HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբանոցը դարձել է աշխատավայր

Սասունիկի աղբանոցը տիկին Մաղվալայի եւ երեք թոռների ապրուստի հիմնական աղբյուրն է

-Բարեւ ձեզ, մենք լրագրողներ ենք, ցանկանում ենք ձեզ հետ զրուցել,- տեսնելով Սասունիկի աղբանոցում փնտրտուքներով տարված մի կնոջ` գործընկերոջս հետ փորձեցինք մոտենալ նրան:

-Ես չեմ ուզում ձեզ հետ խոսել,- խուսափելով մեզնից ու շրջվելով` պատասխանեց գլխաշորով փաթաթված կինը եւ շարունակեց երկաթյա ձողով փորփրել աղբը:

-Բայց ի՞նչ ենք արել, որ չեք ուզում մեզ հետ խոսել,- փորձեց ճշտել գործընկերս:

-Ոչ մի բան էլ չեք արել, գնացեք ավելի հարմար մարդ գտեք: Իբր ես շատ գոհ եմ, որ ստեղ եմ, մի հատ էլ ուզում եք նկարել, որ ամբողջ աշխարհն իմանա,- տեսնելով լուսանկարչական խցիկը` շտապեց հեռանալ: Մենք անխոս նրան հետեւեցինք` փորձելով նորից սկսել զրույցը:

-Ի՞նչ եք հավաքում:

-Ամեն ինչ` ինչ որ պատահի:

-Տու՞ն եք տանելու:

-Չէ, շուկա: Կիսաձայն ու կատակով հնչած այս պատասխանը մենք լուրջ չընդունեցինք, մտածեցինք` մեզ է ծաղրում: -Մենք չենք նեղացրել ձեզ, ինչու՞ եք խուսափում մեզանից,- նորից փորձ արեցինք զրույց սկսել:

-Ինձ ոչ մի բան էլ չեք արել, մի ընկեք իմ հետեւից` ձեզ ոչ մի բան էլ չեմ ասի, բայց մի իմացեք, որ անգրագետ եմ,- արագ հեռանալով, որպեսզի վերջնականապես ձերբազատվի մեզանից, դժգոհեց տիկինը: Իսկ մենք համառորեն ու լուռ կրկին հետեւեցինք նրան: Տիկին Մաղվալան, ինչպես ավելի ուշ պարզեցինք նրա անունը, հասավ իր իրերին, անիվներով տաշտակին ու նստեց աղբանոցի հնամաշ մի աթոռակի:

-Փո՞ղ ես տալու: Դե հանի մի երկու կոպեկ տուր, տանեմ երեխեքիս պահեմ,- արդեն մի փոքր զայրույթով ասաց նա:

- Լավ օրից չէ, որ ստեղ եմ: Տանը 3 անչափահաս երեխաներ կան: Երկուսը հիվանդ են, երկար բուժում է պետք, բայց ոչ մեկը ոչ մի բանով չի օգնում: Եկել եմ, որ սենց հավաքեմ, տանեմ, տեսնեմ` կկարենա՞մ ալյուր առնեմ, որ գոնե սոված չմնան: Երեկ վերջին հացը թրջել, կերել են երեխեքը, դրա համար էլ գալիս եմ ստեղ,- արտասվելով պատմեց տիկին Մաղվալան: 58-ամյա Մաղվալա Աջապյանը հարսի ու երեք թոռների հետ ապրում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Թոռնուհին 5 տարեկան է, երկվորյակ թոռնիկները` 4 տարեկան:

Երկվորյակներ Գոռը եւ Գրիշան տառապում են ռախիտով, երկար ժամանակ է` տիկին Մաղվալան նրանց Երեւան բուժման է տանում: Ասում է, որ ոչ մի օգնող հարազատ կամ բարեկամ չունեն, միայն երեք երեխաների համար ստացած 26 հազար դրամ նպաստով են «յոլա գնում»:

«Ինչ տալիս են` մուծում եմ պետությանը` հարկ ա, տուրք ա, ջուր ա, լույս ա, գազ ա, աղբահանություն ա, մնացածն էլ բերում եմ տուն, խանութների պատքերն եմ տալիս, հերիք չի անում, որ տարրական հոգսերը հոգամ կամ երեխեքին հագուստով ապահովեմ»,- ասում է տիկին Մաղվալան:

Նրանք հողամաս չունեն: Չնայած դեռ խորհրդային տարիների տեխնիկան է շրջապատում նրանց` հեռուստացույցը, հարեւանի նվիրած հին սառնարանը, առանց գորգ հատակը, բայց չի բողոքում, գոհ է. «Գոնե տուն ունենք, տանիք կա գլխներիս»:

Գազը հասել է տուն, բայց գազի վառարան չունեն, որ վառեն: Եթե ունենան էլ, տիկին Մաղվալան ասում է, որ չեն վառի, որովհետեւ, միեւնույն է, չեն կարողանալու վճարել գազի ծախսերը: Իսկ աղբանոցից վառելիք կարողանում է գտնել: Տիկին Մաղվալան չի դիմել որեւէ մեկին, նույնիսկ մարզպետարան: Ամաչում է:

«Ի՞նչ դիմեմ, ես չեմ լսել, որ մեկին օգնեն: Ավելի լավ է ես գամ չարչարվեմ, մի բան անեմ, մի բան գտնեմ,- ասում է նա եւ, ցույց տալով աղբանոցը, շարունակում,- տեսնում եք, էլ մարդ չկա, մենակ ես մնացի, բայց չեմ գնա, որ մի երկաթ է, բան է` գտնեմ, որ երեխեքը գոյատեւեն»:

Որդու մասին նա չցանկացավ խոսել: Միայն ասաց, որ հեռացել է երկրից: «Որ մեր հետ չի, ուրեմն...»,- չավարտեց խոսքը: Հարսը չի կարողանում աշխատանք գտնել, իր ոտքերն էլ ցավում են: «Այնքան հիվանդություններ ունեմ, ռիսկ չեմ անում գնամ Երեւան հետազոտվեմ»,- ասում է տիկին Մաղվալան:

Չնայած ամեն օր շնչում է Սասունիկի աղբանոցի ծուխը, բայց նրան իր առողջությունը քիչ է հետաքրքրում, կարեւորը երեխաների օրվա հացն ապահովելն է, ինչի համար աղբանոցն արդեն դարձել է տիկին Մաղվալայի հիմնական «աշխատավայրը» եւ գոյության հիմնական աղբյուրը այն պահից, երբ 7 տարի առաջ մահացավ ամուսինը, եւ ինքը դարձավ տան կերակրողը:

«Թոշակ էլ դեռ չեմ ստանում, կհասնե՞նք էլ` Աստված գիտի»,- ասում է նա: Տիկին Մաղվալան իր տոպրակում հաց էր հավաքել: Հետաքրքրվեցինք, թե ինչ է անելու այդ հացը: Պարզվեց` նա դրանք իսկապես վաճառում է` 50 դրամով, ով հավ ունի կամ անասուններ, վերցնում է: Նա աղբանոցից գրքեր էր հավաքել, որ իր թոռնիկների համար երեկոյան կարդա, այբբենարան էր գտել, ուրախ էր դրա համար` տառերը կսովորեցնի թոռնիկներին: «Ես կարդացած կին եմ, մի նայեք, որ ես էստեղ եմ: Տենց պատմավեպ չկա, որ կարդացած չլինեմ»,- սրտնեղեց տիկին Մաղվալան եւ նշեց, որ չնայած նրան, որ աղբանոցում է հաց հայթայթում, բայց միեւնույն է` հպարտ է, որ հայ է. «Ես շատ ուրախ եմ, որ հայ եմ»:

Տիկին Մաղվալան պատրաստված է գալիս Սասունիկի աղբանոց` փոխում է շորերը, կոշիկները, կալոշներ հագնում, «աշխատում», հետո նորից հագնում տան հագուստն ու վերադառնում Սասունիկ: «Ես արդեն սովոր եմ այս հոտին, բայց մարդկանց անսովոր է, չեմ ուզում, որ ինձնից աղբանոցի հոտ փչի: Փորձում եմ էս աղբի մեջ ինչ-որ լավ բան գտնել ինձ համար, մի լուսավոր բան. էն, որ գոնե սոված չենք մնա` թեկուզ էս աղբի մեջ: Մարդիկ դա արհամարհում են, բայց ինձ համար սովորական է»,- ասում է Մաղվալա Աջապյանը:

«Զույգ թոռնիկներս տեսնեք ինչ լավն են, չեք էլ տարբերի իրարից,- հիշեց թոռնիկներին ու ժտպաց: Անձրեւ սկսվեց: Մենք պետք է վերադառնայինք: Առաջարկեցինք ուղեկցել տիկին Մաղվալային, բայց նա շտապեց մեզ ճանապարհել. «Դուք գնացեք, իսկ ես սովոր եմ»: Հրաժարվեց, որովհետեւ դեռ չէր հասցրել օրվա «աշխատանքն» ավարտել եւ պաշար կուտակել: Մենք էլ խանգարեցինք մի փոքր...

Լվացքի հին տաշտակով սարքած իրերի տեղափոխման սայլակը հետեւից քարշ տալով եւ ինչպես ինքն է ասում` աշխարհի դեմ կռիվ տալով` տուն կգնա տիկին Մաղվալան, որ վաղը նորից գա «աշխատանքի»` Սասունիկի աղբանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter