HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ալավերդու պատմության մեջ դեռ նման ցուցանիշ չի եղել»,- հավաստիացնում է քաղաքապետը

Փետրվարի 26-ին կայացած Ալավերդու ավագանու հերթական նիստում    օրակարգային 4 հարցերը, այդ թվում համայնքի 2009 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ավագանին հաստատեց միաձայն: Ավագանու անդամները քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ տեսակետ չհայտնեցին: Նրանք ակտիվանում էին միայն քվեարկությունների ժամանակ:

Ներկայացնելով 2009 թ. բյուջեի կատարման քաղաքապետի տարեկան հաշվետվությունը` Ա. Նալբանդյանը տոկոսային թվերով գնահատականներ էր տալիս համայնքի 2009 թ. իր կողմից պլանավորած և ծախսված բյուջեին, իսկ ավագանին գլխի չէր ընկնում`արդյոք նրա մեկնաբանությունները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ավագանին երբևէ չի քննարկում նաև քաղաքի բնակչության շրջանում քննարկվող բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը: Օրինակ` 2009 թ. բնապահպանական մասհանումների 6,2 մլն դրամով «բարեկարգվել» է Ալավերդու Թումանյանի փողոցում գտնվող, եղեռնի հուշարձանին հարող փոքրիկ պուրակը, որտեղ փաստաթղթերով նախատեսված 300 ծառերի տնկիներն ու ծաղիկների թփերն այդպես էլ պուրակ չեն մտել, իսկ 2009 թ. հաշվետվության մեջ 6,2 մլն դրամ ծախսը ներկայացվել է խորհրդային տարիներից պուրակում ժառանգություն մնացած մի քանի վարդի թփերի տեսքով: 2009 թ. քաղաքի Ջրավազան թաղամասի հեղեղատարի մաքրման համար նախատեսված 5,8 մլն դրամի ծախսումների արդյունքում մաքրվել է հեղեղատարի ընդամենը մի փոքր հատվածը: Ալավերդցիներին արժանահավատ չեն թվում ամեն տարի քաղաքի նույն` կենտրոնական փողոցներում բնապահպանական մասհանումներից 26-27 մլն դրամի հատկացումներով փոսանորոգումների աշխատանքները, որոնք 1-2 անգամ անձրև տեղալուց հետո նորից ստանում են նախկին տեսքը: Փետրվարի 26-ին ալավերդցիները «Անկյուն +3» հեռուստաընկերության ստուդիայում հյուընկալված քաղաքապետին հայտնեցին իրենց դժգոհությունը Ալավերդու հակասանիտարական վիճակի մասին: Նշենք, որ 2009 թ. քաղաքի մաքրման համար բյուջեից հատկացվել է շուրջ 40 մլն դրամ: Այդուհանդերձ, ըստ հաշվետվության, 2009 թ. Ալավերդի համայնքի բյուջեի եկամուտների համար ծրագրվել է հատկացնել 369,4 մլն դրամ, որի փաստացի մոտքերը կազմել են 349,3 մլն դրամ, ծախսերը` 340 մլն դրամ: «Ես ուզում եմ` էս թվերին ուշադրություն դարձնեք: Երբ մենք նախորդ տարի՝ 2008-ին, արդեն եկամուտների գծով մեր ցուցանիշը 87, 8 տոկոս էր, մենք մեզ համար սա բարձր ցուցանիշ համարեցինք, և փորձում էինք նաև ինչ-որ տեղ պարծենալ, որ Ալավերդու քաղաքապետարանը նման ցուցանիշ երբևիցե չի ունեցել, իսկ արդեն 2009 թ. 95,4 տոկոս է: Մենք այլևս իրավունք չունենք 95 տոկոսից ցածր ցուցանիշ ցույց տալու,- ասաց քաղաքապետը և հավելեց,- 2009 թ. 2008 թ.-ի համեմատ ավելի իրատեսական ու ռեալ բյուջե ենք ունեցել, որից հողի հարկը կատարվել է 108 տոկոսով, նախորդ տարի եղել է 34,4 տոկոս, ես կրկնում եմ, Ալավերդու պատմության մեջ դեռ նման ցուցանիշ չի եղել, սա իրոք մեր աշխատանքն է, որ կարողացել ենք հասնել»: Քաղաքապետի 2008 և 2009 թթ. հաշվետվության մեջ ներկայացված բյուջեի եկամուտների պլանավորման և մուտքերի ապահովման դինամիկա համեմատելիս պարզվեց, որ 2008 թ. պլանավորված 389 մլն դրամ եկամուտների դիմաց 2009 թ. եկամուտները պլանավորվել են 20 մլն դրամով պակաս` 369,4 մլն դրամ: 2008 թ. 135,8 մլն դրամ սեփական հարկային եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 84 մլն դրամ: 2009 թ. քաղաքապետը պլանավորել է 40 մլն դրամ պակաս` 95,3 մլն դրամ եկամուտներ, վերջինիս փաստացի մոտքերը կազմել են 76,2 մլն դրամ: Որքան էլ Արթուր Նալբանդյանը նախորդ տարվա համեմատ պակասեցրել է 2009 թ. բյուջեի սեփական հարկային եկամուտները, այդուհանդերձ, 2008 թ.-ի համեմատ 2009 թ. 7,8 մլն դրամով պակաս է հավաքագրել բյուջեի սեփական հարկային եկամուտները: Այս դեպքում անհասկանալի է, թե պարծենալու արժանի որ ցուցանիշի մասին էր նա խոսում: Հողի հարկի 2008 թ. պլանավորված 16,65 մլն դրամ եկամուտների համեմատ 9 մլն դրամով նվազեցվել է նաև 2009 թ.-ի հողի հարկի եկամուտը: Այն 2009-ին կազմել է 7,04 մլն դրամ, որի փաստացի մուտքերը կազմել են 7,65 մլն դրամ: Այստեղ էլ իրականում հողի սեփական եկամուտների նվազեցման արդյունքում է արհեստականորեն ստեղծվել 2009 թ.-ի հողի հարկի կատարման 108,8 տոկոս ցուցանիշը: Գույքահարկի 2009 թ. եկամուտները 2008 թ. 47 մլն դրամի դիմաց նախատեսվել է 27 մլն դրամ, որը նվազեցվել է 20 մլն դրամով: Փաստորեն, քաղաքապետը, Ալավերդի համայնքի բյուջեում կրճատելով սեփական հարկային եկամուտները, բյուջեն ձևավորել է հիմնականում պետբյուջեից ավելացված պաշտոնական տրանսֆերտների հաշվին, որոնք 2008 թ. 253,3 մլն դիմաց 2009 թ. կազմել են 269,9 մլն դրամ, այդ թվում դոտացիան 2008 թ. 130 մլն դրամի դիմաց դարձել է 163, 6 մլն դրամ, բնապահպանական վճարները 2008 թ. 68 մլն դրամի դիմաց կազմել են 103 մլն դրամ: Փետրվարի 9-ին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի 2009 թ. աշխատանքային գործունեության հաշվետվությանն անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Ես չեմ ցանկանա, որ ինչ-որ ժամանակ հետո մենք կանգնենք մի փաստի առաջ, որ մեր համայնքների ղեկավարները 2008 թ. համեմատ ավելի քիչ եկամուտներ են նախատեսել, որ 2009 թ. տարվա վերջին ավելի հեշտ կատարեն այն: Սա, ճիշտն ասած, ո'չ ինձ, ո'չ մարզպետին, ո'չ էլ Ձեր ազգաբնակչությանը պետք չէ»: Փոխվարչապետ Ա. Գևորգյանը հանձնարարեց Լոռու մարզպետին մինչ այս տարվա մարտի 1-ը համայնքապետերի հետ քննարկել և օբյեկտիվորեն արտացոլել համայնքների սեփական հարկային եկամուտները: Այսօր մարտի 1-ն է, իսկ փոխվարչապետի հանձնարարականը այդպես էլ մնացել է օդի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter