HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ավագանին ընդդեմ քաղաքապետի

Փետրվարի 22-ին Սեւանումի վարչական դատարանում շարունակվեց Իջեւանի ավագանու նախկին անդամներ Վարդան Ղալումյանի, Վարդան Օրդինյանի եւ Էդգար Ասլանյանի հայցով դատաքննությունը: Նրանք պահանջում են չեղյալ համարել ավագանու նիստերից բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները:

Հիշեցնենք, որ 2009 թ. նոյեմբերի 11-ին Իջեւանի ավագանու նիստում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը փորձում էր հրապարակել, սակայն քաղաքապետի աշխատասենյակում բարձրացած աղմուկի պատճառով այդպես էլ չէր կարողացել կարդալ ավագանու վերոհիշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու մասին իր կազմած արձանագրությունները: Մինչ այդ` 2009 թ. հոկտեմբերի 5-ին, ավագանու 8 անդամները, այդ թվում` Վարդան Ղալումյանը, Վարդան Օրդինյանը եւ Էդգար Ասլանյանը, ավագանու նիստ գումարելով, պահանջել էին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հրաժարականը: Ավագանու անդամի իրենց լիազորությունները վերականգնելու հայցով ավագանու 3 անդամների հայցադիմումի քննարկումը սկսվել էր փետրվարի 3-ին եւ հետաձգվել: Դատարանում Վարդան Ղալումյանի, Վարդան Օրդինյանի եւ Էդգար Ասլանյանի շահերը պաշտպանում էր փաստաբան Նաիրա Խաչատրյանը, քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի շահերը` փաստաբան Արսեն Մեսրոպյանը: Վերջինս հայտարարում էր, որ Իջեւանի ավագանու նիստերի հրավիրման մասին քաղաքապետարանը տեղեկացրել է քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տեղեկատվական տախտակներին փակցված ծանուցումների եւ տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության հեռարձակած հայտարարությունների միջոցով: Փաստաբան Մեսրոպյանը դատարանին էր ներկայացրել նաեւ Իջեւանի մի շարք քաղաքացիների գրավոր վկայությունները` ստորագրված քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյանի կողմից, որոնցով այդ քաղաքացիները վկայում էին, թե քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված տեղեկատվական տախտակներին այդ ծանուցումները փակցված են եղել: Փաստաբան Նաիրա Խաչատրյանն էլ ներկայացրել էր Իջեւանի մի շարք կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքներ, որ նման ծանուցումներ փակցված չեն եղել: Փաստաբան Խաչատրյանը նաեւ միջնորդագիր էր ներկայացրել` որպես վկա հրավիրել տողերիս հեղինակին` Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի գլխավոր խմբագրին, «Հետքի» Տավուշի մարզի թղթակցին: 2009 թ. մարտին «Տեսանկյուն» թերթում եւ «Հետքում» տպագրվել էր հոդված Իջեւան քաղաքում եղեռնի հուշարձանի կողքին կառուցվող «օբյեկտի» վերաբերյալ: «Հետքում» եւ «Տեսանկյունում» տպագրված հոդվածներում ասվում է, որ Իջեւանում տեղեկատվական տախտակներին տեղեկատվություն փակցված չէ: «Տեսանկյուն» թերթում հրապարակված էր նաեւ Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող տեղեկատվական դատարկ տախտակի լուսանկարը, որի վրա միայն քաղաքապետի կողմից քաղաքացիների ընդունելության օրվա մասին ծանուցումն էր: Փետրվարի 22-ի դատական նիստին ներկա էին Իջեւանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի մի քանի աշխատող եւ «Իջեւան ստուդիայի» օպերատորը, որն այստեղ միայն ներկա էր, նկարահանում չէր կատարում: Դատական նիստի կարեւոր հարցերից մեկը վերաբերում էր այդ հեռուստաընկերության տնօրեն Արսեն Թանանյանի կողմից տրված տեղեկանքներին: Փաստաբան Նաիրա Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել Պետռեգիստրից տրված տեղեկանքն այն մասին, որ Պետռեգիստրում տեղական հեռուստաընկերության տնօրեն է գրանցված ուրիշ անձ, եւ որ Արսեն Թանանյանը «Իջեւան ստուդիայի» տնօրեն է նշանակվել 2010 թ. փետրվարի 12-ին: Փաստաբան Խաչատրյանը պնդեց, որ Արսեն Թանանյանի տված տեղեկանքները իրավական ուժ չունեն, քանզի այն ժամանակ նա տնօրեն չի եղել: Նաիրա Խաչատրյանը միջնորդեց հաջորդ նիստին որպես վկա դատակոչել Արսեն Թանանյանին, սակայն դատավորը մերժեց այդ միջնորդությունը` համարելով, որ դրա հարկը չկա, դատարանը այդ տեղեկանքներին համապատասխան գնահատական կտա: Դատի ժամանակ առանցքային հարցերից մեկն էլ վերաբերում էր Իջեւանի ավագանու կանոնակարգին: Փաստաբան Արսեն Մեսրոպյանը ներկայացրել էր կանոնակարգ, որը 2009 թ. դեկտեմբերին է ընդունվել: Իջեւանի ավագանին 2009 թ. փետրվարին է հաստատել ավագանու կանոնակարգը: Սակայն փաստաբան Մեսրոպյանը պնդում էր, թե այդ կանոնակարգի նախագիծը չի հաստատվել արդարադատության նախարարության կողմից եւ չի կարող իրավական ակտ ճանաչվել: Դատավոր Հովհաննես Թորոսյանը, ով երկար տարիներ արդարադատության նախարարությունում է աշխատել, հայտարարեց, որ 2009 թ. սեպտեմբերի 30-ին «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է Իջեւանի ավագանու կանոնակարգը: Հաջորդ դատական նիստին այդ տեղեկագիրը կներկայացվի: Դատի ժամանակ տարբեր թվեր հնչեցին Իջեւան քաղաքի մշտական բնակչության թվի վերաբերյալ: Փաստաբան Մեսրոպյանը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, Իջեւանի բնակչության թիվը ներկայացրեց 15600, իսկ փաստաբան Խաչատրյանը վիճբաժնից ներկայացրած տեղեկանքով փաստեց, որ 2010 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Իջեւան քաղաքի բնակչությունը եղել է 20500: Մեսրոպյանի կողմից բնակչության թվի «նվազեցումը» հավանաբար նպատակ ուներ ապացուցելու, որ Իջեւանում տեղեկատվական տախտակների քանակը համապատասխանում է օրենքի պահանջներին: Հետաքրքիր է` Կառավարությունում գիտե՞ն, որ Իջեւանի քաղաքապետի շահերի ներկայացուցչի վկայությամբ Իջեւանի բնակչությունը 15 հազար է, արդյոք Իջեւան քաղաքի 2010 թ. բյուջեի պետական լրավճարը հաշվարկելիս 15 հազա՞րն է վերցրել որպես քաղաքի բնակչության թիվ: Փաստաբան Խաչատրյանը Իջեւանի քաղաքապետի շահերի ներկայացուցչից պահանջեց հաջորդ դատական նիստին ներկայացնել ավագանու այն որոշումները, որ դեռ դատարան չեն ներկայացվել եւ որոշումների արձանագրությունները: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 1-ին: Իսկ հաջորդ օրը` փետրվարի 23-ին, նույն դատարանում ավարտվել է Իջեւանի ավագանու անդամների հայցով մեկ այլ դատավարություն: Դատարանը վճռել է բավարարել ավագանու անդամների հայցը, որով քաղաքապետարանը ավագանուն պիտի տրամադրի վերջին 5 տարում ավագանու կայացրած որոշումների արձանագրությունները: Այս վճիռը կարող է բողոքարկվել մեկ ամսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter