
Մատենադարանին հարող տարածքում ժամը 17:00-ին մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Այն բացեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այսօր հիշատակի օր է: Հանրահավաքի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Արամ Մանուկյանն ասաց, որ 2 տարի առաջ Հայաստանի ղեկավարությունը թուխս գողացող աղվեսի նման գողացավ իշխանությունը: Արամ Մանուկյանի խոսքերով` իշխանությունները հեղինակն են առնվազն 10 զոհերի սպանության, առնվազն, որովհետև այդ օրը տարօրինակ կերպով շատացան ինֆարկտից և վթարից մահացողները: Նա հավելեց, որ միևնույն է` «ճշմարտությունը դեռ կբացահայտվի»:
Արամ Մանուկյանից հետո խոսեց Մարտի 1-ի 10 զոհերից մեկի մայր Ալլա Խաչատրյանը: Նա նշեց, թե 2 տարի առաջ «մեր որդիները դուրս էին եկել ազատ Հայաստանի իրավունքը պաշտպանելու», սակայն իշխանությունները գարնան առաջին օրը իրենց համար դարձրին սև օր, քանդեցին իրենց տներն ու զրկեցին զավակներից:
«Նրանք դիմահար կրակեցին անզեն ցուցարարների վրա, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն և պահեն իշխանությունը»,- ասաց Ալլա Խաչատրյանը:
Նրա խոսքերով` 20 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիները ջարդեցին հայերին, իսկ 2008-ին Հայաստանի իշխանությունները Երևանի կենտրոնում գնդակահարեցիօն սեփական ժողովրդին: Ըստ Ալլա Խաչատրյանի` այս ընթացքում «ծածկադմփոցից և իմիտացիայից բացի»` ոչինչ չի արվել Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու համար, բայց «մենք չենք վհատվելու, որովհետև մեր մեջքին կանգնած եք դուք, սիրելի ժողովուրդ, և պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև վերջին մարդասպանը պատասխան տա իր արածների համար, լինի դա վերին թե ստորին օղակի պաշտոնյա»:
Հանրահավաքի ընթացքում հրապարակվեց նաև մաեստրո Օհան Դուրյանի ուղերձը և ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը այն մասին, որ իշխանությունները շարունակում են իրենց գործելաոճը և այսօր փակել են Երևան տանող ճանապարհները:
Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան կառուցելու մրցույթ է հայտարարում:
Այնուհետև խոսքը տրվեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանին: Նա նշեց, որ իշխանությունների խնդիրը մեկն է` մեզ ստրուկ դարձնել, և երբ փորձում ես որևէ տրամաբանական պատասխան գտնել, հանգում ես միակ ճշմարիտ եզրակացությանը` նրանք պատժում են իրենց չընտրած և սեփական ազատության համար պայքարող մարդկանց:
Այս պահին հանրահավաքը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել