HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի այցը Վրաստան

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը  եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: Վրաստանի  Նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով  եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի  անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են  նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:  Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել  հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի  հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ  նախագահ Սերժ Սարգսյանը շրջել  է Բաթումում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը` այսօր նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter