնվելով ԱՄՆ-ում, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի և Արմեն Թագվորյանի հետ, Լոս-Անջելեսում 2004 թ. մայիսին և հունիսին, «Ավիանի», «Միկա» եւ «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից գաղտնի հափշտակել է, ընդհանուր առմամբ, 150 հազար ԱՄՆ դոլարի (82 մլն 899 հազար դրամի) արժեքներ: Վերջին դեպքով` հանցակիցներին փախուստի պահին իրավապահների կողմից բռնելուց հետո, Արան ոստիկանությունից դիմել է փախուստի և լքելով ԱՄՆ տարածքը` բնակություն հաստատել Հայաստանում: Այստեղ, գտնվելով ամերիկյան իշխանությունների կողմից հայտարարված  հետախուզման մեջ, նա, ըստ մեղադրանքի,«հանցավոր համաձայնության է եկել Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանի հետ, եւ վերջինիս հետ միասին 2007 թ. նոյեմբերին կազմավորել է հանցավոր խումբ` ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Խմբում ընդգրկվել են ԱՄՆ-ում նշված հանցագործությունների համար դատապարտված եւ պատժից ազատված ու Հայաստան վերադարձած Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը, Սուրեն Մելքոնյանը և Ռազմիկ Վիրաբյանը: Արմեն Նիկողոսյանի կողմից խմբում ընդգրկվել են իր հետ կնքահայր-սանիկ հարաբերությունների մեջ գտնվող Արսեն Սողոմոնյանը, որի միջոցով էլ` վերջինիս որդին` Բագրատ Սողոմոնյանը, ով նախկինում աշխատել է Հայաստանի  ոստիկանությունում և տիրապետում է արևելյան մարզաձևերի արվեստին, եւ նույն մարզաձևերի հնարքներին տիրապետող Հայկ Մելքոնյանը: Խումբը  «հանցավոր գործողության»  թիրախ է դարձրել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, Վաղարշակ Վարդեւանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահը: Հանցագործության նախապատրաստական փուլում Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը որոշել են, որ հանցավոր խմբի անդամները պետք է սրահ մտնեն իրավապահների անունից` իբր զենք, ռազմամթերք, թմրամիջոցներ որոնելու համար: 2007-ի նոյեմբերի 29-ի երեկոյան Արմեն Նիկողոսյանը, Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, Հայկ Մելքոնյանը, Ռազմիկ Վիրաբյանը, Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը ժամանել են նշված տոնավաճառ: Ոստիկանության սպայի դաշտային հանդերձանք հագած` Բագրատը, Հայկը եւ Ռազմիկը մտել են տոնավաճառի հիշյալ վաճառասրահ, իսկ մյուսները մնացել են դրսում` հսկելու շրջակա տարածքը եւ վտանգի դեպքում հայտնելու սրահում գտնվողներին: Հովհաննեսն ու Արշակն էլ արգելել են այլ անձանց մտնել սրահ: Վաճառասրահում գտնվող Վաղարշակ Վարդեւանյանին, վերջինիս քրոջ որդուն` Վահե Մարգարյանին եւ նրանց ծանոթ Սերգեյ Մանուկյանին հիշյալ երեք անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակիցներ և պահանջել են ներկայացնել զենք, ռազմամթերք եւ թմրամիջոցներ: Խուզարկություն կատարելու պատրվակով վաճառասրահի ցուցափեղկերից եւ պահարաններից հանելով ոսկյա զարդեր, ձուլակտորներ եւ գումարներ` Հայկը, Բագրատը եւ Ռազմիկը դրանք տեղավորել են իրենց հետ վերցված պայուսակում, ներկայացրել, որ դրանք առգրավվում են եւ վերցնելով պայուսակը` Վաղարշակ Վարդեւանյանից պահանջել են իրենց հետ գնալ ԱԱԾ վարչական շենք` մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով: Վաղարշակին, ձեռքերից բռնած, նրանք նստեցրել են վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո»-ն և ուղեւորվել Երևանի Մուշական թաղամաս, այդպիսով խաբեության միջոցով գաղտնի առեւանգելով նրան: Նշված թաղամասի ամայի տարածքում կանգնեցնելով ավտոմեքենան` Ռազմիկը, Բագրատը եւ Հայկը Վ. Վարդեւանյանին դուրս է հանել ավտոմեքենայից, երեքով ծեծել, ապա կապել ոտքերն ու ձեռքերն ու հեռացել` հափշտակելով շուրջ 145 մլն 727 հազար դրամի ոսկյա զարդեր, այդ թվում` 2 մլն 55 հազար դրամ եւ 30 հազար 210 ԱՄՆ դոլար: Ավելի ուշ «Տոյոտա Պրադո»-ն հայտնաբերվել է Երեւանի Վարդաշեն համայնքում: Արան եւ Արմենը խմբի անդամներից յուրաքանչյուրին տվել են նախապես խոստացված վարձատրությունը` մի քանի տասնյակ հազարավոր ԱՄՆ դոլարի չափով: Խմբի ուշադրության կենտրոնում հաջորդը հայտնվել է գլխավոր դատախազության կադրերի բաժնի նախկին պետ, Արա Կարապետյանի հարեւան` Յուրիկ Ղազարյանի Երեւանի Օրբելի փողոցի 12-րդ շենքի թիվ 8 բնակարանը` 12 արժեքավոր գեղանկարներով: Ըստ նախաքննական մարմնի` գեղանկարները ստանալուն պես Արմեն Նիկողոսյանը խոստացել է հափշտակողներին վճարել 60 հազար ԱՄՆ դոլար: Քանի որ Հայկ Մելքոնյանը չի համաձայնվել դատախազության որևէ աշխատակցի բնակարանից կատարել հափշտակություն, Արսենն առաջարկել է դա հանձնարարել իր վաղեմի ծանոթին` Աշոտ Խաչատրյանին, ով նշել է, թե դա կանի ծանոթի` Նիկոլայ Խաչիկյանի հետ` պահանջելով, որ նախապես վճարվի խոստացած գումարի կեսը: Սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել, քանի որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո Արմեն Նիկողոսյանը վերցվել է արգելանքի, իսկ դրա իրագործումը ստանձնած անձինք բացի նախապատրաստական գործողություններից, այլ գործություններ չեն կատարել`  չստանալով խոստացած գումարը: 2008 թ. հունիսի 24-ին Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Արմեն Նիկողոսյանը Արայի հետ որոշել է խմբի ներուժն օգտագործել մեկ այլ հանցագործության մեջ: Ընդ որում` Արան որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց` Արշակին, Հովհաննեսին եւ Սուրենին, իսկ Արմեն Նիկողոսյանը` Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին, ինչպես նաև խմբում նոր ընդգրկված Նիկոլայ Խաչիկյանին եւ Աշոտ Խաչատրյանին: Այս անգամ խմբի համար թիրախ է ընտրվել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի բնակարանը: Խմբի ղեկավարները յուրաքանչյուր անդամին խոստացել են ամեն ինչ բարեհաջող ավարտելուց հետո վճարել 100 հազարական ԱՄՆ դոլար: Իսպանիայում գտնվող Բագրատ Սողոմոնյանի Հայաստան վերադառնալու, ինչպես նաեւ նախապատրաստման այլ ծախսերը հոգալու`  զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք եւ ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Արմեն Նիկողոսյանն Արսենին տվել է 5 հազար դոլար, ինչպես նաեւ իր կողմից ապօրինի ձեռք բերված «ՊՄ» տեսակի մարտական ատրճանակ` պահունակով եւ 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, որոնք Արսենն իր հերթին տվել է Հայկին: Արմենը Հայկին տվել է նաև Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, հարակից տարածքի վերաբերյալ կազմված ծագիրը: Բագրատն Իսպանիայից վերադարձել է, իսկ Արսենը ձեռք է բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք, որոնք ներկվել են սեւ գույնով եւ համազգեստների վերին` մեջքի մասում ռուսերեն գրառվել է «սպեցնազ»` բնակարան մուտք գործելն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Պլանավորածը իրականացնելու համար խմբի անդամները 2008 թ. հոկտեմբերի 26-ի երեկոյան հավաքվել են Երեւանի Չարբախ թաղամասում վարձակալված Շիրակի փողոցի 70-րդ շենքի թիվ 7 բնակարանում, յուրաքանչյուրը ստացել է հանդերձանքը` համազգեստ եւ դիմակ, ինչպես նաև մարտական, գազային եւ օդամղիչ ատրճանակները: Որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք գործողություններում: Աշոտը եւ Նիկոլայը մեկնել են Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի նրբանցքի 6-րդ շենքի մոտ եւ այնտեղ տեղակայված կիսակառույց ավտոտնակում կայանված «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են 252 ՍԼ 65 սերիայի 2 պետհամարանիշները, դրանք տեղադրել «Նիվա» մակնիշի ավտոմեքենային եւ ինչպես դրանով, այնպես էլ ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայով խմբի անդամները 2008 թ. հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 00:30-ի սահամաններում, մեկնել են Իսահակյան փողոցի թիվ 34 բ առանձնատան մոտ: Արսենը «ԳԱԶ-31»-ը կայանել է առանձնատնից քիչ հեռու եւ սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Աշոտը «ՆԻՎԱ»-ն ետեւի մասով կանգնեցրել է առանձնատան պարսպապատի դարպասների մոտ, այնպես, որ առանձնատուն մուտք գործողները բարձրանան ավտոմեքենայի տանիքին եւ պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք: Ըստ պլանավորված գործողությունների` Բագրատը, ով դիմակավորված չի եղել, բարձրացել է ավտոմեքենայի տանիքին, պարսպապատի դարպասներից ցատկել է տան բակ եւ մոտը գտնվող ատրճանակը պահելով դեմառդեմ դուրս եկած տան անվտանգությունն ապահովող Նորիկ Մովսիսյանի վրա` զինաթափել է նրան` սպառնալով կրակել: Բագրատ հետեւից նույն եղանակով բակ են մտել նաեւ Հայկը, Հովհաննեսը, Արշակը եւ Նիկոլայը: Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Արմեն Ավետիսյանի մայրը` Քնարիկ Սահակյանը, խմբի նշված 5 անդամները նրան հրելով մտել են բնակարան, կրեկելու սպառնալիքներ ուղղել Արմեն Ավետիսյանի մորը, հորը եւ եւ որդուն (երկուսն էլ Արտաշես Ավետիսյան են), կպչուն ժապավենով կապել են նրանց,  այնտեղ բերված Նորիկ Մովսիսյանի ձեռքերը, ոտքերը և նույն ժապավենով փակել վերջիններիս բերանները: Այնուհետև բնակարանի առաջին եւ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով եւ գտնելով շուրջ 45 միլիոն դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր եւ այլ իրեր, Արմեն Ավետիսյանի, Լուսինե Ճշմարիտյանի, Արտաշես Արմենի Ավետիսյանի, Մանե Ավետիսյանի ծննդյան վկայականները, Արմեն Ավետիսյանի եւ Լուսինե ճշմարիտյանի միջնակարգ կրթության ատեստատը, ԲՈՒՀ-ի ավարտական դիպլոմը, նրանց ամուսնության վկայականը եւ նրանց զինվորական գրքույկները` դուրս են եկել բնակարանից ու դիմել փախուստի: Նույն գիշերը Արան, Արմենը եւ Սուրենը, Երեւանի կենդանաբանական այգու մոտակայքում Սուրենի «Դոջ Դյուրանգո» մակնիշի ավտոմեքենայում սպասել են հանցագործության ավարտին եւ հենց այնտեղ Հայկից ստանալով հափշտակված արժեքներն ու փաստաթղթերը` Արան եւ Արմենը տնօրինել են դրանք, սակայն խոստացված գումարները խմբի անդամներին չեն վճարել: Դատապարտվելու հարցում մեղավոր անձ համարելով իր անմիջական ղեկավարին`  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետ Աշոտ Կարապետյանին, Արմեն Նիկողոսյանը որոշել է վրեժխնդիր լինել նրանից եւ 2008 թ. դեկտեմբերին Արսեն Սողոմոնյանին հանձնարարել է Հայկի միջոցով իրականացնել Աշոտ Կարապետյանի սպանությունը` խոստանալով, որ դրա դիմաց կվճարի 50 հազար ԱՄՆ դոլար: Հայկ Մելքոնյանը հրաժարվել է իրականացնել այդ հանձնարարությունը, որից հետո Արմենի պնդումներից ելնելով` Արսենը հիշյալ հանձնարարությունը կատարելու համար դիմել է Նիկոլային եւ Աշոտին, ովքեր նախորդ հանցագործությունը կատարելուց հետո խոստացված պարգեւավճարները չստանալու պատճառով բացասական պատասխան են տվել: Ըստ մեղադրական եզրակացության` 2009 թ. հունվարին Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը պլանավորել են կատարել հաջորդ հանցագործությունը` այս անգամ որոշելով ավազակային հարձակմամբ մուտք գործել «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ  Հարությունյանի` Երվանդ Քոչարի փողոցում գտնվող բնակարան: Արմենը Սուրենին ցույց է տվել այդ բնակարանի տեղակայման վայրը եւ հանձնարարել ճշտել տան անդամների բնակարանից դուրս գալու եւ վերադառնալու ճշգրիտ ժամերը: Դիտարկման արդյունքներից ելնելով` Արան եւ Արմենը որոշել են խմբի անդամների բնակարան մուտք գործելն իրականացնել առավոտյան ժամերին եւ հանցագործության կատարումը նշանակել են 2009 թ. հունվարի 26-ին: Արմեն Ավետիսյանի բնակարանի ավազակային հարձակումից հետո խոստացված պարգեւավճարները չտրամադրելու հետ կապված խմբի մի շարք անդամների դժգոհությունները հաշվի առնելով` Արմենը եւ Արան որոշել են հանցագործությանը մասնակից դարձնել Արշակ Գրիգորյանին եւ խմբում նոր ընդգրկված, քննությամբ չպարզված եւս 3 անձանց, որոնցից մեկին Արայի հանձնարարությամբ Սուրենը ցույց է տվել բնակարանի գտնվելու վայրը: Նշված օրը խմբի հիշյալ անդամները ժամանել են «դեպքի վայր», Արան, Արմենը եւ Սուրենը շենքից քիչ հեռու մնացել են վերջինիս «Դոջ Դյուրանգո»-ում` հսկելով շրջակա տարածքը, իսկ սեւ գույնի «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով այնտեղ ժամանած Արշակը եւ խմբի 3 մյուս անդամները բարձրացել են բնակարան: Դիմակավորված եւ զինված նրանք մտել են Համլետ Հարությունյանի բնակարան, որտեղ վերջինս գտնվել է միայնակ: Կրակելու սպառնալիքով նրանք պահանջել են գումար եւ արժեքավոր իրեր, սակայն շրջելով բնակարանում եւ այդպիսիք չգտնելով` Համլետ Հարությունյանի գրպանից հափշտակել են մոտ 10-15 հազար դրամ և հեռացել: շարունակելի Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter