HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի գյուղատնտեսական նշանակության հողերի 90%-ը չի մշակվում

Լոռու մարզի Օձուն գյուղի տարբեր թաղամասերում օրվա բոլոր ժամերին կարելի է հանդիպել թղթախաղով զբաղված, աշխատունակ տղամարդկանց: Նրանցից շատերը ծեգը ծեգին արդեն գինովցած են լինում: Թղթախաղով զբաղվածներից մեկը, ով ներկայացավ «Ցենտր» անունով, համագյուղացիների ապրելակերպի մասին հավաքվածներին ուղղված հարցին բոլորի անունից պատասխանեց. «Դիփ նորմալ ա: Յոլա ենք տանում, էլի»:

Ցենտրը, խաղընկերներից առաջ ընկնելով, գովեց նաեւ գյուղապետին. «Դիփ լավ ա: Նորմալ տղա ա»: Մյուսները խուսափեցին Օձունի ցավերի մասին խոսելուց: Փողոցներում հանդիպած օձունցիներն անիմաստ էին համարում գյուղի վիճակի մասին մեկնաբանություններ անելը, քանի որ նրանց կարծիքով` Օձունը ոտքի կանգնող գյուղ չէ: Մեզ հանդիպած երիտասարդ օձունցիները պատասխանում էին, թե վաղուց գյուղում չեն եղել, մի քանի օրով են գյուղ եկել, տեղյակ չեն գյուղի հոգսերից եւ շուտով պետք է նորից մեկնեն արտագնա աշխատանքի: Օձունցի տիկին Ալիսան նեղսրտած դժգոհեց. «Է~, հա գյուղում ի~նչ վիճակ կա, որ ի~նչ խոսամ»: Լուսիկ Խեչումյանի կարծիքով էլ` «կյանքը խառնվել ա իրար, ինչ ասեմ: Գյուղապետից որ բողոքեմ, ամոթ ա: Չարչարվում ա, ինչ խնդրում ենք, անում ա. լույսը քաշել ա, աղբահանությունն էլ անում ա: Լսել եմ` վերջերս գյուղում գողությունները շատացել են: Ազիզ ջան, հողը չենք կարում մշակենք, միջոց չունենք, ոչ մեկս չենք աշխատում: Ամուսինս 63 տարեկան է, անունը Վահրամ է: Աշխատանքային գրքույկում Վահրամը Վաղինակ գրելու փոխարեն մենք 100 հազար դրամից ընկանք»: 5500 բնակիչ ունեցող Օձունի տնտեսական անմխիթար վիճակը առավել հանգամանալից ներկայացրեց համայնքապետ Արսեն Տիտանյանը. «Գյուղը խորհրդային տարիներին եղել է արդյունաբերական: Այստեղ` պահածոների գործարանում, հացի ու պանրի գործարաններում, Ալավերդու կարի ֆաբրիկայի մասնաճյուղում, գյուղքիմիայի, գյուղտեխնիկայի հիմնարկություններում, հրշեջ խմբում, գյուղատնտեսական տեխնիկումում, երկու մանկապարտեզներում, երկու միջնակարգ ու գիշերօթիկ դպրոցներում աշխատել է գյուղի հիմնական աշխատուժը: Անցյալում Օձունը եղել է հզոր սովխոզ, որտեղ մի թիզ վարելահող անգամ անմշակ չի մնացել: Հիմա համայնքապետարանի հաշվեկշռում նստած շենքերի քանակը զրոյացված է, աշխատատեղ ապահովող այդ հիմնարկների շենքերն էլ չկան: Հարեւան գյուղերում մի հատ անասնագոմի ձեռք չեն տվել, չորանոցները պահպանվում են, Օձունում ամեն ինչ ավերված է: Օձունում մի հատ կանգնած շենք չես կարող գտնել: Օձունի քոլեջն ու գիշերօթիկն իրենց շենքերով անհետացան: Գյուղի 123 միավոր գյուղտեխնիկայից ներկայումս համայնքապետարանի տրամադրության տակ մնացել են մի բեռնատար ավտոմեքենայի անձնագիր, մի անսարք տրակտոր, մի կոմբայն: Գյուղի 1300 հա վարելահողերից էլ 130 հա-ի վրա է ցանքս արվում: Վերջին 10-12 տարիներին գյուղի կոռումպացված կառավարման արդյունքում Օձունի բնակչության 80%-ը հայտնվել է սոցիալական աղետալի վիճակում: Օձունում 130 նպաստառու ընտանիք կա: Վերջին 10-12 տարիներին գյուղում բնակարաններ չեն կառուցվում»: Համայնքի բյուջետային հիմնարկներում 65-70 աշխատող կա: Գյուղում 20 խանութ կա ու մի փոքր հացի փուռ: «Մեր հաշվարկներով` յուրաքանչյուր տարի Օձունից 800-ից ավելի երիտասարդ եւ աշխատունակ մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի»,- ասում է համայնքապետը: Ստեղծված իրավիճակում համայնքը բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման գործում լուրջ դժվարությունների առաջ է կանգնած: «Շուրջ մեկ տարի առաջ, երբ ընդունել եմ Օձունի համայնքապետի պաշտոնը, համայնքի բյուջեին հողի հարկի եւ գույքահարկի ապառքները եղել են 200 մլն դրամ, որը խոսում է հարկատու գյուղացիների ողորմելի վճարունակության մասին: Օձունում գյուղացիներ կան, ովքեր 20 տարի հողի հարկ չեն տվել: Գյուղում շատերն են հողը ուզում ետ վերադարձնել: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն 200-300 հազար դրամ հողի հարկային պարտքեր»,- ասաց համայնքապետը: Համայնքի բյուջեի 2009 թ. եկամուտները պլանանավորվել են 120 մլն դրամ, որի փաստացի մուտքերը կազմել են 94,8 մլն դրամ: Դրանից 54 մլն դրամը կազմում է դոտացիան, 40,8 մլն դրամը` սեփական հարկային եկամուտները: Գյուղատնտեսական նշանակության հողերի պլանավորված 31,3 մլն դրամ եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 17,6 մլն դրամ: Հողի պլանավորած եկամուտների ցածր հավաքագրումը համայնքապետը բացատրեց այն փաստով, որ Օձունի գյուղատնտեսական նշանակության հողերի 90%-ը չի մշակվում: «Դե, եթե հողերը չեն մշակվում, գյուղացին ինչպե՞ս կարող է հարկ վճարել: Օձունցիները ինչ-ինչ պատճառներով հողից հեռացան: Հարեւան արեւածագցիներն ու այգեհատցիները այնքան խելամիտ եղան, որ Օձունի գյուղտեխնիկան գնեցին նախկին համայնքապետից ու տարան իրենց գյուղերը»,- մեկնաբանեց համայնքապետը: Նա հավելեց, որ 2010-ին հնարավոր չէր ավելացնել հողի հարկի պլանավորված եկամուտները, քանի որ 2009 թ. գյուղի բոլոր վճարունակ հարկատուներն իրենց հողի հարկի բոլոր պարտքերը վճարեցին՝ տույժերից ազատվելու ակնկալիքով: «Էլի հարկ չվճարեցին անվճարունակ գյուղացիները: Եկամուտների հավաքագրման ավելացման տեղ չկա»,- փաստեց նա: Ա. Տիտանյանը անցած մեկ տարում որոնել է նաեւ գյուղի փրկության ելքը. «ՀՀ Կառավարությունը հանրապետության խոշորագույն գյուղերից մեկը քայքայումից փրկելու համար պետք է Օձունի համալիր զարգացման ծրագիր մշակի: Օձունը Կառավարության աջակցության մեծ կարիք է զգում: Ծառացած խնդիրները մենակ գյուղապետով չեն լուծվի»,- կարծում է նա: Իր ղեկավարած գյուղի հիմնախնդիրները Ա. Տիտանյանը փորձեց ներկայացնել ինքնաքննադատությամբ. «Ինչը ինձ հետ կապված է, ես կընդունեմ. աշխատող մարդը չի կարող չունենալ սխալներ: Սակայն ես կարծում եմ, որ Կառավարությունը պետք է գյուղի նկատմամբ լուրջ քաղաքականություն ձեւավորի: Հարեւան գյուղերն էլ ծանր վիճակում են: Ձեր մատնանշած արեւածագցիները, որոնք տարածաշրջանում հայտնի են իրենց աշխատասիրությամբ, հայտնվել են վարկերի բեռի տակ` վերցրած վարկերը չեն կարողանում ետ տալ: Օձունցիներն էլ զրկված են վարկ վերցնելու հնարավորությունից, ասում են` դու օձունցի ես, քեզ վարկ չի հասնում, որովհետեւ մի քանի տարի առաջ մի խումբ օձունցիներ վարկ են վերցրել ու ետ չեն տվել: Էսօր դրա համար բանկերը Օձունի վրա խաչ են քաշել: Էսօր ուր գնում ես վարկ ես ուզում, ասում են` դու օձունցի ես, բանկ չմտնես, քեզ վարկ չի հասնում: Դրա համար էլ էսօր եկել ենք հասել էս վիճակին: Չի կարելի մի խումբ մարդկանց պատճառով բոլորին զրկել վարկից: Իսկ առանց վարկի որեւէ գործարար կամ գյուղացի չի կարող իր տնտեսությունը վարել, մանավանդ երիտասարդությունը»,- ասում է համայնքապետը: Ա. Տիտանյանը կարծում է, որ առայժմ կառավարությունը օձունցիներին պետք է աջակցի գյուղտեխնիկա, սերմացու տրամադրելով ու հակակարկտային կայաններ տեղադրելով: «20 տարի է Օձուն նոր գյուղտեխնիկա չի մտել: Եթե սա լինի, գյուղացիները կաշխատեն»,- համոզված է նա: Հարցին, թե հնարավոր չէ՞ համայնքի բյուջեի միջոցներով ձեռք բերել հողի մշակման առաջին անհրաժեշտության տեխնիկա` Ա. Տիտանյանը պատասխանեց. «Մեկ կոմբայնը այսօր արժե 80 հազար դոլար. մեր աղքատ բյուջեի հաշվին ի՞նչ ճանապարհով կարող ենք գնել մեկ կոմբայնը: Մեկ հակակարկտային կայանի գինը 15 հազար դոլար է, որը կարկուտի հարվածից պաշտպանում է 80 հա վարելահող: Օձունի 1300 հա վարելահողերի համար անհրաժեշտ է շուրջ 20 հակակարկտային կայան, որն անհնարին է համայնքի բյուջեով ձեռք բերել»: Համայնքապետը կարծում է նաեւ, որ Օձունում շատերն են խորթացել աշխատանքից, սպասում են դրսի օգնություններին ու նպաստին: Նա ասաց, որ գյուղացիների այս հոգեբանությունը փոխելու համար իրեն ժամանակ է հարկավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter