«Քամուց քշվածները»
Տավուշի մարզի Կողբ գյուղի 63-ամյա բնակիչ Միշա Եգանյանն իր վարած «ԿՐԱԶ» բեռնատարով ակտիվորեն մասնակցել է է ադբեջանական Բաղանիս-Այրում գյուղի կրակակետերը լռեցնելու գործողությանը: Բաղանիս-Այրումը սեպի նման խրվել էր հայկական տարածքում, գտնվում էր Նոյեմբերյան-Իջեւան մայրուղու վրա, այդ տարածքից հայեր էին գերեվարվել, անհետ կորել:
Այդ գործողության ժամանակ, 1990 թ. օգոստոսի 18-ին, Միշան ծանր վիրավորվեց, աջ ձեռքը ուսից անդամահատվեց, նա դարձավ երկրորդ կարգի հաշմանդամ: 3 տարի առաջ, որպես հաշմանդամ ազատամարտիկ, տուն կառուցելու համար պաշտպանության նախարարությունից 3 մլն դրամ է ստացել: Այդ գումարով նա հայրենի գյուղում, Կողբի բարձադիր վայրում տուն է կառուցել: Այդ ժամանակ դրա կողքին մի առանձնատուն էր վաճառվում, սակայն 3 մլն-ը բավարար չէր գնելու համար: 3 մլն դրամը հազիվ հերիքել է միահարկ տան պատերը եւ տանիքը կառուցելու համար: Առանձնատունը ներկայիս վիճակով չի կարող բնակեցվել, իսկ ներքին կառուցապատման համար Եգանյանների ընտանիքը միջոցներ չունի: 2009 թ. հուլիսին Միշա Եգանյանը նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ նշել է. «Ներկայումս հայտնվել եմ անմխիթար վիճակում: Ապրում եմ խարխուլ վագոն-տնակում: Ունեմ բազմանդամ ընտանիք ( 7 հոգուց բաղկացած` 4 տղա, 2 հարս, թոռ): Տանն աշխատող չունենք, ես ու կինս երկրորդ կարգի հաշմանդամ ենք: Խնդրում ենք Ձեր աջակցությունը` ավարտին հասցնելու բնակարանի շինարարությունը: Խնդրում եմ դիմումս անպատասխան չթողնել, պատասխանը լինի դրական կամ բացասական»: Այս դիմումին ի պատասխան` 2009 թ. օգոստոսի 6-ին ստացվել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Ս. Ա. Հարությունյանի պատասխանը, ուր մասնավորապես ասվում է. «Բնակարանի վերանորոգման նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ համաձայն Կառավարության 09.06.2005թ. 947-Ն որոշման` ներկայումս ՀՀ ՊՆ բնակհանձնաժողովը զբաղվում է բնակարան չունեցող (անօթեւան) եւ բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրով: Ինչ վերաբերում է բնակարանային վերանորոգման գումար տրամադրելու խնդրին, տեղեկացնում եմ, որ ՀՀ Կառավարության 947-Ն որոշմամբ վերանորոգման գումարների տրամադրում չի նախատեսվում, հետեւաբար Ձեր խնդրին ընթացք տալ չենք կարող»: Փաստորեն, գնդապետ Հարությունյանը ակամա կամ միտումավոր խառնել է «կառուցել» եւ «վերանորոգել» բառերի իմաստը: Ի՞նչ վերանորոգման մասին է խոսքը, երբ տունը կիսակառույց է, միայն պատերն ու տանիքն էին կանգուն: Գրեցի «էին», որովհետեւ արդեն կանգուն չէ, «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Փետրվարի 22-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում ուժգին քամին պոկել է տան տանիքը եւ մոտ 20 մետր օդում տանելով` նետել ճանապարհից այն կողմ, հարեւանի տան առաջ: Այդ օրը ժամը 15-22-ը ուժեղ քամի է եղել, ժամը 20-ի դրությամբ դադարեցված էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բարեբախտաբար, օդում սավառնող տանիքը ոչ մեկին չի վնասել: Պատահարից հետո տեղում եղել է Կողբի համայնքապետարանի աշխատակից Կարապետ Աղաբաբյանը, ով ակտ է կազմել այն մասին, որ ուժեղ քամին «տեղից պոկել եւ 20 մետր հեռավորության վրա շրջել է Կողբի բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ Միշա Վերանի Եգանյանի 12x 15 մ մակերեսով թիթեղյա տանիքն ամբողջությամբ` ներառյալ փայտե մասը»: Եղա պատահարի վայրում: Մտա Եգանյանների կիսակառույց տուն, այն որպես պահեստ է ծառայում. այնտեղ տան կարտոֆիլն ու շինանյութն է դրված: Շենքը բնակելի դարձնելու համար դեռ շատ գործ պիտի կատարվի: Դրանից մոտ 20 մ հեռավորությամբ Եգանյան ընտանիքի 9մ երկարությամբ վագոն-տնակն է դրված, ուր ընտանիքը մշտապես բնակվում է: Այն բաժանված է երկու փոքր սենյակի, որոնք տարանջատված են փոքրիկ միջանցքով: Միջանցքում փայտի վառարան է տեղադրված: Վագոնում պառկած էր Միշայի կինը` 59-ամյա Հրանուշ Պետրոսյանը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, երկու անգամ սրտի կաթված է ստացել: Չորս տղաներից ավագը` 30-ամյա Արան, աշխատանք չունի, իր ընտանիքով Կողբում վարձով է բնակվում: 1971 թ. ծնված Անդրանիկ Եգանյանը նույնպես հիմնական աշխատանք չունի: Նա կնոջ եւ երեխայի հետ, նույնպես վարձավճարով, ապրում է գյուղի տներից մեկում: 1976 թ. ծնված Ավետիքը վերջերս` մի ամիս առաջ է ամուսնացել` Վանաձորից վագոն-տնակ հարս բերելով 20-ամյա Վանուհի Բուլղադարյանին: Նորաստեղծ ընտանիքը զբաղեցնում է վագոն-տնակի երկու սենյակներից մեկը: Նույն վագոն-տնակում է ապրում նաեւ Միշայի կրտսեր որդին` 1984 թ. ծնված Վահան Եգանյանը, ով արդեն 6 ամիս պայմանագրային ծառայող է, հսկում է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանը: Ահա այսպես, անմարդկային պայմաններում 9 մետրանոց վագոնում 5 հոգի է բնակվում: «Նոր էինք Ավետիքին ամուսնացրել, ուրախացել, քամին մեզ տխրեցրեց»,- ասում են Եգանյան ընտանիքի անդամները:Ո՞վ կաջակցի տարերքից տուժած հաշմանդամ ազատամարտիկի ընտանիքին, պաշտպանության նախարարությունը գումար կհատկացնի՞ նրանց կիսակառույց առանձնատան շինարարությունն ավարտելու համար: Հարցեր, որոնց պատասխանները գիտեն միայն համապատասխան պաշտոնատարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել