HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Հանս-Յոխեն Շմիդթ. «Ձեր երկիրը գեղեցիկ երկիր է եւ ափսոս է, երբ արդյունաբերությունը պետք է վատ ազդեցություն թողնի այդ գեղեցկության վրա»

«Ես ու մայրս այն փոքրիկ վերնախավի անդամներն էինք, որոնք լքեցին այդ քաղաքը»

«Ես շատ երջանիկ մանկություն եմ անցկացրել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, ես բախտ եմ ունեցել նաեւ շատ լավ ուսուցիչներից դասեր առնել եւ այդ ժամանակ եմ իմ ձեռքը վերցրել ռուսերեն դասագրքեր:

Թեեւ անհավատալի կթվա, բայց ես նաեւ բախտ եմ ունեցել 9 տարեկանում որոշում կայացնել մայրիկիս հետ լքելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անցնելու համար` լավ կրթություն ստանալու նպատակով: 1959 թ. դա արդարացված էր, որովհետեւ պարզ էր, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը պետք է անկում ապրի, եւ 1961 թ. էլ կառուցվեց բաժանարար պատը: Ինձ համար պարզ դարձավ, որ ես ու մայրս այն փոքրիկ վերնախավի անդամներն էինք, որոնք լքեցին այդ քաղաքը: Եթե քաղաքական համակարգը չի ապահովում պատշաճ տնտեսություն, որի մեջ կարող է երիտասարդ ընտրախավը իր զարգացման հեռանկարները տեսնել եւ առաջ գնալ, ապա տեղի է ունենում այն գործընթացը, երբ այդ երիտասարդները լքում են երկիրը, եւ սա կոչվում է ուղեղների արտահոսք,- պատմում է Հայաստանում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը: Դեսպանը պատմում է, որ ծնվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության սկզբնավորման վաղ շրջանում` Լայպցիգ եւ Վայմառ քաղաքներից ոչ հեռու գտնվող Բադ-Քյոզենում: Ըստ Հանս Յոխեն Շմիդթի` եթե Լայպցիգը հայտնի առեւտրային քաղաք է, աշխարհին ծանոթ իր տոնավաճառներով, իսկ Վայմառը հանդիսանում էր գրականության մարմնացում` Գյոթե եւ Շիլլեր, այնտեղ է գտնվում նաեւ համակենտրոնացման հայտնի ճամբարներից մեկը` Բուխենվայլդը, ապա Բադ-Քյոզենը պատմական-մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաք է: «Ես ընտանիքի միակ երեխան եմ, դաստիարակվել եմ երեք կանանց կողմից` իմ տատիկի, մորս եւ մեր դայակի: Ընտանիքում բաց, ազատ ոգին էր տիրում: Որպես երեխա` ես մասնակից էի լինում ամիսը մեկ մորս կողմից կազմակերպվող քննարկումներին, որի ժամանակ նա հրավիրում էր փաստաբանի, բժշկի եւ ձեռնարկատերերի»,- պատմում է դեսպանը:

Հանս-Յոխեն Շմիդթը ծնվել է 1947 թ. Բադ-Քյոզենում: 1967-1968 թթ. անցել է ընդհանուր զինծառայություն: 1969-1974 թթ. ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն: 1975-1977 թթ. աշխատանքի է անցնում Inter Nationes-ում,1977-1979 թթ.` Արտաքին գործերի նախարարությունում բարձրաստիճան ծառայության անցնելու նախապատրաստական փուլ: 1979-1982 թթ. աշխատել է Կահիրեում` որպես ԳԴՀ դեսպան, 1982 -1986 թթ.` Արտաքին գործերի նախարարությունում, 1986-1989 թթ.` Կինշասայում ԳԴՀ դեսպան, 1989-1992 թթ. Ատլանտայի գլխավոր հյուպատոսությունում փոխհյուպատոս էր, 1993 -1996 թթ. Արտաքին գործերի նախարարությունում վարչության պետի տեղակալ էր, 1996-2000 թթ.` Ս. Պետերբուրգի գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոսն էր, 2000-2004 թթ.` Կիեւում ԳԴՀ դեսպանության փոխդեսպանը, 1992-1993 թթ. աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում, 1993-96 թթ.`Վարչության պետի տեղակալ, 2004-2007 թթ.` Վարչության պետ: 2007-2008 թթ. Ալմաթիում ԳԴՀ դեսպանության փոխդեսպանն էր, 2008 թ. Մինսկում ղեկավարել է ԵԱՀԿ գրասենյակը, 2009 թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Երեւանում ԳԴՀ դեսպան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

«Դեռ 90-ականներին ես հետաքրքրություն էի ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ եւ աշխատել եմ այն ուղղությամբ, որ տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների ճիշտ տեղաբաշխում լինի: Եվ այն ժամանակ, եւ հիմա ես այն կարծիքին եմ, որ հնարավոր է տարածաշրջանային համագործակցման ծրագրերով նպաստել տարածաշրջանում սառեցված հակամարտությունների վերացմանը կամ մեղմացմանը: Քաղաքական առումով ինձ համար այժմ մարտահրավեր է հետեւել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ մեր համեստ հնարավորությունների սահմաններում աջակցել, որպեսզի այն պսակվի արձանագրությունների վավերացմամբ: Ինձ բախտ չի վիճակվել Բեռլինի պատի անկման ժամանակ լինել Բեռլինում»: Հանս-Յոխեն Շմիդթը նշում է, որ ինքն այստեղ որեւէ այլ գործունեությամբ չի զբաղվում, այդ թվում` քաղաքական եւ ձեռնարկատիրական, ինչը նաեւ արգելվում է, քանի որ նա համարվում է ԳԴՀ-ի արտգործնախարարության պետական ծառայող: «Եթե դու ինչ-որ նպատակ ես դրել քո առաջ, պետք է քո հետ վերցնես նաեւ շրջապատիդ մարդկանց, եւ նրանց համար ինչ-որ չափով պետք է պարզ լինի քո նպատակը, նրանք պետք է որեւէ կասկած չունենան քո նպատակի առնչությամբ»,- իր սկզբունքներից սա առանձնացրեց ԳԴՀ դեսպանը: Հանս-Յոխեն Շմիդթը պատմում է, որ Հայաստանում ավելի շատ Գյումրի է գնում, քանի որ այնտեղ ունի շատ ծանոթներ եւ ընկերներ, հաճույքով այցելում է նաեւ ճարտարապետական վայրեր` Նորավանք, Գոշավանք, Հաղպատ: «Ափսոսում ես, երբ մտածում ես, որ այդ վայրի բնությունը կարող է մարդկային հարձակումների առարկա դառնալ»: ԳԴՀ դեսպանը Հայաստանում հաճույքով նաեւ համերգների է գնում, օրինակ` Օպերայի թատրոնում կամ Կոմիտասի անվան կամերային տանը, սիրում է լսել Արամ Խաչատրյան, գնում է նաեւ ջազի համերգների: Հիշեց, թե ինչպես անցյալ տարի գերմանական մշակույթի շաբաթվա շրջանակում հանդիպեցին հայ եւ գերմանացի ջազմենները: Հայկական խոհանոցից դեսպանը նախընտրում է խորոված, ձուկ, պատմեց, թե ինչ հիանալի իշխան է կերել Թուֆենկյան հյուրանոցում: «Դեսպանի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե որքան շատ է նա շրջապատված իր հայ ընկերներով»,- նշեց ԳԴՀ դեսպանը: Հանս-Յոխեն Շմիդթի ընկերը Ա. Տեր-Մինասյանն է` Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի տերը, ով նաեւ համակարգում է Կարմիր Խաչի հետ աշխատանքը: Դեսպանը պատմում է, որ նա նաեւ արվեստի մեկենաս է համարվում, իրեն ծանոթացրել է շատ արվեստագետների հետ, օրինակ Հասմիկ Ավետիսյանի: Թե նրա եւ թե Գյումրիի մյուս նկարիչների կտավները կախված են Հանս-Յոխեն Շմիդթի տանը: Հանս-Յոխեն Շմիդթի ավագ որդին աշխատում է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունում, որի ներկայացուցչությունը կա նաեւ Հայաստանում: Նա հիմա Հնդկաստանում է եւ այնտեղ զբաղվում է առողջապահության ոլորտի զարգացմամբ: Կրտսեր որդին գյուղատնտեսության ոլորտի մասնագետ է, դեսպանը պատմում է, որ նա շատ հաճախ է փոխում իր մասնագիտությունը եւ այժմ զբաղված է առողջական խնդիրներ ունեցող երեխաներով: Հանս-Յոխեն Շմիդթի կինը նույնպես աշխատում է, այդ պատճառով էլ գտնվում է Գերմանիայում:

«Եթե դուք մի ջիպի վարորդի հորդորեք չանցնել հետիոտնային գծերը, ապա առնվազն կարժանանաք բռունցքի հարվածի»

Հանս Յոխեն Շմիդթը նշում է, որ Հայաստանն ու Գերմանիան միանգամայն տարբեր երկրներ են. «Սա փոքր երկիր է եւ շատ ավելի հեշտ է այն հասկանալ: Նկատելի է, որ այս երկիրը դեռ մեկուսացված է: Այն, ինչ ինձ այստեղ պակասում է, ի տարբերություն Մինսկի, այն է, որ այստեղ հաղորդակից չես լինում նոր ֆիլմերին: Սա ինձ իսկապես զարմացնում է, որովհետեւ ես տեսնում եմ, որ այստեղ շատ են մարդիկ, ովքեր հետաքրքրվում են նոր ֆիլմերով»,- նշում է դեսպանը: Իսկ թե ինչու՞ է Մինսկի հետ համեմատում, դեսպանը նշեց, որ այն տպավորությունն է, որ Մինսկը Արեւմուտքից բավականին մեկուսացված է, մինչդեռ ինչ վերաբերում է գրքերին, ֆիլմերին, ապա այդ երկիրը ավելի բաց է, եւ մշակութային կյանքն այնտեղ ավելի ակտիվ է. «Իսկ Հայաստանի մասին կարող եմ ասել, որ զարմանալի է այդքան փոքրիկ երկրում տեսնել այդքան շատ ճարտարապետական կառույցներ, ինչպես Նորավանքը, Գոշավանքը, Հաղպատը: Հարկ է այս ներուժը օգտագործել պատշաճ կերպով, հուսով եմ, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ նոր հնարավորություններ կընձեռվեն հայ ժողովրդի համար եւ մշակութային, եւ տնտեսական առումով: Ինձ համար շատ անհասկանալի է, որ Գյումրիի նման քաղաքը` հայտնի իր արվեստով եւ բազմաթիվ արվեստագետներով, պատշաճ զարգացում չի ապրում: Հույս ունեմ, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Գյումրիի քաղաքական ղեկավարությունը կօգտագործի իրենց ներուժը երկիրը ավելի զարգացնելու համար»: «Առավելություններից մեկը կարճ ճանապարհներն են, այսինքն` հնարավորությունը արագ կերպով կապ հաստատելու օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների հետ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անմիջական շփվելը»,- սա, ըստ դեսպանի, Հայաստանի առավելություններից է: Ինչ վերաբերում է թերություններին. «Դա տնտեսության այնպիսի կառավարումն է, որի ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ բնապահպանական կողմերը, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ` պղնձի արտադրության մեջ ինչպես անել, որ բնությունը չտուժի, եւ առհասարակ ցանկացած արտադրության մեջ պահպանվի եւ տնտեսական շահույթը, եւ բնապահպանության խնդիրը: Ես կարող եմ բերել Սեւանա լճի օրինակը, երբ երկար տարիներ շահագործելով այն, հիմա կատարում են հակառակ քայլեր, ձկնային պաշարներն են սպառվել: Ձեր երկիրը գեղեցիկ երկիր է եւ ափսոս է, երբ արդյունաբերությունը պետք է վատ ազդեցություն թողնի այդ գեղեցկության վրա»: Հանս-Յոխեն Շմիդթի աչքերով` մյուս խնդիրը կապված է քաղաքի պատմական միջուկը պահպանելու հետ. «Ինձ համար ցնցող է նկատել, թե ինչպես են քանդվում հին, պատմական նշանակության շենքերը, փոխարենը կառուցվում են բարձրահարկ, առանց ընտրության կառուցվող շենքեր: Վատ տպավորություն է թողնում քաղաքի կենտրոնը, թե ինչպես ոչ կարգավորված է կառուցվում այն: Տպավորություն է թողնում, որ այդտեղ չի գործում իր մեջ տրամաբանություն ունեցող քաղաքի հատակագիծ: Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ նույնպես գնում է անշարժ գույքի շահերով առաջնորդվելու խնդիր: Շատ ցավալի է, որ լանդշաֆտներում կարելի է տեսնել շատ ավերակներ, որոնք ներառված չեն մշակույթի պահպանության ոլորտում: Դուք հիմա ունեք Գաֆեսճյան թանգարանը եւ նկատելի է, թե որքան վատ են օգտագործվում թանգարանի տարածքները, ցուցանմուշները»: Դեսպանին Հայաստանում դուր չի գալիս նաեւ այն, թե ինչպես են վարորդները վարում մեքենան, եւ «հետիոտներն էլ վայրի են տեղաշարժվում»: «Ես մի քանի անգամ դիմել եմ ոստիկանություն, բայց նրանք ուշադրութուն չեն դարձրել, եթե դուք մի ջիպի վարորդի հորդորեք չանցնել հետիոտնային գծերը, ապա առնվազն կարժանանաք բռունցքի հարվածի, քան նա կհետեւի ձեր հորդորին եւ հետ կկանգնի: Այստեղ ոստիկանները պատժի իմաստով պատշաճ վերաբերմունք ցույց չեն տալիս ջիպի վարորդներին, նրանց իշխանությունը տարածվում է ավելի հասարակ մեքենաների վարորդների վրա: Եթե նրանք որեւէ ջիպ կանգնեցնում են, ապա այստեղ չեն կիրառվում պատժիչ կանոնները, այլ մաղարիչը»,- ասում է Հանս-Յոխեն Շմիդթը: Դեսպանը նպատակ ունի որեւէ քաղաքական հիմնադրամի միջոցով ակումբ հիմնել, որտեղ քննարկումների կհրավիրի երիտասարդների, ովքեր շահագրգռված են հայ-գերմանական հարաբերություններով:

«Դեսպանի կացավայրը կարող է դառնալ կարծիքների տոնավաճառ»,- ասում է դեսպանը: Հանս-Յոխեն Շմիդթի երազանքն է իր ընկերների հետ մի պատմական ավտոբուսով ճամփորդություն կատարել Գյումրիից դեպի Կարս:

«Հաջորդ նպատակը կամ երազանքը հայ-թուրքական սահմանի բացումն է, մեկ այլ ակնկալիք եւս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի այնպես, որ մենք որպես դիվանագետներ հնարավորություն ունենանք այցելել այնտեղ, ինչի իրավունքը հիմա չունենք: Սրանք խառը երազանքներ են` եւ անձնական, եւ մասնագիտական, որպես մարդ ես իսկապես երազում եմ, որ մասնագիտորեն կարողանամ նպաստել այս խնդիրների լուծմանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter