«Մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորը ընդդիմության անհեռատես և անպատասխանատու ղեկավարությունն էր»
«Իսկ պատասխանատուն` ժողովրդի բողոքին անտարբեր ու միայն բիրտ ուժին ապավինող իշխանության բարձրագույն օղակը»
Արմենական Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչությունը հայտարարություն է տարածել մարտիմեկյան ողբերգության 2-րդ տարելիցի առթիվ: Ստորև ներկայացնում ենք այն: Մարտի 1-ին լրանում է անկախ Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկի` մարտիմեկյան ողբերգության 2-րդ տարելիցը: Այդ ողբերգությունը բացահայտեց, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս քաղաքական պայքարի մշակույթ այդպես էլ չի ձևավորվել:
Այդ ողբերգական օրերին իշխանական աթոռների համար ընթացող պայքարում կողմերը գնում էին անխուսափելի առճակատման, անօրինական քայլերի, որոնց զոհը դարձան անմեղ մարդիկ: Ու չնայած ողբերգական այդ օրերից անցել է 2 տարի` սակայն մարտիմեկյան իրադարձություններին չի տրվել ընդհանուր քաղաքական գնահատական, կողմերը ընդամենը փորձում են շահարկել այդ դեպքերը` միմյանց տարատեսակ մեղադրանքներ ներկայացնելով: Դատական գործընթացները և ստեղծված տարբեր հանձնախմբերը դժբախտաբար չկարողացան համոզիչ և ամբողջական ներկայացնել տեղի ունեցածը: Այդպես էլ չպարզվեց, և դատական ատյանների առաջ չկանգնեցին նրանք, ովքեր իրական մեղավորներն էին այդ իրադարձությունների: Արդյունքում դատարաններում և բանտերում հայտնվեցին նաև շատ մարդիկ, ովքեր փաստացի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին: Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորը ընդդիմության անհեռատես և անպատասխանատու ղեկավարությունն էր, իսկ պատասխանատուն` ժողովրդի բողոքին անտարբեր ու միայն բիրտ ուժին ապավինող իշխանության բարձրագույն օղակը: Հաշվի առնելով, որ մարտիմեկյան գործով պատասխանատվության չկանչվեցին իրական բոլո՛ր պատասխանատուները` Արմենական-ՌԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել այդ գործով դեռևս կալանքի տակ գտնվողներին, հարգել անմեղ զոհերի հիշատակը, դադարեցնել ամեն մի շահարկում և, միաժամանակ, համոզիչ երաշխիքներ տալ, որ նման վայրենի առճակատումներ այլևս չեն կրկնվի ժողովրդավարությունը որպես դավանանք ընդունած մեր երկրում:
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել