HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելել է Տավուշի մարզի սողանքային վայրեր

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գ. Սարգսյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանի եւ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի հետ նախօրեին այցելել է Տավուշի մարզի սողանքային վայրեր: Փոխվարչապետն ու նախարարները եղել են Մ4 մայրուղու 114 կմ-ի հատվածում` Հովք համայնքի տարածքում, որտեղ սողանքը սպառնում է մայրուղու անվտանգությանը, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի երկու սողանքային հատվածներում, որոնցից մեկը մայրուղու հարակից տարածքում է եւ կարող է մայրուղու փլուզման պատճառ դառնալ: Դիտարկվել է նաեւ Հաղարծին համայնքի սողանքային գոտին: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության մամլո գրասենյակից, Տավուշի մարզպետարանում փոխվարչապետի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Մ4 մայրուղու վերոնշյալ հատվածի առումով Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ գեոդեզիական ուսումնասիրություն իրականացնել` հաշվի առնելով տեղանքի բարդությունները, ու նախկինում կատարված ուսումնասիրությունները եւ ներկայացնել առաջարկություն` ճանապարհի անցանելիությունը թեկուզ ժամանակավոր անխափան ապահովելու վերաբերյալ: Դիլիջան քաղաքում առկա սողանքային հատվածների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ եւս հանձնարարվել է Քաղաքաշինության նախարարությանը Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ ռիսկերի գնահատման ուսումնասիրություն իրականացնել ու հնարավոր կանխարգելիչ միջոցառումների ծրագիր ներկայացնել: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից առաջարկվել է այդ գործընթացում ներգրավել նաեւ GTZ կազմակերպությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության կողմից նմանատիպ ծրագրեր իրականացվում են: Հաղարծին համայնքում սողանքի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները վերաբնակեցվել են Իջեւան-Հրազդան երկաթգծի 67-րդ կմ-ի հատվածում, սակայն վեց ընտանիք դեռեւս բնակարանային ապահովվածության խնդիր ունի, որոնցից 4 ընտանիքի վերաբնակեցումն առավել հրատապ է: Խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ Քաղաքաշինության նախարարությունը մարզպետի եւ համայնքի ղեկավարի հետ կքննարկի ԲԳՎ-ների տրամադրման հարցը եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում առաջարկություն կներկայացնի կառավարությանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ Վազաշեն համայնքի սողանքային հոսքի վտանգները: Ներկայումս սողանքային հոսքերն առավել վտանգավոր են մի քանի բնակելի տների համար: Հաշվի առնելով մասնագետների նախնական կարծիքը` փոխվարչապետը հանձնարարել է Քաղաքաշինության նախարարությանը գեոդեզիական ուսումնասիրություն իրականացնել` ռիսկերի գնահատման համար եւ հրատապ վերաբնակեցման կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնել: Այցի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է նաեւ Տավուշի մարզպետարանի եւ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» միջեւ համատեղ հակակոռուպցիոն աշխատանքների իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի` խորհրդատվական աշխատանքներ է իրականացնելու «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը», որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter