ԱԺ պատգամավորների փոստային հասցեներն անվտանգ չեն
ՀՀ ԱԺ պատգամավորը, եթե որևէ այլ երկրում ցանկանա կարդալ ԱԺ էլեկտրոնային փոստարկղի իր նամակները, ապա նրա նամակները կարող են կարդալ նաև թուրքական, վրացական կամ որեւէ այլ երկրի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների լիդերների առանց փողկապի հանդիպման ժամանակ այս վտանգը ներկայացրեց «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության ներկայացուցիչ Հայկ Ասրիյանցն` անդրադառնալով էլեկտրոնային կառավարման անվտանգության խնդիրներին:
Նրա խոսքերով` դրա հավանականությունը մեծ է հատկապես այն երկրներում, որտեղից Հայաստանն ինտերնետ է ստանում կամ որի միջով անցնում է Հայաստան մտնող մալուխը:
Նույն վտանգը սպառնում է նաև պետական համակարգի այլ կառույցներին, ինչպես, ասենք, Կենտրոնական բանկին և այլն: «Երբ տվյալները փոխանակվում են ինտերնետով և դրանք կոդավորված չեն, սերվերի և օգտագործողի միջև շղթայով գտնվող ցանկացած այլ սերվեր կարող է մուտք ստանալ այդ տվյալներին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հայկ Ասրիյանցը:
Նրա մատուցմամբ` այսօր Հայաստանում կա էլեկտրոնային կառավարման մշակույթի բացակայություն, բայց բացն արդեն լրացվում է: Օրինակ` կոդավորման համակարգից օգտվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Կառավարությունը, մասնավոր բանկերը, «ՎիվաՍելը» և այլ հաստատություններ:
Կան նաև ներքին ռիսկեր, նույն կերպ կարելի է հենց Հայաստանից մուտք ստանալ տվյալ համակարգի տվյալներին, սակայն, ըստ մասնագետի, ռիսկայնություն ավելի բարձր է ինտերնետ ստանալու ճանապրհներին:
Իսկ եթե համակարգը կոդավորած է, ապա նման ռիսկերից կարելի է զերծ մնալ: Հայկական ձեռնարկություններին կոդավորման սերտիֆիկատ Հայկ Ասրիյանցի ներկայացրած ընկերությունն էլ է տրամադրում: Այս ծառայությունը ընկերությունը մատուցում է 2 տարվա համար 3095 ԱՄՆ դոլարով: Տվյալների կոդավորումը անվճար էլ կարելի է անել, եթե կա համապատասխան մասնագետ: Այստեղ մասնագետն ընդգծեց հաստատությունների` անվտանգության և կոդավորման մասին տեղեկացված չլինելու փաստը և համապատասխան փորձառու մասնագետների պակասը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել