HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մոտակա ժամանակներում մեկ-մեկ կսկսեմ ԱԺ-ում խոսել»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը

Ձեր ընտրատարածքի շատ գյուղերի բնակիչներ դժգոհում են, որ իրենց գյուղերում մի քանի տարի է գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվում: Ի՞նչն է պատճառը, եւ ի՞նչ միջոցներով են գյուղերը գազիֆիկացվում:

Գազիֆիկացման ծրագիրն առաջին անգամ թույլատրվեց IFAD-ի ծրագրով:

Դեռեւս վարկի հաստատման փուլում մեր հանձնաժողովով որոշեցինք, որ պատգամավորները վերահսկեն այդ ծրագիրը, եւ հանձնաժողովը որպես կառավարման խորհրդի անդամ ինձ ներկայացրեց: Ծրագրով կարող էինք ոչ միայն գազիֆիկացում անել, այլեւ ներդրումներ խմելու եւ ոռոգման ջրի ցանցում, ճանապարհներ վերանորոգեինք եւ այլն: Իմ ջանքերի շնորհիվ մեր մարզին հատկացվող ամբողջ գումարը ուղղեցինք գազիֆիկացման աշխատանքներին: Այն ժամանակ կառավարման խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, ինքն էլ հասկացավ ու ինձ շատ օգնեց, որպեսզի ծրագիրը հաստատվի: Ամբողջ մարզի համար նախատեսված էր մոտ 2 մլն դոլար: Իմ տարածաշրջանը ցուրտ եւ անտառազուրկ շրջան է: Մի քանի փոքր անտառներ ունենք, այնքան են հատել, որ էլ ծառ չի մնացել: Գազիֆիկացման ծրագրով Ապարանի տարածքից կարողացանք ընդգրկել 12-13 համայնք: Արդեն 3-րդ տարին է աշխատանքներ են կատարվում: Որպեսզի վեճեր չլինեն, թե ում փողոցով գնա գազի խողովակը եւ այլն, որոշեցինք գազը հասցնել մինչեւ յուրաքանչյուր գյուղի դպրոցի շենքը: Այս տարի արդեն 14 համայնք գազ կունենա: Մինչ հիմա մեկ համայնքի գազիֆիկացման աշխատանքներն ենք ավարտել` Երնջատափ գյուղինը: Պատճառն այն էր, որ համայնքապետը ճիշտ ուղղություն ընտրեց: Գյուղացիներին հավաքեցինք, բացատրեցինք, որ բերեն հարկերը տան ու գումարն ամբողջությամբ ներդնենք գյուղի գազիֆիկացման գործում: Մոտ 10 մլն դրամի չափով «ՀայՌուսգազարդը» տվեց, 35 մլն դրամ համայնքը ներդրեց: Այստեղ բոլորովին կապ չունի, որ Երնջատափն իմ գյուղն է: Պարզապես մարտավարությունը ճիշտ ընտրվեց: Բոլոր համայնքապետերին էլ ասել եմ, որ նույն աշխատաոճը որդեգրեն, պարզապես չեն կարողանում հարկերը հավաքել: Երնջատափում եթե ծրագիրը չանեինք, գյուղացիները Արա լեռան անտառն ամբողջությամբ կկտրեին ու կվառեին: Արդեն ծառերի 50 տոկոսը կտրված է: Էլ հաստաբուն ծառ չի մնացել: Ճիշտ է, ես էլ եմ իմ գյուղացիներին օգնել` ով հնարավորություն չուներ, գազի փող եմ տվել, որ գազն անցկացնեն: Բայց իրենք էլ են աշխատել:

Ձեր ընտրատարածքի Վարդենիս գյուղի բնակիչներն ասում են, որ վերջին 10 տարիների ընթացքում իրենց գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Միայն 2007 թ. գազիֆիկացման աշխատանքներ են կատարվել, որոնք ավարտված չեն, եւ գյուղի 80 տոկոսը գազ չունի: Ինչո՞ւ է Վարդենիսը ծրագրերից դուրս մնացել:

Գյուղացիները ճիշտ են ասում: Վարդենիս գյուղում ընդամենը 1.5 կմ գազիֆիկացման աշխատանքներ ենք կատարել: Դա IFAD-ի ծրագրով չի եղել, չեմ հիշում, թե ինչ ծրագրով ենք արել: Ճիշտ են ասում, որ աշխատանքները դադարեցվել են, ես հույս ունեմ, որ եկող տարի աշխատանքները կսկսվեն: Գյուղացիներն էլ պետք է աշխատանք տանեն, չպիտի նստեն սպասեն, որ միայն ծրագրի ղեկավարներն ու պետությունը աշխատանքները կատարեն: Հարկերի պարտքեր ունեն, թող հավաքեն, ուղղենք այդ աշխատանքներին: Իրենցից փող չենք ուզում, թող համախմբված հարկերը հավաքեն, ոչ թե մեկը հիմա փակի, մյուսը` մի քանի ամիս հետո, ու այդ գումարով ծակերը, փոսերը լցնեն: Բոլոր համայնքներում էլ շատ խնդիրներ կան: Բայց այնպես չէ, որ ինչ-որ մեկը կգա ու միայնակ բոլոր հարցերը կլուծի: Արագածի տարածաշրջանում գյուղեր ունենք, որ 5-6 հարյուր մետր գազի մագիստրալից հեռու են, ու չենք կարողանում գազի խողովակը գյուղ հասցնել: Ճիշտ է, գյուղացիները հիմա բողոքում են, որ իրենց համայնքներում գազիֆիկացման աշխատանքները թերի են, բայց կարեւորն այն է, որ մեկ տարի ուշ կամ շուտ 14 համայնքն էլ գազ կունենա:

Բայց Վարդենիսում միայն գազիֆիկացման հարցը չէ, բազմաթիվ այլ խնդիրներ կան: Գյուղը մշակույթի տուն չունի, դպրոցը գտնվում է վթարային վիճակում: Այսքանը բավական չի՞, որ գյուղն ուշադրության արժանանա:

1990-ական թվականներին համայնքների մեծ մասում վերացավ մշակույթի տուն հասկացությունը: Համայնքների մեծ մասում մշակույթի տուն չկա: Որպես մշակույթի տուն գործում են միայն Արագածի եւ Ապարանի մշակույթի տները: Ամբողջ տարածաշրջանում գործող մշակույթի տան չեմ հանդիպել: Քուչակի նման գյուղում, որն իր մեծությամբ երկրորդն է Ապարանում, մշակույթի տան շենքը կիսակառույց է մնացել եւ չեն կարողանում ավարտել: Դրանք գումարների հետ են կապված, եւ համայնքներն այսօր այդ միջոցները չունեն: Հետո էլ` մշակույթի տունը համայնքային սեփականություն է, դրա հետ կապված բոլոր ծախսերը համայնքը պետք է անի: 2-3 մլն դրամ դոտացիայով փոքր գյուղերը ո՞նց են մշակույթի տուն, աշխատողներ պահելու: Միգուցե մշակույթի տունը կարեւոր է, շատ պետք է, բայց երեւի մշակույթի տուն ունենալը հարուստների մենաշնորհն է: Այսօր մենք հարուստ չենք: Մշակույթի տնից բացի այլ խնդիրներ ունենք համայնքներում, որոնք առաջնային են: Նույն գազիֆիկացումը, ճանապարհաշինությունը, գյուղերի լուսավորությունը: Համայնքների մեծ մասում փողոցների լուսավորություն չկա: Գյուղեր կան, որ այս սեզոնին գայլերը բնակավայր են մտնում, ու վտանգավոր է գիշերով տնից դուրս գալը, մանավանդ, որ լուսավորություն չկա: Շատ լավ կլիներ, որ մշակույթի տուն ունենայինք, մարզադահլիճներ, ստադիոններ, հարսանյաց սրահներ: Մարզում բավականին դպրոցներ վերանորոգվել են, բայց ճիշտ են ասում գյուղացիները, որ իրենց գյուղ ծրագիր չի մտել: Վարդենուտի, Մուլքիի դպրոցները նույնպես վթարային վիճակում են: Մի քանի տարի առաջ առաջարկեցի, որ եթե դպրոցները չենք կարողանալու ամբողջությամբ վերանորոգել, գոնե պատուհանները առաջնահերթ փոխենք, որ ձմռանը կարողանան տաքություն ապահովել: Սառը սենյակներում նստելով` այսօրվա աղջիկները վաղը չեն էլ կարողանա ծննդաբերել: Փոքր երեխեքին նստացնում ենք սառը նստարաններին, հետո էլ զարմանում ենք, թե ինչի են աղջիկները քիչ ծննդաբերում կամ ընդհանրապես երեխա չեն ունենում: Երբ նման առաջարկ արեցի, նախկին ֆինանսների նախարարն ինձ ասաց` կարո՞ղ ա պատուհանի ցեխ ես դրել: Մանավանդ լեռնային դպրոցներում պատուհանները փոխելը շատ անհրաժեշտ բան է: Ինչքա՞ն կարող են սալյարկի ծխով ու էլեկտրաէներգիայով դպրոց տաքացնել, երբ միջանցիկ քամին դպրոցի մեջն է:

Վարդենիսում նույնիսկ թաղման հացն ու հարսանիքներն անցկացնում են դպրոցի շենքի մարզադահլիճում, որը նույնպես անմխիթար վիճակում է: Ձեր կարծիքով, լեռնային ու հեռավոր գյուղում այդ մոտեցումը ճի՞շտ է:

Ճիշտ եք, որ Վարդենիսում հարսանիքներն ու թաղման հացը դպրոցի մարզադահլիճում են տալիս: Նախկին կրթության նախարարն արգելել է, որ դպրոցում նման բաներ արվեն: Չգիտեմ` ինչու էր արգելվել, բայց երեւի այդ միջոցառումների ժամանակ մարդիկ խմում են, աղբ են թափում: Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ նախարարի նման որոշումը եւ ճիշտ է, եւ սխալ: Եթե գյուղը ուրիշ հարմար տեղ չունի թաղում, հարսանիք անելու, միգուցե անհրաժեշտ է դպրոցի դահլիճը տրամադրել: Գյուղացիները նման միջոցառումներ անցկացնելու համար մարզպետին են խնդրում, որ նա թույլատրի դպրոցի մարզադահլիճում հարսանիք, թաղում անեն:

Ձեր ընտրողներն ասում էին նաեւ, որ ոչ մի անգամ Ազգային ժողովում իրենց խնդիրների մասին հարց չեք բարձրացրել ու չգիտեն էլ` ԱԺ գնու՞մ եք, թե ոչ:

Ճիշտ են ասում: Բայց վերջին 2 տարվա ընթացքում ես Ազգային ժողովի ամբիոնից չեմ խոսել, մինչ այդ ելույթներ ունեցել եմ: Գիտեք, ձեւ անելու անհրաժեշտությունը չունեմ: Ես տեղյակ եմ համայնքների հնարավորություններին ու խնդիրներին: Ամբիոնից ինչ-որ բան ասելով հարց չի լուծվում: Հարցը լուծում են աշխատանքային կարգով, իսկ մեր նման փոքր երկրներում` շրջապատով, ընկերներով, մարդկային ջերմ վերաբերմունքով, որի հնարավորությունը ես ունեմ: Ինձանից առաջ ուրիշ պատգամավորներ էլ են եղել, այդ ժամանակ ընդհանրապես ոչ մի ծրագիր համայնքներում չի իրականացվել: Գյուղացիներն ուզում են իրենց դեպուտատը բարձրանա ամբիոն ու խոսա: Իմ ելույթները հիմնականում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են լինում, որը եթերով չի ցուցադրվում, ու մարդկանց թվում է, թե ես ընդհանրապես ԱԺ չեմ գնում: Մի ժամանակ, որ նոր էի, ուզում էի բարձրանալ ամբիոն խոսել, որ կողքից տեսնեին, ասեին` տես, ոնց խոսաց, ոնց «գռցրեց»: Բայց դա սուտ բան է: Ազգային ժողովը օրենքներ մշակելու, ընդունելու տեղ է, եւ միայն հարց ու պատասխանի 1.5 ժամը չի: Իսկ այդ 1.5-ը ես շոու եմ համարում: Ո՞ր մի բարձրացված հարցն է լուծվել, եթե նախօրոք պայմանավորված չեն եղել հարց տվողն ու պատասխանողը: Իմ մարտավարությունն ավելի գործնական է եւ ձեւեր չեմ անում: Կհետեւեմ իմ ընտրողների խորհուրդներին ու մոտակա ժամանակներում մեկ-մեկ կսկսեմ ԱԺ-ում խոսել ու ձեւական կողմը պահել:

Հատկապես ծրագրերից դուրս մնացած համայնքներում պնդում էին, որ վերանորոգման, կառուցապատման ծրագրերը հիմնականում արվում են պատգամավորների եւ պաշտոնյաների համայնքներում: Մասնավորապես` Չքնաղ գյուղում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է ծրագրեր տանում, Երնջատափում` դուք, իսկ Թալինի տարածաշրջանի Դիան գյուղում` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Այն համայնքներում, որտեղ պաշտոնյաներ չկան, ծրագրեր չեն արվում: Ամեն գյուղ պետք է բարձրաստիճան պաշտոնյա ունենա, որ արժանանա պետության ուշադրությանը:

Օրինակ` Վարդենիսում ավելի շատ հայտնի մարդիկ կան` սկսած Տիգրան Պետրոսյանից մինչեւ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: «Կոմեդի կլաբի» տերերը նույնպես Վարդենիսից են, էլ ի՞նչ պիտի լիներ: Նման բան բոլոր տեղերում էլ կա: Ստացվում է, որովհետեւ տեղում ապրում ենք, միջնորդում ենք եւ այլն: Բայց դա կարող է 1-2 դեպք լինել: Ես բացարձակ տարբերություն չեմ դնում: Այսօրվա դրությամբ եզդիաբնակ համայնքներում ավելի շատ դպրոցներ ենք վերանորոգել, քան հայաբնակ գյուղերում: Հենց դա վկայում է, որ մենք տարբերություն չենք դրել: Բայց, իրոք, կան մի քանի գյուղեր, որ բան չենք արել` հենց մեկը Վարդենիսում: Չի ստացվել, բայց ծրագրեր անելու հնարավորություններ էլ չենք ունեցել: Նման համայնքներում պատճառներից մեկն էլ համայնքապետերի ոչ ակտիվ լինելն է: Համայնքապետեր կան, որ դռնից լարում ենք, պատուհանից են մտնում, նրանց մոտ է ծրագրեր տանելը լավ ստացվում: Միտումնավոր ոչինչ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter