HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Այս տարին հայ-վրացական հարաբերությունների համար կդառնա բեկումնային»

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցիում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետև ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաև պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին երկու պետությունների ղեկավարները ամփոփել են այցի արդյունքները: Միխեիլ Սաակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ Բաթումիում կայացած ոչ ֆորմալ հանդիպման կապակցությամբ և նշել. «Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք և անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից և այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն»: «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած մնալ, այլ առաջ գնալ»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, կիրակի կեսօրին ավարտվել է Հայաստանի Հանրապետության ղեկավարի երկօրյա մասնավոր այցը հարևան Վրաստան և նախագահ Սերժ Սարգսյան վերադարձել է Երևան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter