Հիլարի Քլինթոնը չի ընդդիմացել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարի 25-ին Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` խախտելով Պետդեպարտամենտի երկարամյա ավանդույթը:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հույս է հայտնել, որ պալատը կըդնունի այն եւ «պետքարտուղարը թույլ կտա, որ դա տեղի ունենա»:
Այնինչ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար:
Լիսկան դարձել է հեքիաթի դեւ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, երեկ ճեպազրույցում անդրադառնալով այն փաստին, որ Մեղրիում հեղուկ գազը վաճառվում է 600 դրամով, եւ Սյունիքի մարզպետի շահագրգռվածության հետեւանքով որեւէ կերպ հնարավոր չէ այդ խնդիրը լուծել, ասաց. «Մարզպետն այնտեղ դեւ է»: Քիչ անց պազրաբանեց. «Այդ դեւը նոր մականուն չէ: Ես հեքիաթի դեւը նկատի ունեմ, որ աղբյուրի վրա նստած` չէր թողնում ջուր խմել»:
Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրգործի և քրեական հետապնդման բուն պատճառը
Ռուսական wek և versia վեբ-կայքերում վերջերս Հայաստանի մասին հրապարակվող սկանդալային հոդվածները մեր իշխանավորների ստվերային ունեցվածքի մասին մեծ արձագանք են գտել Հայաստանում: Դրանք հատկապես զայրացրել են իշխանություններին, և նրանց հրահանգով անվտանգության մարմինները սկսել են պարզել այդ հոդվածների ծագման ու ռուսական մամուլում տեղադրվելու ողջ պատմությունը:
Հոդվածներում նշվող «փորձագետը», որն այդ հոդվածների ինֆորմացիոն սկզբնաղբյուրի դեր էր խաղացել, Սմբատ Կարախանյանն է` «Միաբանություն» մոսկվահայերի ակումբի նախագահը: Սակայն խնդիրն այս հրապարակումների հայաստանյան ակունքները հայտնաբերելն է եղել, և նշված ծառայությունները գտել են: Մեզ հասած տեղեկություններով` այդ հրապարակումների ֆինանսավորումը իշխանությունը կապում է Սուքիասյանների ընտանիքի, մասնավորապես` Սարիբեկ Սուքիասյանի հետ, և հենց դա էլ հանդիսացել է վերջինիս նկատմամբ հարուցված քրգործի և քրեական հետապնդման բուն պատճառը:
Պետք լինի, տկլոր էլ կպարեն
Երեկ հավաստի աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ օրերս ընդդիմության ներկայացուցիչների եւ Եվրամիության դեսպանների ու ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարների հանդիպման ժամանակ եվրոպացիների կողմից խիստ ուշագրավ հարցադրում է հնչել` ինչպե՞ս եք նայում արտահերթ ընտրություններին:
Երեկ թերթը տեղեկացրել էր, որ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրեր առաջ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել իշխանական բավական նեղ շրջանակի ներկայացուցիչների եւ ասել, որ իրենք 2 ամիս ժամանակ ունեն ու թող մտածեն արտահերթ ընտրությունների մասին: Հիշեցնենք` օրեր առաջ արտահերթ ընտրությունների պատրաստվելու մասին էր խոսում նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հաշվի առնելով այս եւ մի քանի հանգամանքներ` ամենեւին էլ պատահական չեն իշխանությունների կողմից ձեռնարկվող այն «արտակարգ միջոցառումները», որոնք նախատեսված են մարտի 1-ին իրականացնելու համար: Իսկ մարտի 1-ին իշխանությունները պատրաստվում են աննախադեպ թափով: Այդ օրը, ինչպես երեկ պարզվեց, իշխանությունները միայն Երեւանում անցկացնելու են ոչ ավել, ոչ պակաս 115 միջոցառում:
10 մեղադրյալ` մեկ դահլիճում
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Արմեն Ավետիսյանի տունը կողոպտել էին 2008 թ. հոկտեմբերի 26-ին, եւ այս գործով մեղադրանք է առաջադրվել 10 հոգու:
Նիստը երեկ սկսվել է 30 րոպե ուշացումով, փաստաբաններն ու մեղադրյալներն այնքան շատ են եղել, որ դատական կարգադրիչները սկսել են լրացուցիչ աթոռներ եւ սեղաններ ավելացնել: Դահլիճում եւս նստելու տեղ չի եղել. մեղադրյալների հարազատներից շատերը եւս չեն կարողացել մուտք գործել դահլիճ:
Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը լրագրողներին ասել է, թե մեղադրյալները իրար հետ փոխադարձ կապերի մեջ են, ընդ որում` քավոր-սանիկի մակադրակով: Ի՞նչն է եղել նրանց շարժառիթը: Այդ մասին դատախազը նախընտրել է լռել:
Ոչ գործով տուժող Արմեն Ավետիսյանը, ոչ էլ նրա լիազորված որեւէ անձ դատարան չէր ներկայացել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 19-ին:
Չի հերքել
ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլամբիեի պահանջած բարեփոխումների իրականացման ժամանակացույցը իր հետ Ստրասբուրգ տանելու է ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:
Իսկ պատասխանելով ռուսական մամուլում իր կարողությունների ու տարբեր գործարքների միջոցով կուտակած հարստության վերաբերյալ հրապարակումների մասին հարցին` Դ. Հարությունյանն ասել է. «Ես կարծում եմ, որ Մարսի 2 ամառանոցներս մոռացել են նշել»:
Հետաքրքիր է, որ ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ ու արդարադատության նախկին նախարարը իր հասցեին ուղղված կոնկրետ մեղադրանքին պատասխանում է ընդամենը հումորով: Հիշեցնենք, որ ռուսական wek.ru պարբերականը, ի թիվս ՀՀ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացրել է նաև Դավիթ Հարությունյանի կարողությունների մասին տեղեկատվություն` ընդ որում հատուկ նշելով, որ դրանց մի մասը կուտակվել է տարբեր ապօրինի գործարքների միջոցով:
Մերզլյակովին` նոր նշանակում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նոր նշանակում է ստացել: Այսուհետև նա չի ներկայացնելու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում: Երեկ այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նեստերենոկն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է ոչ թե այդ խմբում ներկայացուցչի կողմից, այլ Ռուսաստանի նախագահի:
«Ազգը» տեղեկացրել էր այն լուրերի մասին, թե ռուսաստանցի համանախագահի պաշտոնում նոր դիվանագետ է նշանակվելու: Որ Յուրի Մերզլյակովը դադարելու է Ռուսաստանը ներկայացանելուց Մինսկի խմբում, հայտարարել էր հենց ինքը` համանախագահը: Այդուհանդերձ, փաստացի իրականություն չի կարող լինել այն տեղեկությունը, թե նոր համանախագահը կնշանակվի ամռանը: Սակայն նախապես նշվող թեկնածությունը` ի դեմս Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովի, դեռևս չի հաստատվում, ինչպես նաև չի տեղեկացվում, թե հատկապես ինչ նշանակում է ստացել Յուրի Մերզլյակովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել