HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կարտոֆիլը չի իրացվում, իսկ բանկը իր փողերն է ուզում

Գեւորգ Չարխիֆալակյանը ազատանցի 425 վարկառուներից մեկն է եւ մեկն այն երեքից, ով հայտնվել է վտանգավոր գոտում. նրան սպառնում է վարկային գումարի գանձումը դատական կարգով: 2008 թ. կարտոֆիլի մշակումն ընդլայնելու նպատակով Գեւորգ Չարխիֆալակյանը վարկավորման նպատակով դիմել էր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին»:

«Որ ճիշտն ասեմ` ուզում էի 10 հազար դոլար վերցնել, իրանք սկզբում 7 հազար խոստացան, հետո 5000 դոլար տվեցին,- պատմում է ազատանցի վարկառուն,- վերցրել եմ տարի ու կես ժամանակով, տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով: Երբ որ վերցրեցի, դոլարի կուրսը 305 էր, մի շաբաթ հետո դարձավ 308: Ես էն ժամանակ ասի, թե ինձ դրամով տվեք, ինչի՞ դոլար կուտաք: Բանկի աշխատողն էլ թե` եթե շատ կուզես, դրամ կտանք, բայց մեկ է` դոլարի կուրսով ենք հաշվելու»: Գեւորգի կարծիքով` սեփական երկրում արտարժույթով վարկավորվելն ուղիղ խփում է վարկառուի գրպանին: Բանկի աշխատակիցը բացատրել է, որ դոլարով վարկավորելիս, կապված կուրսի տատանումների հետ, վարկավորողը ոչինչ չի կորցնում, եւ նման գործելակերպը բանկը ապահովագրում է ցնցումներից:

 

«Կնշանակե` տուժողը մենք ենք լինելու ու էսօրվա դրությամբ ապացուցվավ, որ, իրոք, տուժողը վարկառուն է, ոչ թե վարկ տվողը,- ստեղծված իրավիճակն է վերլուծում Գեւորգ Չարխիֆալակյանը,- տարի ու կես առաջ որ վարկ կվերցնեի, մեկ դոլարը 305 դրամ էր, հիմի դարձել է 380, ու քանի որ ես իրանց դոլարով կփակվիմ, պատկերացրեք ինչքան կտուժվիմ: Ընդհանուր գումարի հաշվարկով` տոկոսի մարման մեջ 400 հազար դրամ ավել փող կուտամ»: 2009 թ. մայիսին ազատանցի կարտոֆիլագործը 1897 դոլարի չափով մասնակի մարում է կատարել մայր գումարից` բանկին պարտք մնալով 3782 ԱՄՆ դոլար: Վարկի մարման վերջնաժամկետը 2010 թ. ապրիլն է, եւ հիմա այդ գումարը տույժ ու տուգանքներով դարձել է 4097 ԱՄՆ դոլար: «2009 թ. նոյեմբերին պիտի տոկոս մուծեի բանկին` 310 դոլար, բայց փող չկար, կարտոշկեն չէի իրացրել, չկրցա փողը տալ,- պատմում է Գ. Չարխիֆալակյանը,- երկու ամիս բանկի աշխատողները գնացին-եկան, վերջը դատի տվեցին»: 2008 թ. ստացած բերքը Գեւորգը հնարավորություն է ունեցել իրացնելու միայն 2009 թ. մայիսին:

«Վրացիք եկան տարան, լավ էր, հետո սահմանը փակեցին, մենք էսպես մնացինք,- տեղեկացնում է Գեւորգի կինը` Սահականույշը,- քնից զարթնողը կարտոֆիլ դրեց: Թե` մարզպետ Նանյան կամ «ԳԱԻ»-ի պետ, քու ի՞նչ բանն է կարտոշկեն, որ կարտոշկա կցանես: Երեւանից հետ եկել-հասել Ազատան, կարտոշկա կմշակեն: Հետո կարտոշկա տանողն էլ տարբերություն կդնե, թե ումը տանի: Գյուղ մտնոը նախ ֆերմեր Սիլվայի կարտոֆիլը կտանե, կըսեն` ախպերը պաշտոնյա է, հետո նոր հերթը կհասնի սովորական գյուղացուն: Ես կմտածեմ, որ էդ մեծամեծները, եթե խիղճ ունին, չպիտի գյուղացու եկամուտին քար գցեն»:

Չարխիֆալակյանները 2008 թ. բերքն իրացրել են կգ-ը 30 դրամով, գնել են վրացիները, իսկ անցած տարվա 2,5 հա-ից ստացած 65 տոննա բերքն ամբողջությամբ տեղում է եւ իրացնելու հույս էլ չունեն:

«Տանս կողքը 10 մետրանոց պադվալ ունեմ, սաղ կարտոշկա է, իսկ մեր գյուղատնտեսության նախարարը տելեվիզորով կհայտարարե, թե Հայաստան կարտոշկա չկա: Թող գա Ազատան, տեսնի, թե ինչքան կարտոշկա կա, առնող չկա: Հո ասելով չէ, գյուղացին էսօր իրա բերքը ստիպված կթափե, դե որ թափե, պարզ է, որ Հայաստան իրացման կարտոշկա չի էղնի: Բայց ո՞վ է ըստեղ մեղավորը` գյուղացի՞ն, որ կարտադրե, թե՞ Կառավարությունը, որ ձեռք չի բռնե, բանկն էլ մյուս կողմից իրա տոկոսներով ու «ժոստկի» պայմաններով հոգի կհանե»,- դժգոհում է Գեւորգը:

5000 դոլար վարկի դիմաց Գեւորգը գրավադրել է գյուղտեխնիկան, բեռնատար մեքենան, 4 կթու կով: Բանկը տրակտորը գնահատել է 1 մլն 600 հազար դրամ, «Գազ-53» բեռնատար մեքենան` 1 մլն 500 հազար դրամ, իսկ 4 կովը` 400 հազար դրամ:

«Փաստորեն, բանկը 1,5 մլն դրամ վարկ տալու համար 3.5 մլն դրամի գրավ է վերցրել ընձնից: Հմի էլ որ դատի է տվել, դրանք հո իրա գնին չի վաճառելու: Կծախի, ինչքանի որ կծախվի, չհերիքեց` գալու է տանս գույքը տանի»,-մտահոգվում է Գեւորգը: Մի քանի օր առաջ ԴԱՀԿ ծառայությունից եկել տունն են նայել, տանն առկա արժեքավոր գույքն են գրանցել, գրավի տակ գտնվող անասունի ու գույքի առկայությունն են ստուգել եւ գնացել:

«2000 դոլարի ոսկեղեն էլ ուրիշ բանկ եմ դրել, տոկոսով փող եմ վերցրել,- ասում է Սահականույշը,- հարկադիրի մարդիկ էդ էլ գրանցեցին իրանց մոտ: Մոլորվել մնացել ենք, կսպասենք դատի օրվան, հեչ չիդենք, թե ինչ կորոշեն: Լրիվ կսննկանանք, կմնա, որ տունը ծախենք, երկրից էրթանք»:

«Ես որ վարկ կվերցնեի, ինձի զգուշացրին, թե հանկարծ փողն անտեղի չծախսես, անպայման կարտոֆիլի արտադրության մեջ կդնես: Մինչեւ վերջի լուման էդ գործի վրա եմ ծախսել: 500 դրամով սերմացու եմ առել, մեկ պարկը 8,500 դրամով 130 պարկ պարարտանյութ եմ առել, 1 հա հողին 120 հազար դրամ վարձակալության փող եմ տվել, էլ չթվարկեմ ընթացիկ ծախսերս: Ցանել եմ, տանջվել եմ, բերքը հավաքել եմ, մեկ հա-ի վրա ցանածն էլ կարկուտը տարավ, փոխհատուցում չեղավ, հիմի հավաքածս չեմ կարողացել իրացնել, բայց արի ու տես, որ բանկը չի ուզե բերքս վերցնե պարտքի դիմաց: Կուզե ավտոս ու տրակտորս տանի, բայց ըդոնք ես իմ հալալ քրտինքովս եմ առել, հո բանկի փողերով չեմ առել»,- ավելացնում է Գեւորգ Չարխիֆալակյանը:

«Էս 10 օր է քուն ու դադար չունինք, երկու օր է Գեւորգը գյուղամեջ էլ չի էրթա, բերանը չի բացվի, որ մարդկանց հետ խոսա, մե գլուխ էս պարտքի ու դատի մասին կմտածե,- ասում է Սահականույշը,- հոգեկաններս լրիվ խանգարվել է: Հըլը տեսնինք, թե ինչ պիտի գա գլխներիս»:

Փետրվարի 17-ին ««Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն ընդդեմ Ազատան գյուղի բնակիչ Գեւորգ Չարխիֆալակյանի վարկային գումարի եւ տոկոսների բռնագանձման վերաբերյալ» գործի լսումը սկսվելուց 5 րոպե անց բանկի ներկայացուցիչը միջնորդեց նիստը նախագահող դատավորին դատը վարել դռնփակ: Քանի որ պատասխանող կողմն այդպես էլ չհասկացավ ոչ հայցվորի պահանջը, ոչ էլ դատավոր Սուրեն Մնացյանի ձեւակերպած հարցը, պարզապես ուսերը թոթվեց` ասելով, թե ինքը մենակ ժամանակ է խնդրում դատարանից` պարտքը փակելու, ուրիշ բան չի ուզում: Չստանալով հստակ պատասխան տված հարցի վերաբերյալ` դատավոր Մնացյանը որոշեց բավարարել հայցվորի միջնորդությունը` հիմքը ընդունելով բանկային գաղտնիք պարունակող ինֆորմացիայի տարածման սահմանափակումը դահլիճում ներկա գտնվողների համար: Պարզ էր, որ բանկային գաղտնիք կոչվածը վերաբերում էր դահլիճում ներկա միակ լրագրողին: Սակայն, որպեսզի հավատարիմ մնան օրենքի տառին, դատավորը Ազատան գյուղի մյուս պարտքատերերին եւս առաջարկեց դահլիճը լքել: 5 րոպե անց լքելով դահլիճը եւ հայտնվելով լրագրողի գործունեության համար չսահմանափակվող տարածքում` Գեւորգ Չարխիֆալակյանն ասաց, որ իրեն 45 օր ժամանակ են տվել ամբողջ պարտքը տոկոսներով փակելու:

«Բայց մե բանմ էլ ըսին, որ եթե կրնանամ մինչեւ մարտի 1-ը 3725 ԱՄՆ դոլարը մուծեմ, էլ տոկոս չեմ մուծի, եթե չէ` ուրեմն մարտի 1-ին դատավորը վճիռ կհրապարակի, որով ժամանակը կերկարացնեն մինչեւ ապրիլի 1-ը, բայց էս դեպքում տոկոսներն էլ կգանձեն, այսինքն` էդ ժամանակ պիտի 4092 դոլար փակվիմ»,- մտահոգ հայտնեց Գեւորգ Չարխիֆալակյանը: Իմ այն հարցին, թե 10 օրում կարողանալու՞ է 40 տոննա կարտոֆիլը իրացնել, որպեսզի պարտքը վճարի, Գեւորգը ժպտաց. «Ոտդ խերով էր, քուր ջան, քեզնից հետո պարսիկ գնորդներ եկան մեր տուն: Ընպես որ, էս մի քանի օրվա մեջ ահագին բան պիտի որ ծախեմ: Տնաշեն, չէիր կրնա՞ քիչմ շուտ գայիր հարցազրույցի»,-կատակով կշտամբեց ազատանցի կարտոֆիլագործը: Հ

րաժեշտից առաջ Գեւորգը խնդրեց այլեւս չհետաքրքրվել իր գործով. «Շնորհակալ եմ ինչ-որ էրիք, մնացածը մենք բանկի հետ լեզու կգտնինք, կարեւորն էն է, որ ժամանակ տվին, ես ըդոր հույսն էլ չունեի,- ասաց վարկառուն ու երդվեց,- Աստված տա էս պարտքից պրծնիմ, որ մեռնիմ էլ` բանկից փող չեմ վերցնելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter