Խախտվել է քաղաքացու աշխատանքային իրավունքը
Օմբուսամենը դիմել է քաղաքապետին
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով` ուղարկում եմ մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին իմ կողմից կայացված որոշման մեկ օրինակը: Խնդրում եմ այն քննարկել և ձեռնարկված միջոցառումների մասին 10-օրյա ժամկետում հայտնել ինձ»,- նշվում է օմբուդսմենի` քաղաքապետին ուղղված նամակում:
Ստորև ներկայացնում ենք օմբուդսմենի` քաղաքապետին ներկայացրած փաստաթուղթը: Մարդու իրավունքների պաշտպան դիմում-բողոք թիվ 1-1045 Որոշում Մարդու իրավունքների խախտում թույլ տված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու առաջարկ ներկայացնելու մասին 24.02.2010 թ. ք. Երևան Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Դ. Բեկ փողոցի հարակից բնակելի տարածքի քաղաքացի Սառա Ռուշանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է հետևյալը. Ս. Ռուշանյանը հանդիսանում է 1-ին դասային աստիճանի երրորդ ենթախմբի համայնքային ծառայող: Աշխատել է Նոր Նորք համայնքային կառավարչական հիմնարկի ԶԾՍՏ և ԲՆԱԿ բաժնում` որպես պետ: 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո «ԶԾՍՏ և ԲՆԱԿ» բաժինը միավորվել է «ԿՈՄՈՒՆԱԼ» բաժնի հետ, որից հետո «ԿՈՄՈՒՆԱԼ» բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն պետի պաշտոն է զբաղեցրել «ԿՈՄՈՒՆԱԼ» բաժնի գլխավոր մասնագետներից մեկը: Ս. Ռուշանյանին ազատել են աշխատանքից: 2009 թ. նոյեմբերի 16-ին Ս. Ռուշանյանը գրավոր դիմել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն իր աշխատանքային գործունեության ժամանակաշրջանի և վճարված աշխատավարձի վերաբերյալ` ՍԱՊՀ Խորհրդային տարածքային բաժին ներկայացնելու համար: Տեղեկանքներից մեկով հավաստվում է, որ Ս. Ռուշանյանն աշխատատել է 03.11.03 թ. մինչև 18.08.09 թ., իսկ մյուս տեղեկանքի համաձայն` նրան աշխատավարձ է վճարվել 03.11.03 թ. մինչև 23.10.09 թ. աշխատելու համար: Քաղաքացուն նշված տեղեկանքներին կից տվել են նաև 18.11.2009 թ. թիվ 38 կարգադրությունը, որի համաձայն` նրան աշխատանքից ազատել են` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի ԺԸ կետի համաձայն: Նկատի ունենալով, որ դիմումը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին և ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Պաշտպանի կողմից բողոքն ընդունվեց քննարկման: Դիմումում բարձրացված հարցերը լուծելու կապակցությամբ Պաշտպանը, 07.12.2009 թ. ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մ. Գասպարյանին գրություն ուղարկեց, որով պարզաբանումներ պահանջվեցին դիմումում նշված հարցերի վերաբերյալ: Մ. Գասպարյանը 21.12.2009 թ. գրությանն ուղարկեց պատասխան, որով հայտնեց հետևյալը. Ս. Ռուշանյանը, 29.10.2003 թ. Երևանի Նոր Նորք թաղապետի կողմից թիվ 316 հրամանի համաձայն, 03.11.03 թ. նշանակվել է թաղապետարանի աշխատակազմի ծրագրերի և սեփականության տնօրինման բաժնում որպես գլխավոր մասնագետ: 2008 թ. հուլիսի 1-ից նշանակվել է զարգացման ծրագրերի, սեփականության տնօրինման և բնակֆոնդում որպես բաժնի պետ, և նրան շնորհվել է համայնքային ծառայության աստիճան: Սույն թվականին վերը նշված բաժնի երկու աշխատակիցների, այդ թվում նաև Ս. Ռուշանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի արդյունքում 04.03.2009-28.06.2009 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Է. Հակոբյանի 03.03.2009 թ. որոշման հիման վրա Ս. Ռուշանյանի պաշտոնավարումը դադարեցվել է: 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններից հետո Երևանի բոլոր թաղային համայնքները վերակազմավորվել են Երևան քաղաքի նոր վարչական շրջանի: 28.06.2009 թ. վարչական շրջանի նախկին ղեկավարը Ս. Ռուշանյանին վերականգնել էր պաշտոնում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր: Պատասխան գրությամբ միաժամանակ հայտնվեց, որ Ս. Ռուշանյանի ղեկավարած բաժինը /զարգացման ծրագրերի, սեփականության տնօրինման և բնակֆոնդի/ մինչ օրս չի ձևավորվել և որևէ բաժնի հետ չի միավորվել, այլ լուծարվել է: Պարզաբանումը ստանալուց հետո Պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 21.01.2010 թ. կրկին անգամ գրություն ուղարկեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` խնդրելով ներկայացնել ապացույցներ` բաժնի լուծարման վերաբերյալ: Ի պատասխան 21.01.2010 թ. գրության` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը 01.02.2010 թ. ուղարկեց պատասխան գրություն, որով պնդեց այն հանգամանքը, որ Ս. Ռուշանյանի ղեկավարած բաժինը չի վերակազմավորվել, չի միացել որևէ բաժնի հետ, այլ լուծարվել է և ներկայումս գոյություն չունի: Պատասխան գրությանը կցվել էին հետևյալ փաստաթղթերը` Ս. Ռուշանյանի` աշխատանքից ազատելու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի թիվ 38 կարգադրությունը, ՀՀ Երևան քաղաքի ավագանու 06.07.2009 թ. որոշումը /այսինքն, ըստ էության բաժնի լուծարումը /լուծարման որոշում/ հավաստող փաստաթուղթ չի ներկայացվել/: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բաժինը չի լուծարվել: Դեռ ավելին, ներկայացված 06.07.2009 թ. N 3-Ա Երևանի ավագանու որոշման համաձայն, Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հաստատված կառուցվածքային ստորաբաժանումներում նախատեսված է «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման» բաժինը, որն ըստ էության ստեղծվել է Ս. Ռուշանյանի ղեկավարած բաժնի վերակազմակերպման արդյունքում: 18.11.2009 թ. թիվ 38 կարգադրությունյան համաձայն` քաղաքացուն աշխատանքից ազատելու հիմք է ընդունվել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի ԺԸ կետը, որի համաձայն` վարչական շրջանի ղեկավարն իրավունք ունի աշխատանքից ազատել համապատասխան բաժնի լուծարման դեպքում, այնինչ Ս. Ռուշանյանի ղեկավարած մարմինը ոչ թե լուծարվել, այլ վերակազմակերպվել է: Ինչ վերաբերում է վերակազմակերպման փաստին, ապա հարկ է նշել, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը և կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ: Բացի դրանից` պարզվեց, որ 2009 թ. հուլիս ամսին Երևանի քաղաքապետի կողմից իջեցվել է հրաման, որով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սեղմ ժամկետներում համալրել աշխատակազմը: Վերջինիս կողմից հաստիքացուցակը կազմվել և քաղաքապետարան է ուղարկվել 2009 թ. օգոստոս ամսին: Նշված հաստիքացուցակում Ս. Ռուշանյանը չի ընդգրկվել այն դեպքում, երբ նրա ազատման հրամանը տրվել է 18.11.2009 թ.: Դեռ ավելին, թիվ 38 կարգադրությունը տրվել է 18.11.2009 թ., որով քաղաքացուն աշխատանքից ազատել են 18.08.2009 թ.: Դիմումի քննարկման արդյունքում ձեռք բերված փաստերը թույլ են տալիս եզրակացնելու, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի գործողությունների արդյունքում խախտվել է Սառա Ռուշանյանի աշխատանքային իրավունքը: Հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Դ. Բեկ փողոցի հարակից տարածքի բնակչուհի Սառա Ռուշանյանի դիմումի քննարկման ընթացքում ձեռք բերված տվյալները և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով. Ո Ր Ո Շ Ե Ց Ի 1. Մարդու իրավունքների խախտում դիտել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից դիմումատու Ս. Ռուշանյանին աշխատանքից ազատելուն ուղղված գործողությունները: 2. Առաջարկել Երևանի քաղաքապետին իրավունքների խախտում թույլ տված պաշտոնատար անձին ենթարկել պատասխանատվության: 3. Որոշման մեկական օրինակ ուղարկել Երևանի քաղաքապետին և քաղաքացի Սառա Ռուշանյանին: Ա. Հարությունյան Կատարող` Գ. Հարությունյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել