HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս

Մարտի 1-ին «Թեքեյան կենտրոն»-ի մեծ դահլիճում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս:

Հավաքին հրավիրվել էին և իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ: Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհված հայորդիների հիշատակը: Կարևորելով այդ օրվա պատմական նշանակությունը` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ Մարտի 1-ի տասը զոհերը Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության համար զոհված անձինք էին, և այսօր իրապես վտանգված է Հայոց պետականությունը, և հայ ժողովուրդը խնդիր ունի ստեղծելու Անկախ և Ազատ Հայաստան:

Մարտի 1-ին Հայաստանում իշխանությունը ժողովրդից բռնազավթած մի խումբ մարդկանց հրամանով հայ ժողովրդի վրա կիրառվեց հրազեն, և այդ օրը իշխանություններն իրենց դրեցին օրենքից դուրս վիճակում, և հայ ժողովուրդը, նրան առաջնորդող անձիք պայքարի մարտավարություն մշակելիս պետք է ելնեն միմիայն այդ իրողությունից:

Հայաստանում առկա տնտեսական, սոցիալական, իրավական, բարոյահոգեբանական ճգնաժամը հետևանք է այն իրողության, որ նախկին և ներկա իշխանությունները, տարիներ շարունակ կողոպտելով ու թալանելով հայ ժողովրդին, հանցավոր կերպով սեփականաշնորհելով ազգային հարստությունն ու բաշխելով այն մի քանի անձանց միջեւ` առավելագույն չափերի հասցրին սոցիալական բևեռացումը, աղքատությունն ու անարդարությունը, բարոյազրկումն ու նյութապաշտությունը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ առավել խոցելի և անընդունակ` իրապես դիմակայելու արտաքին որևէ լուրջ մարտահրավերի` դատապարտված լինելով կատարելու տարածաշրջանում կենսական շահեր ունեցող պետությունների կամքը:

Այդ մասին կարծիքներ հայտնեցին մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանը և Տիգրան Խզմալյանը, ԱՍՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, «Մոնթե Մելոքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Յենիգոմշյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, «Կենաց տուն» հասարակական կազմակերպության մշակութային կենտրոնի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ Ալիկ Արզումանյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որը ներկաներին իրազեկեց «Սարդարապատ» շարժման սկզբունքների, մոտեցումների, Հանրապետությունում առկա իրավիճակը շտկելու նպատակով գործնական քայլերի մասին: Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները որակելով որպես լրջագույն վտանգներ` ուղղված ՀՀ Ազգային Անվտանգությանը` Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց ներկաներին, շարժման բոլոր համախոհներին, որ այսուհետ ևս, էլ ավելի պատրաստակամ, վճռական կեցվածքով և միակամ, համատեղ գործնական քայլերով փոխեն հայության ֆիզիկական և հոգևոր գոյությանը վտանգող իրողությունները: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ 01.03.10թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter