HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

25 հազար դրամ պարտքի դիմաց գրավ են վերցրել անձնագիրը

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում ապրող Ալիկ Հովհաննիսյանի 6 հոգուց բաղկացած ընտանիքն արդեն մի քանի տարի է սեփական տանիք չունի ու տնից տուն է տեղափոխվում: Հայրական տնից դուրս գալով` Ալիկը չի կարողացել տուն կառուցել: Երեխայի բուժման համար տարիներ առաջ վաճառել է նաեւ իր միակ սեփականությունը` 400 քմ հողամասը:

Այժմ ապրում են երկսենյականոց երկաթյա տնակում, բայց յուրաքանչյուր պահի կարող են նաեւ զրկվել դրանից զրկվել, քանի որ այն նույնպես իրենցը չէ: Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Չեն ստանում ո'չ նպաստ, ո'չ էլ հիվանդության թոշակ, թեեւ, ըստ օրենքի, պետք է ստանային ու դրա կարիքն իսկապես ունեն: Նպաստ չստանալու պատճառն այն է, որ Ալիկը գյուղի խանութներից մեկում 25 հազար դրամի չափով սննդի պարտք է ունեցել, խանութպանն էլ տեսնելով, որ Ալիկը չի կարողանում պարտքը փակել, որպես «գրավ» վերցրել է նրա անձնագիրը: Առանց անձնագրի, ընտանիքը չի կարողացել ոչ մի գործարք կնքել, այդ թվում ստանալ պետության հատկացրած նպաստը: Անձնագիրն արդեն վերադարձրել են Ալիկին, բայց միայն այն բանից հետո, երբ «Վերնատուն» հ/կ-ի նախագահ Հռիփսիմե Ադամյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի խումբ հայ աշխատակիցներ փակել են խանութում ունեցած ընտանիքի 25 000 դրամ պարտքը: Հիմա նոր-նոր են հավաքում և պատրաստում նպաստի փաստաթղթերը:

Նրանք են օգնել նաեւ, որ օրեր առաջ վիրահատվի ընտանիքի փոքր տղան` 6 տարեկան Հովհաննեսը: Վիրահատությունը պետպատվերով իրականացրել է Աշտարակի հիվանդանոցը: «Քանի որ վիրահատվողը երեխա է, օգնության կարգով մեզ մոտ արեցինք, թեև նա մեր մարզում չի բնակվում: Ես էլ ունեմ այդ տարիքի երեխաներ, ինչպե՞ս կարող էի անտարբեր լինել»,-ասաց երեխային վիրահատող բժիշկը` Աբրահամ Պողոսյանը: Տղան ուներ պորտային ճողվածք եւ գնալով քայլելը դժվարանում էր: Մայրը` Գայանե Հովհաննիսյանը «Հետքին» պատմեց, որ ընտանիքում բոլորն են հիվանդ, ինչին նպաստել է նաեւ սոցիալական վատ պայմանները: Նրանց ավագ որդին ողնաշարի թեքվածություն ունի, ամուսինը նույնպես առողջ չէ: Իր ոտքերն էլ հիվանդ են: «Մեր պրոբլեմները մեկը չի, որ ասեմ, սաղ պրոբլեմ ա»,-ասաց Գայանեն: Թեեւ տղան` Անդրանիկը հիվանդ է ու գրեթե անաշխատունակ, սակայն նա 18 տարեկանում ամուսնացել է 15 տարեկան աղջկա` իր ներկայիս կնոջ հետ ու լույս աշխար բերել հիվանդ երեխա: Պորտային ճողվածք ունի նաեւ նրանց 3 ամսական որդին, սակայն նրա վիրահատության համար գումար չկա: Տնակը, որտեղ ապրում են Հովհաննիսյանները, էլեկտրականություն չունի: Ստիպված մալուխով հոսանք են բերում հարեւանից, ինչն էլ կախվածության մեջ է դնում նրանց: «Հարեւանս ինչ ասի, պիտի անենք: Եթե մի գործ ասի ու մենք չանենք` միանգամից լույսը կանջատի: Մենք էլ ստիպված անում ենք, որ մութ տեղը չմնանք»,-ասում է տիկին Գայանեն: Խմելու ջուրը նույնպես հարեւանի տնից են բերում: Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանին հարցրինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Հովհաննիսյաններին օգնելու համար: Գյուղապետն ասաց, որ նրանց ամեն ինչով օգնել է, նույնիսկ ժամանակին երեխայի վիրահատության գումարն է տվել, սակայն չեն տարել վիրահատության: «Էլեկտրաէներգիայի համար էլ չեմ կարող իրենց օգնել, որովհետեւ պետք է նախ աբոնենտ դառնան»,- ավելացրեց Լ. Գրիգորյանը: «Բայց նույնիսկ մալուխի գումար չունեն, ինչպե՞ս կարող են բաժանորդ դառնալ»,-հարցրինք գյուղապետին: «Թող այդ հարցերը էլեկտրացանցի հետ լուծեն»,-պատասխանեց համայնքապետը: Ալիկը չհերքեց, որ գյուղապետն իրենց տվել է 70 000 դրամ ֆինանսական օգնություն, սակայն, ըստ նրա, գումարը ծախսել է ոչ թե ռեստորան գնալու համար, այլ կնոջ առողջությունն է կտրուկ վատացել եւ հարեւանի ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: «Այդ գումարն էլի բժիշկներին եմ տվել»,-ասաց Ալիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter