HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հայաստանյան թերթերը Ղարաբաղ գրեթե չեն հասնում

Հայաստանում տպագրվող շատ քիչ քանակությամբ թերթեր են հասնում Ղարաբաղ: Հիմնականում թերթերը հասնում են բաժանորդներին, իսկ շարքային մարդիկ թերթերին ծանոթանալու հնարավորություն գրեթե չունեն: Ներկայումս Ստեփանակերտում կա 5-6 մամուլի կրպակ, որտեղ ավելի շատ մաստակ, ծխախոտ, փուչիկներ, խաղալիքներ ու նման ապրանքներ են վաճառվում, քան թերթեր ու ամսագրեր:

Իսկ վաճառվող թերթերն էլ, բացառությամբ տեղականների, ժամանցային են. խաչբառեր, «TV ալիք», «TV մոլ», լավագույն դեպքում` «Ֆուտբոլ+» եւ այլ թերթեր, ամսագրեր ու գրքույկներ: Կրպակներից միայն մեկում գտանք «Голос Армении» եւ «Новое Время» թերթերը: Հայաստանում տպագրվող թերթերը վաճառում են միայն Ստեփանակերտի գրախանութներից մեկում, իսկ այդ մասին քաղաքացիներից շատերը չգիտեն: Կրպակների սեփականատերերը նշված թերթերը, խաչբառերն ու գրքույկները հիմնականում ձեռք են բերում Ստեփանակերտի «Կանցլեր» ընկերության գրախանութներից մեկում, որտեղ, բացի նշվածներից, այլ թերթերչեն բերվում:

Մենք փորձեցինք կրպակների աշխատողներից պարզել` բնակչության շրջանում հայաստանյան թերթերի պահանջարկ կա՞, թե՞ ոչ: Պարզվում է` այցելուները մինչեւ հիմա հայաստանյան թերթեր են ուզում գնել, չնայած կրպակներում արդեն 4-5 տարի է այդ թերթերը չեն վաճառվում:

«Ցանկացողներ շատ են լինում, սակայն այս ոլորտը կարծես թե կարգավորված չէ: Ո՞վ է թերթ բերում, որ վերցնենք: Եթե բերեն, հաճույքով կվաճառենք»,- «Հետքի» հետ զրույցում նշեց կրպակավաճառ Սվետլանա Բաղդասարյանը: Մեկ այլ կրպակի աշխատող` Մարուսյա Սողոմոնյանը, նշեց, որ ցանկալի կլինի ստանալ հայաստանյան թերթեր, ուղղակի մի պայմանով, որ խմբագրությունը ետ վերցնի չվաճառված թերթերը: Նման պայման առաջադրեցին նաեւ մյուս կրպակների աշխատողները: Իսկ այն, որ թերթերի կարիք կա բնակիչների շրջանում, փաստում են եւ կրպակների աշխատողները, եւ բնակիչները:

Ստեփանակերտի բնակիչ, 72-ամյա Սարգիս Ավետիսյանը նշում է, որ բաժանորդագրվելու հնարավորություն չունի, քանի որ թոշակը չի հերիքում, սակայն, մեկ-մեկ կարող է իրեն թույլ տալ ինչ-որ թերթ գնել, քանի որ երիտասարդ տարիներից էլ հետեւում էր թերթերին ու փորձում տեղեկանալ կատարվող իրադարձությունների մասին:

«Հայկական հեռուստաալիքներով նույն բանն են ասում, իսկ թերթեր կան, որ այլ տեսանկյունից են ներկայացնում այդ ամենը: Մեկ-մեկ կարող եմ ինձ թույլ տալ գնել այդ թերթերը, բայց վաճառքում չկան»,- ասում է թոշակառուն: Շրջկենտրոններ ու գյուղեր թերթերը հասնում են միայն բաժանորդագրության դեպքում, այն էլ` ուշացումով: Ղարաբաղում թերթերի բաժանորդագրությամբ զբաղվում է միայն «Մեդիամոստ» ՍՊԸ-ն, որի աշխատակիցները թերթերը բաժանորդներին են հասցնում միայն Ստեփանակերտում: Ընկերության գլխավոր հրահանգիչ Սվետլանա Ասրյանի հավաստմամբ` ընկերությունը պայմանագիր ունի «Արցախփոստ»-ի հետ, որը զբաղվում է շրջանների բաժանորդներին թերթերի սպասարկմամբ:

Իսկ Կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանի հավաստմամբ` «Արցախփոստ»-ի տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով «Մեդիամոստ»-ի բաժանորդների թերթերի տարածումը պայմանագրային հիմունքներով իրականացնում է «Ավտոկայան» ընկերությունը` շաբաթական երկու անգամ: Կառլեն Պետրոսյանը նշեց, որ խնդիրներ կան նաեւ շրջկենտրոններից գյուղեր թերթերի տարածման հարցում. թերթերը որոշ գյուղեր հասնում են նպաստների եւ թոշակների բաժանման օրերին` լավագույն դեպքում ամսական 4 անգամ:

«Մեդիամոստ»-ի ներկայացուցչի խոսքերով` թերթերի բաժանորդները հիմնականում պետական կառույցներն են, շարքային քաղաքացիներ նրանց թվում չկան: Հայաստանից ընկերության միջոցով Ղարաբաղ է հասնում մոտ 35 թերթ, ամենից շատ բաժանորդներ ունի «Голос Армении» թերթը` 41, երկրորդ տեղում «Հայաստանի Հանրապետությունն» է 40 բաժանորդով, երրորդ տեղում` «Առավոտ»-ը` 37 բաժանորդ: «02»-ն ունի 34 բաժանորդ, «Իրավունք»-ը` 25, «Օրենք եւ իրականություն»-ը` 22, «Հայկական ժամանակ»-ը` 17, 16-ական բաժանորդներ ունեն «Новое Время», «Կրթություն» եւ «Գրական թերթ» թերթերը:

«Հետքն» ունի 23 բաժանորդ, որից 17ը` Քաշաթաղում, 6-ը` Ստեփանակերտում): Մնացած թերթերն ավելի քիչ բաժանորդներ ունեն, որոշներն էլ` մեկական: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի տեղեկացմամբ` միությունը որոշ դիտարկումներ է անցկացրել եւ պարզել, որ Արցախում հայաստանյան թերթեր բաժանորդագրվում են հիմնականում պետական կառավարման մարմինները, իսկ անհատները լավագույն դեպքում դրանք գնում են կրպակներից, այն էլ` ոչ կայուն պարբերականությամբ:

«Խնդիրը, կարծում եմ, առավելապես սոցիալական պատճառաբանում ունի: Իսկ ահա ընթերցելու առումով պատկերը մի քիչ այլ է: Միջին ակտիվությամբ ընթերցողը հայաստանյան լրատվամիջոցների արտադրանքին ծանոթանում է ինտերնետի միջոցով: Դժվար է նրանց ստույգ թիվը պարզել, բայց դարձյալ մեր հարցումներին ապավինելով` ասեմ, որ Ստեփանակերտում (ընթերցողական զանգվածը հիմնականում մայրաքաղաքում է գտնվում) հավասար հետաքրքրությամբ կարդում են նաեւ ռուսական պարբերականներ»,- նշեց Կիմ Գաբրիելյանը:

Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ նվազ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանում հրատարակվող պարբերականները սակավ են անդրադառնում ղարաբաղյան անցուդարձին:

«Ցավալի է, որ քիչ թերթեր ունեն թղթակցային կետեր Ղարաբաղում»,- հավելել է նա: Արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը հայտնեց, որ իրենք ուսումնասիրություն են կատարել թերթերի եւ պարբերականների բաժանորդագրության եւ առաքման ոլորտում: «Ներկայումս պատրաստում ենք ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը շուտով կներկայացնենք Կառավարության քննարկմանը»,- ասաց Կ.

Պետրոսյանը: Որոշակի քայլեր է ձեռնարկում նաեւ «Մեդիամոստ» ընկերությունը, որը նախատեսում է Ստեփանակերտում ունենալ երեք կրպակ, որտեղ, ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, կվաճառեն հայաստանյան, տեղական եւ այլ թերթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter