HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը դատարանի վճիռը մեկնաբանում է որպես «զրպարտության ազատություն»

Փետրվարի 15-ին Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի:

Ռադիոկայանի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ իրենք դատարանի վճիռն անօրինական են համարում եւ պատրաստվում են բողոքարկել այն: Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն դատարանից խնդրել էր Ստյոպա Սաֆարյանին պարտադրել հերքել զանգվածային լրատվության միջոցներով տարածված` գործարար համբավը արատավորող տեղեկությունը: Անդրիաս Ղուկասյանը համաձայն չէ դատարանի այն եզրահանգման հետ, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունը ընդամենը արտահայտում է պատգամավորի կարծիքը: «Ստեփան Սաֆարյանի գրած հոդվածում նշված չէ, որ «իմ կարծիքվ` «Ռադիո Հայ»-ն անաչառ չէ», ընդհակառակը` հոդվածում կա հստակ պիտակ, թե մեր հաղորդումը պատրաստվել է նախագահականից իջեցված պատվերով,- ասում է Անդրիաս Ղուկասյանը,- «Ռադիո Հայ»-ը անկախ լրատվամիջոց է եւ երբեւէ որեւէ քաղաքական ուժի չի սպասարկել»: ««Ռադիո Հայի» այս հաղորդման մասին մեր կարծիքին ու պահանջներին ընթերցողն արդեն տեղյակ է նրա խմբագրակազմին «Ժառանգության» հղած երկու բաց նամակներից: Դրանցից առաջինով ակնկալել էինք Սերժ Սարգսյանի ներողությունը ՀՀԿ փոխնախագահի ստախոսության եւ նախագահականից իջեցված այս պատվերով երկսերիանոց ռադիոհամերգի համար, որի ոչ բոլոր տրագիկոմեդիկ մասերն ենք ներկայացրել հասարակությանը»,- 2009 թ. oգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթում Ստյոպա Սաֆարյանի հեղինակությամբ հրապարակված հոդվածի հենց այս հատվածն էր պատճառ հանդիսացել, որ «Ռադիո Հայ»-ը դիմի դատարան: Դատարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե ինքը «Ռադիո Հայ»-ի հաղորդումը որակել է «նախագահականից իջեցված պատվերով» ոչ թե այն պատճառով, որ նման փաստ է ունեցել, այլ պարզապես իր կարծիքն է արտահայտել` ելնելով ռադիոկայանի գործողություններից: «Ոչ ոք չի կարող ինձ պարտադրել փոխել իմ կարծիքը»,- դատարանում ասաց Ստյոպա Սաֆարյանը: «Մարդու ազատությունների թվում կարեւոր տեղ ունի սեփական կարծիք ունենալու ազատությունը, սակայն այդ ազատությունը կարող է սահմանափակվել այլ անձանց իրավունքներով: Ակնհայտ է, որ եթե հրապարակված արտահայտությունը կամ տեղեկությունը կարող է արատավորել մարդու պատիվը կամ կազմակերպության գործարար համբավը, ապա տուժող անձի կամ կազմակերպության կողմից կարող է հերքման պահանջ ներկայացվել, եթե նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասում է «Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը: Իր իրավական վերլուծություններում դատարանը նշել է, որ հերքման ենթակա տեղեկությունները «պետք է վերաբերեն որոշակի փաստերի եւ ոչ թե պարունակեն գնահատողական դատողություններ, որոնք կարծիքի ազատության դրսեւորումներ են: Եթե փաստերի առկայությունը կամ բացակայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատական պարունակող դատողությունները չեն կարող հաստատվել ապացույցներով»: Դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի հայցապահանջը` նշելով, որ «տվյալ պարագայում, հրապարակված հոդվածն արտացոլել է «Ռադիո Հայ»-ի հաղորդման մասին Ստյոպա Սաֆարյանի կարծիքը: Սույն գործով հաստատված հանգամանքներում Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունը հայցվորի հաղորդման վերաբերյալ, անկախ այն հանգամանքից` սխալ է այդ մեկնաբանությունը, թե ճիշտ, դա ոչ հայցվորին, ոչ էլ դատարանին իրավունք չի տալիս Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցնել «ընդունելու» իր կարծիքի սխալ լինելու հանգամանքը, քանի որ դա կնշանակեր անձին հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»: «Մեզ պետք չի, որ Ստեփան Սաֆարյանը փոխի իր կարծիքը, կարեւորն այն է, որ հասարակությունը արձանագրի, որ դա ընդամենը նրա կարծիքն է, եւ փաստերի վրա հիմնված չէ այն պնդումը, որը նա արել էր հոդվածում»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը: Նա կարծում է, որ եթե այս վճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա բացասական դերակատարություն կունենա արդարադատության համակարգի վրա. «Որովհետեւ Ստեփան Սաֆարյանի ջանքերով դատարանը կայացրեց վճիռ եւ եկավ այն եզրահանգման, որ եթե զրպարտությունը հիմնված չէ փաստերի վրա, տուժող կողմն իրավունք չունի պահանջել հերքել այդ զրպարտությունը, քանի որ դա կնշանակի այդ զրպարտությունը տարածողի կարծիքի վրա ազդել: Այսինքն` ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում հռչակվում է զրպարտության ազատություն»,- ասում է «Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը: Նրա կարծիքով` դատարանի կայացրած վճիռը հակասում է «Տիգրան Կարապետյանն ընդդեմ Արմեն Մազմանյանի» եւ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակի» դատական գործերով կայացրած վճիռներին: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, մենաբանելով դատարանի կայացրած վճիռը, ասաց, որ այն լիովին համապատասխանում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճիռներին: Իսկ «Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ թեեւ դատարանը մերժեց իրենց հայցադիմումը, այնուամենայնիվ, հենց դրանով ապացուցվեց, որ ռադիոկայանը պատվեր չի կատարում. «Եթե մենք նախագահականից իջեցրած պատվեր կատարեինք, ապա վճիռը մեր օգտին կլիներ, ոչ թե Ստեփան Սաֆարյանի»,- ասում է Ա. Ղուկասյանը: Իսկ ի՞նչն էր պատճառ հանդիսացել, որ Ստյոպա Սաֆարյանը նման կարծիք հայտնի «Ռադիո Հայ»-ի վերաբերյալ. ԱԺ պատգամավորի եւ ռադիոկայանի հրապարակային բանավեճի պատճառ է հանդիսացել 2009 թ. հուլիսի 30-ին եւ 31-ին եթեր հեռարձակված «Հայկական անդրադարձ» ծրագիրը, որտեղ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հեռակա բանավեճ է ծավալվել հանրապետական Գալուստ Սահակյանի եւ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի միջեւ: Իսկ որպես անկախ վերլուծաբան հանդես եկող Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանել է կողմերի կարծիքները: Ստեփան Սաֆարյանի ու Անդրիաս Ղուկասյանի կարծիքները եւս հակասական են եղել: Եթերից հետո նամակագրական երկխոսություն է ծավալվել «Ժառանգության» եւ «Ռադիո Հայ»-ի միջեւ, որը հետագայում հրապարակային է դարձել` տեղափոխվելով «Հրապարակ» օրաթերթի էջեր: Նամակներին հետեւել են Անդրիաս Ղուկասյանի եւ Ստեփան Սաֆարյանի հոդվածները, որից հետո ծագեց վերոնշյալ դատական վեճը: Դատարանի կայացրած վճռի դեմ «Ռադիո Հայ»-ը առաջիկա օրերին բողոք կներկայացնի վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter