Վարչապետն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։
Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք։ Նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր նախաձեռնություններին եւ բարի գործերին, որ իրականացնում եք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ հայապահպանության ոլորտում, ե՛ւ մայր հայրենիքն ուժեղացնելու գործում։ Դա նկատելի է, եւ արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ»։
Պերճ Սեդրակյանը տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա լինելու նպատակով։ Տարածաշրջանային նշանակություն ունեցող կենտրոնի ստեղծմանը աջակցություն է ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը` նվիրաբերելով 1,7 մլն ԱՄՆ դոլար։ Նա նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են եւ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին հատկապես Հայաստանի շախմատի ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, անդրադառնալով հայապահպանության հիմնախնդիրներին` վարչապետը հյուրերին հիշատակել է «Լույս» հիմնադրամի օրինակը եւ առաջարկել է համագործակցել նորաստեղծ կառույցի հետ` նպաստելով սփյուռքահայ ուսանողների ներգրավմանը հայանպաստ ծրագրերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել