HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Անարդար դատավճիռների պատճառով պետբյուջեից են վճարում»

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի համասեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պատկանող տունը, հողամասն ու խանութը օտարվել է հանուն «բացառիկ, գերակա հանրային շահի»` առանց համարժեք փոխհատուցման: Արդյունքում տարիներ անց Եվրոպական դատարանը եւս մեկ վճիռ կկայացնի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այսօր «Արմատ» ակումբում Հովհաննես Ղուկասյանն ու փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեցին գործի մանրամասները: Աբովյան 4 հասցեի «Միլանո» խանութը, նրա հարեւանությամբ գտնվող երկու շինությունները 2006 թվականին օտարվել են «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին: Վերջինս բանակցել է սեփականատես Ղուկասյանի հետ, միեւնույն ժամանակ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտադրել Ղուկասյանին պայմանագիր կնքել: «Դատարանն առանց ինձ ծանուցելու դատական նիստ է նշանակել եւ մեկ օրում, 25 րոպե տեւած դատական նիստի ժամանակ բավարարել է հայցադիմումը:25 րոպեում նույնիսկ հնարավոր չէ ծանոթանալ գործին, փաստորեն` ֆիկտիվ դատավարություն են արել»,- ասաց Հովհաննես Ղուկասյանը: «Միլանո» խանութի շենքում Հովհաննես Ղուկասյանը 2 հարկ օրինական սեփականություն է ունեցել` հաստատված փաստաթղթերով: «Սակայն դատարանը դիմել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որն էլ տեղեկանք է տալիս, թե 2-րդ հարկի վերաբերյալ իրենք տեղեկություններ չունեն: Դատարանն էլ որոշել է փոխհատուցել միայն մեկ հարկի համար` 200 մլն դրամ»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` փոխհատուցումը մոտավորապես 2 անգամ պակաս է մեկ հարկի իրական արժեքից: Ղուկասյանը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ դատարանում եւ մերժվել, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես բողոքը վարույթ չի ընդունել: Փաստաբանի կարծիքով` այդպիսով Վճռաբեկ դատարանը խուսափել է պատասխանատվությունից: «Այս գործը հայտնվելու է Եվրոպական դատարանում եւ մեծ հավանականությամբ վճիռ է լինելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում գործը, որպեսզի հետագայում այդ ապօրինի դատական ակտերի համար պատասխանատվությունը չընկնի իր վրա»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա ցավով նշեց, որ Հայաստանի Հանրեպատության պետական բյուջեն հերպական անգամ մեծ վնասներ է կրելու նրա համար, որ էլիտար շենք կառուցող ընկերությունը առանց մեծ գումարներ ծախսելու կարողանա խլել ուրիշի սեփականությունը: Փաստաբանը ներկայացրեց նաեւ մեկ այլ անօրինականություն. «Շինություններից մեկի վերաբերյալ դատական վճիռն արդեն մեկ տարի մտել է օրինական ուժի մեջ, եւ այժմ Ղուկասյանին պետք է փոխհատուցում տան, սակայն դատարանը չի ցանկանում իր դեպոզիտ հաշվի վրայից գումարը փոխանցել: Մենք դիմել ենք այստեղի դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որպեսզի պետական բյուջեից բռնագանձվի այդ գումարի վրա հաշվարկվող տոկոսները»,- ասաց Հայկ Ալումյանը: Հովհաննես Ղուկասյանն արդեն դատական ակտերի հարկադիր կատարողներից ծանուցում է ստացել, որ վերջիններս պետք է ի կատար ածեն դատարանի որոշումը` այսինքն Ղուկասյանին վտարեն իր հայրական տնից եւ քանդեն «Միլանո» խանութի շենքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter