HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Գեներալ Փայտյանից մինչեւ «Փայտ Գրիգ»-ի տնօրեն

Խաչատրյանները զրկվել են հողամասի մեծ մասից Աղբյուր Սերոբի 52/20 հասցեում գտնվող ամայի տարածքը Խաչատրյանների ընտանիքը վերածել է բերրի այգու, կառուցել տնակ ու լողավազան: Այգին, որն ընտանիքի համար արդեն 56 տարի նաեւ եկամտի աղբյուր էր, այսօր վերածվել է ավերակի. չկան 25 պտղատու ծառերը, իսկ տնակում ապրելը դարձել է անհնարին:

Ընտանիքի հայրը` Արտաշես Խաչատրյանը, 1951 թ. ինքնակամ զբաղեցրել է Աղբյուր Սերոբի 52 շենքին հարակից մոտ 1500 քմ հողատարածքը: «Չոր, անտեր տեղ էր, բնակիչներն ով ինչքան ուզում, վերցնում էր եւ մեծ ջանքեր էին գործադրում, որ բնակավայր դառնա: Երկար տարիներ անդուլ աշխատանքի եւ մեծ ծախսերի շնորհիվ դարձավ կանաչ դրախտային այգի»,- պատմում է Արտաշես Խաչատրյանի հարսը` Անահիտ Խաչատրյանը: Հողամասի եւ ինքնակամ տարածքների օրինականացման համար Խաչատրյանները դիմել են զանազան մարմինների: 2001 թ. այգին եւ ինքնակամ կառույցները Արաբկիրի թաղապետարանի կողմից հաշվառվել են, 50 տարի առաջ հողամասն ապօրինի զբաղեցնելու համար տերերը փաստացի տուգանվել են 8000 դրամով: 2003 թ., «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո, Խաչատրյանները երկու անգամ դիմել են Կադաստրի Արաբկիրի բաժանմունք` հողամասն ինքնակամ կառույցներով հանդերձ օրինականացնելու խնդրանքով, սակայն երկու դեպքում էլ մերժվել են` «հաշվառված չէ» պատճառաբանությամբ: «Փաստորեն, պետության մեղքով չի օրինականացվել մեր այգին: Թող գային հաշվառեին, մենք էլ կսեփականաշնորհեինք»,- ասում է Անահիտ Խաչատրյանը: Հաջորդ տարի` հողի կադաստրային արժեքի թանկացումից հետո, նրանք կրկին դիմել են կադաստր: Այս անգամ չափագրվել են ինքնակամ կառույցները, իսկ այգու չափագրումը հետաձգվել է: Այդ ընթացքում քաղաքապետարանը (18.09.2006 թ. թիվ 1483-Ա որոշմամբ) այգու 1/3-ը` 520 քմ, հատկացրել է ոմն Հասմիկ Ավդալյանի: Մինչդեռ Հողային օրենսգրքի համաձայն` «Քաղաքացիները եւ իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերը, որոք տիրապետում են առանց իրավաբանական ձեւակերպման եւ որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ` ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք»: Ըստ էության, խախտվել է Խաչատրյանների գնման նախապատվության իրավունքը, եւ այն վերականգնելու համար Անահիտ Խաչատրյանը դիմել է դատարան, բայց նրա հայցը մերժվել է: Չեն բավարարվել նաեւ Խաչատրյանի վերաքննիչ ու վճռաբեկ բողոքները: 2006 թ. դեկտեմբերի 5-ից հայցվորը տասնյակ դիմումներ է ներկայացրել քաղաքապետարան` ինքնակամ կառույցներն այգու մնացած 1000 քմ տարածքի հետ, որպես հողի փաստացի տիրապետող եւ օգտագործող, ըստ սահմանված կարգի պետությունից գնելու համար: Այնուհետեւ կատարվել է հողամասի եւ կառույցների չափագրում, կազմվել գեոդեզիական գծագիր: Սեփականացման գործընթացը տեղից շարժվել է, սակայն 2007-ի հուլիսի 29-ին ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

«Երեկոյան տանը նստած էինք, հարեւանս զանգեց, թե` Անահիտ, ձեր հողամասը վաճառե՞լ եք: Ասացի` չէ, բա` ծառերն ինչու՞ են կտրում»,- հիշում է Ա. Խաչատրյանը: Տնից դուրս գալով` նա տեսել է իրենց երկու նախկին հարեւաններին` Ռուդիկ Հարությունյանին եւ Էդիկ Բեգլարյանին: Վերջիններս հատել են բերքով լի ծառերը եւ Անահիտի հարցին ի պատասխան` նշել, թե անում են այն, ինչ իրենց հրահանգել են: «Ճնշումս բարձրացավ: Այդ օրը հիպերտոնիկ կրիզ եմ ունեցել,- պատմում է Անահիտ Խաչատրյանը:- Զանգեցի Արաբկիրի ոստիկանություն, եւ ծառահատներին, գործիքների հետ միասին, տեղափոխեցին բաժին: Բայց դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց միայն 6 ամիս անց»: 2008-ի ապրիլի 15-ին քրեական գործի վարույթը տեղափոխվել է պաշտպանության նախարարության քննչական վարչություն: Ծառահատ-հարեւաններն ասել են, թե իրենց նման հրահանգ է տվել Արմեն Վարդանյանը: Վերջինս էլ հայտնել է, որ իր հերթին նման հանձնարարական ստացել է Խաչիկ Դավթյանից, ով պաշտպանության նախարարության աշխատակից է: Չնայած այս ամենին` մոտ 6 ամիս անց քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի անձն անհայտ լինելու հիմնավորմամբ: Անահիտ Խաչատրյանը ծառահատների ու նրանց գործիքների լուսանկարները, որոնք կատարվել են Ոստիկանակության Արաբկիրի բաժնում, ուղարկել է զինդատախազություն` խնդրելով ներկայացվածը հիմք ընդունել եւ վերացնել գործի կասեցման որոշումը: Զինդատախազությունը որեւէ բան չի փոխել, ուստի Ա. Խաչատրյանը նույն պահանջով ապարդյուն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության, այնուհետեւ` վերաքննիչ դատարան:

Գյուղատնտեսության նախարարության «Խաղողագինեգործության եւ պտղաբուծության գիտական կենտրոնը» կատարել է հատված ծառերից սպասվելիք բերքի քանակի փորձաքննություն, ինչի համաձայն` խաղողի վազերից եւ պտղատու ծառերից պետք է ստացվեր 924 կգ բերք` մոտ 1 մլն դրամ արժեքով: Իսկ Երեւանի բնապահպանական պետական տեսչության կատարած փորձաքննությունը հաստատել է, որ հատված ծառերի արժեքը կազմում է 8 մլն 445 հազար դրամ: Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2008 թ. հունիսի 20-ի 1683-Ա որոշմամբ` հիշյալ այգու 584,6 քմ-ն ուղղակի վաճառքով հատկացվել է Խաչիկ Դավթյանին, այնինչ վաճառքը, Հողային օրենսգրքի համաձայն, կարող էր տեղի ունենալ միայն աճուրդի միջոցով: Արդյունք չեն տվել նաեւ Խաչատրյանների բազմաթիվ դիմում-բողոքները` ուղղված երկրի ղեկավարին, վարչապետին, գլխավոր դատախազին, առաջին տիկնոջը, Ամենայն Հայոց կաթողիկոսին, քաղաքապետին, նախագահի վերահսկողական ծառայությանը, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ բարձրաստիճան անձանց: Վնասների փոխհատուցման համար Անահիտ Խաչատրյանի հետ սկսել է բանակցություններ վարել ոմն Արտակ, ով հայտնել է, որ իրականում հողամասը գնել է գեներալ Արշալույս Փայտյանը` տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով: Արտակը նաեւ ասել է, որ կառուցվելիք շենքի ֆինանսավորումն իրականացնելու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ավելի ուշ «փոխհատուցման» բանակցություններն ընթացել են «Փայտ Գրիգ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Սարգսյանի մասնակցությամբ, քանի որ, ինչպես պարզվել է հետագայում, Խաչիկ Դավթյանը դեռ 2007-ի օգոստոսին հողատարածքը վաճառել է հիշյալ ընկերությանը: Ըստ Անահիտ Խաչատրյանի` ավելի ուշ պարզվել է նաեւ, որ վերոհիշյալ Արտակն իրականում գեներալ Փայտյանի աշխղեկ Արմեն Վարդանյանն է: Այգու ծառերը հատվել էին հենց նրա հանձնարարությամբ: «Փայտ Գրիգ»-ի տնօրեն Արամ Սարգսյանը, իբրեւ փոխհատուցում, Խաչատրյաններին խոստացել է կառուցվելիք շենքում տրամադրել 60 քմ մակերեսով բնակարան:

Սակայն Անահիտ Խաչատրյանն ասում է, որ առաջարկությունը չեն ընդունել, քանի որ Սարգսյանի ցույց տված պայմանագրի նմուշին հավատ չեն ընծայել: Ի վերջո, կողմերը բանավոր համաձայնության են եկել 11 մլն դրամի շուրջ, որից հետագայում Արամ Սարգսյանը հրաժարվել է: Վնասի փոխհատուցման շուրջ Անահիտ Խաչատրյանը, ինչպես ինքն է ասում` 5-6 անգամ անհետեւանք բանակցել է նաեւ անձամբ գեներալ Փայտյանի հետ: Իսկ մինչ այդ` 2007-ի հոկտեմբերին, քաղաքապետի 4416-Ա որոշմամբ ինքնակամ կառույցները ճանաչվել են օրինական: Հաշվի առնելով գնման նախապատվության իրավունքը` թույլատրվել է ուղղակի վաճառքով դրանք օտարել Անահիտ Խաչատրյանին: Մեկ ամիս անց Խաչատրյանները ստացել են սեփականության վկայական, սակայն միայն հողամասի 1/3-ի` 466,52 քմ տարածքի նկատմամբ: Ա. Խաչատրյանը հույսը չի կորցրել, շարունակում է նամակներ գրել տարբեր պաշտոնյաների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter