HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջագիր ԵԽԽՎ-ին

ԵԽԽՎ Մշտական և Մոնիտորինգի հանձնաժողովների հարգելի անդամներ, Մեր երկիրը 2001 թվականին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ, 2002 թվականին միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիային: Այս ողջ ժամանակահատվածում ԵԽԽՎ-ն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ընդունել է բազմաթիվ բանաձևեր, սակայն դրանք մեր երկրում որևէ կերպ չեն բարելավվել և օժանդակել համաեվրոպական արժեք հանդիսացող մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Դեռ ավելին, այդ բանաձևերն ու ԵԽԽՎ կառույցները, այդ թվում` Մոնիտորինգի հանձնաժողովը, ըստ էության չեն նպաստել և չեն աջակցել Հայաստանի նորաստեղծ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու առհասարակ` ժողովրդավարության հաստատմանը: Ասվածի անուրանալի ապացույցներից են` 2008 թվականի ՀՀ նախագահական հերթական կեղծված ընտրությունները, մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործումը` խաղաղ ցուցարարների բողոքը ճնշելու համար, և դրա արդյունքում` 10 զոհերն ու բազմաթիվ վիրավորները, քաղաքական հայացքների համար հարյուրավոր այլախոհների ձերբակալումն ու մի քանի տասնյակին էլ` ազատազրկման դատապարտելը… 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո ԵԽԽՎ-ն ընդունեց 4 բանաձև, որոնցից թիվ 1609-ը, թերևս, առավել անաչառ էր արձանագրում ստեղծված իրավիճակը, և իշխանությունների համար պարտադիր կատարման քայլեր մատնանշում: Սակայն այս երկու տարիների ընթացքում ԵԽԽՎ-ն և նրա Մոնիտորինգի հանձնաժողովը փաստացի գործուն քայլեր չձեռնարկեցին` կյանքի կոչելու իրենց իսկ կողմից ընդունված 1609, ապա դրան հաջորդած մյուս երեք բանաձևերի դրույթները, ինչպես նաև` իրենց հեղինակությամբ և ազդեցության լծակների կիրառմամբ նպաստելու, որ համակողմանի բացահայտվեն ու պատժվեն մարտի 1-2-ի դեպքերի մեղավորները: Ցավալի է, բայց հանրահայտ փաստերը ԵԽԽՎ-ի կողմից անտեսվել են: Մենք զարմացած ու տարակուսած ենք ԵԽԽՎ-ի կողմից երկակի չափանիշների կիրառումից: Մենք` 2008 թվականի մարտի 1-2-ի զոհերի հարազատներս, վրդովված ու զայրացած ենք ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի դրսևորած վարքագծից: Մասնավորապես` մեզ համար անհասկանալի և անընդունելի է 2010թ. փետրվարի 2-ի նրանց այն հայտարարությունը, որը տեղադրված է ԵԽԽՎ կայք-էջում. օրինակ, ի±նչ է նշանակում` «ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ կյանքի կոչեն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունը` ռեֆորմներ իրականացնելու վերաբերյալ` միասնաբար ԵԽԽՎ բանաձևերի հետ…»: Կամ, ի±նչ է նշանակում` «Եթե դրանք բարեխիղճ իրականացվեն, ապա կարող են բազմակողմանի անդրադարձ կատարել հանգամանքներին, որոնք բերեցին 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին…»: Այս երկու տարվա մեջ ՀՀ դատաիրավական համակարգն ու իշխանություններն ի զորու չեղա±ն հայտնաբերելու մեր զավակներին սպանողներին, և հիմա էլ ինչ-որ ռեֆորմների իրականացմա±ն պետք է սպասենք… ԵԽԽՎ ղեկավարներն ու հատկապես պարոնայք Պրեսկոտն ու Կոլումբիեն քաջ գիտեն, որ ՀՀ իշխանությունները միտումնավոր չեն բացահայտում 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների մեղավորներին: Համազեկուցողներն իրենց կողմից կազմված փաստաթղթի (AS/Mon (2009) 38) կետ 41-ում նշում են, որ ստեղծվել է տպավորություն, թե` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ինքն իրեն ենթարկելով գրաքննության, ցանկացել է ամեն գնով խուսափել` շատ բաց վարկաբեկելու իշխանությունների պաշտոնական վարկածը, ինչն էլ ցավալի է և կասկածի տակ է դնում ողջ քննությունը: Այսինքն` պարոնայք Պրեսկոտն ու Կոլումբիեն իրենք իրենց հակասում են` հայտնելով, որ ժամանակավոր հանձնաժողովի քննությունն արդար չի եղել, ու մինչ օրս սպանությունները չեն բացահայտվել, բայց, միևնույն ժամանակ, ՀՀ ԱԺ մեկ այլ հանձնաժողովի միջոցով ռեֆորմների ժամանակացույց են պահանջում ՀՀ ԱԺ նախագահից և ակնկալում, որ դա կարող է դրական արդյունք ունենալ: Սկսած 1998 թվականից` ՀՀ-ն իրականացնում է դատաիրավական բարեփոխումներ: Մեր երկրի իրավական դաշտը հիմնականում համապատասխանում է Եվրախորհրդի չափանիշներին և, որպեսզի բացահայտվեն մարտի 1-2-ի հանցագործության մեղավորները, չկեղծվեն ընտրությունները, չսահմանափակվի խոսքի ազատությունն ու հալածանքներ չկիրառվեն քաղաքական այլախոհների նկատմամբ, անհրաժեշտ է, որ ԵԽԽՎ բարձր պաշտոնյանները ՀՀ իշխանությունների պարտավորությունների չկատարման վերաբերյալ հնչեցնեն անաչառ ու համարժեք գնահատականներ` ճիշտ ժամանակին կամ ողջամիտ ժամկետում: Մարտի 1-2-ի ոճրագործությունը ոչ թե թերի օրենսդրության կամ ռեֆորմների բացակայության պատճառով տեղի ունեցավ, այլ նաև ԵԽԽՎ-ի փաստացի անգործության և մեր երկրի ստանձնած պարտականությունների կատարման մասով օրվա իշխանությանը շարունակաբար շնորհած` «մի քայլ առաջ» գնահատականի հետևանքով: Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտականությունների վերաբերյալ վերջին քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի է ունեցել 2009 թվականի ամառային նստաշրջանում, որից հետո համազեկուցողների անգործության և անտարբերության պատճառով ՀՀ իշխանությունները հրապարակավ սկսեցին հայտարարել, թե մարտի 1-ի էջը փակված է… Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ մեր զավակների սպանությունները կոծկելուն միտված այդ հայտարարության աջակցողներից են նաև պարոնայք Պրեսկոտն ու Կոլումբիեն, ովքեր 2009 թվականի դեկտեմբերի 17-ին չեն մասնակցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, ինչի հետևանքով քննարկման առարկա չի դարձել իրենց կազմած փաստաթուղթը: Իսկ 2010 թվականի հունվարի 27-28-ին կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում տեղի ունեցած քննարկման և մտքերի փոխանակության արդյունքում ի հայտ եկավ փետրվարի 2-ի հայտարարությունը` ռեֆորմների ժամանակացույցի և քաղաքական բանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Իսկ ո±ւր մնացին ՀՀ իշխանություններին ուղղված պահանջները, այն է` ինչո±ւ չի կատարվում պատշաճ քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի հանցագործության մեղավորներին, ինչո±ւ առ այսօր չեն պատժվել խաղաղ ցուցարարներին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործմամբ ճնշելու և ցրելու «օպերացիայի» մեջ ներգրավողները: Սպանվածներից մեկը` Տիգրան Աբգարյանը, հանդիսանում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձ. ինչո±ւ համակողմանի չի պարզաբանվել և չի կատարվել անդրադարձ, թե ում հրամանով նա հայտնվեց Երևանի կենտրոնական փողոցներում, ո±վ կարգադրեց` շարքային զինծառայողին իր զորամասից տեղափոխել մայրաքաղաքի կենտրոն: Բազմաթիվ նկարահանումներ կան, թե ինչպես են ՀՀ զինված ուժերը և մարտի 1-ից առաջ, և արտակարգ դրություն հայտարարելուց հետո տեղակայվել Երևանի կենտրոնական փողոցներում, առկա է ՀՀ այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին, որում նաև նշված է, որ արտակարգ դրության իրականացնողներն ու սպասարկողները նաև ՀՀ պաշտպանության նախարարությունն է: «…Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել…». այս խոսքերը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն ասել է 2008թ. մարտի 1-ին, լրագրողների հետ կեսգիշերային հանդիպման ժամանակ… Ի±նչ է, ԵԽԽՎ-ին չե±ն հետաքրքրում այս փաստերը, որ նրա կողմից նշանակված համազեկուցողները չեն անդրադառնում դրանց… ԵԽԽՎ-ի գիտությամբ փակվեց Փաստահավաք խումբը, երբ վերջինս որոշ չափով լույս էր սփռել մարտի 1-2-ի սպանությունների և իրադարձությունների իրական հանգամանքների վերաբերյալ: ԵԽԽՎ-ի գիտությամբ Մոնիտորինգի հանձնաժողովում որպես ընդդիմության ներկայացուցիչ ընդգրկվեց ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որի կուսակցությունը, հանդիսանալով իշխանության մաս, փաստացի մեղսակից է և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների, և մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելու համար: Դաշնակցությունը վերջին շուրջ 10 տարում եղել է իշխանության մեջ և սատարել նախկին նախագահ Ռ. Քոչարյանին: Այդ կուսակցությունը վերջերս է միայն իրեն հռչակել ընդդիմություն` պաշտոնապես հայտարարելով, որ դուրս է գալիս իշխանությունից` այն պատճառաբանությամբ, թե տարաձայնություն ունի արտաքին քաղաքականության հարցերում: Տեղյակ լինելով, որ Փարիզում 2010 թվականի մարտի 12-ին Մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի է ունենալու քննարկում` համազեկուցողների լիազորությունների ժամկետի վերաբերյալ, առաջարկում ենք պարտադիր քննարկման առարկա դարձնել նաև սույն նամակ-բողոքում նշված հարցադրումները: Ամեն դեպքում` մենք չենք ցանկանում կորցնել հավատն առ այն, որ ԵԽԽՎ-ն իր գործողություններում ու գնահատականներում իրապես պետք է հանդիսանա դեմոկրատական Եվրոպայի խիղճը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հարգելի անդամներ, Հաշվի առնելով ողջ վերոգրյալն ու ցանկանալով առավել հանգամանալից ներկայացնել մեր պահանջներն ու նկատառումները 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի վերաբերյալ` մենք ակնկալում ենք հանդիպում-պարզաբանում ունենալ ՀՀ հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի հետ, երբ նրանք այցելեն Հայաստան: Մենք համոզված ենք, որ այդ հանդիպումն անհրաժեշտ է ու պնդում ենք, որ անպայման տեղի ունենա, և գոնե այդ հարցում Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներդ, ենթադրում ենք, նույնպես պետք է շահագրգռված լինեք: Հարգանքներով` 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած հանցագործության զոհերի հարազատներ Գոռ Քլոյանի հայր` Սարգիս Քլոյան, Վաչագան Ֆարմանյան` Արմեն Ֆարմանյանի հայր, Ալլա Հովհաննիսյան` Տիգրան Խաչատրյանի մայր, Էդիկ Հարությունյան` Սամվել Հարությունյանի հայր, Ջեմմա Վարդումյան` Դավիթ Պետրոսյանի մայր, Ռուզաննա Հարությունյան` Տիգրան Աբգարյանի մայր, Լիլիա Մինասյան` Հովհաննես Հովհաննիսյանի կինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter