Վայրագությունները ներկայացնող վկայությունները` կայքէջում
Ավարտվել է 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները:
Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր:
Վկայությունները վերաբերում են մասնավորապես Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում, այդ թվում` Ադրբեջանի հատուկ ծառայությունների մասնակցությամբ իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնությունների, բռնաբարությունների, հրկիզումների, ալան-թալանի տեսքով:
Ներկայումս ընթացքի մեջ է արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում, սակայն էջը հասարակության առավել լայն շրջանակների համար բաց կլինի փետրվարի 26-ից, որտեղ շահագրգիռ բոլոր կողմերը, քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ քրեական գործերի նյութերին:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վկայություններն եւ ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով: Մասնավորապես՝ քրեական գործերի նյութերի համաձայն՝ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եղել են կազմակերպված Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացվել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ նախազգուշացնելով ազգաբնակչությանը չպատսպարել եւ չթաքցնել ազգությամբ հայ հարեւաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել:
Նկատի ունենալով, որ ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ եւ օգնությամբ, չեն հրապարակվում ականատեսների, մասնավորապես Սումգայիթի նախկին հայ բնակիչների հասցեները եւ նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով:
Գլխավոր դատախազության կայքէջում կարող եք ծանոթանալ քրեական գործի նյութերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել