«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և սա գաղտնիք չէ»,- երեկ իր ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
«Նա չի թաքցնում, որ պատրաստվում է պատերազմի և փորձում է գերակշռություն ստանալ` ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով ձեռք բերված համաձայնությունների` նոր սպառազինություններ, գերակշռող ռազմական առավելություն ունենալ»,- նշեց նա:
Արամ Սաֆարյանն Ադրբեջանի մասին նաև ասաց. «Նրանք ստորագրում են մի թուղթ, խոսում են մի բանից, գնում, անում են ուրիշ բան: Ուրեմն այստեղից կասկած կա, չէ՞, որ նրանք իրականում ոչ մի զիջման էլ չեն ուզում գնալ: Ընդհնարապես ոչ մի զիջման»:
Ձերբակալվել է
Թերթի տեղեկություններով` Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է «Որոգայթ» և «Կյանքի գինը» սերիալներում ճանաչում ձեռք բերած հայտնի կերպարներից մեկը: Նա շուտով կբերվի Հայաստան:
Հանցաշխարհը մարմնավորող դերասանը, ըստ շրջանառվող լուրերի, հայաստանյան բանկերից խոշոր գումարներ էր վերցրել, յուրացրել դրանք և դիմել փախուստի:
Մնացին շներն ու կատուները
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 1999-ից այս պաշտոնն է զբաղեցնում: Նա իր պաշտոնավարման ժամանակահատվածը շատ արդյունավետ է օգտագործել` իր բոլոր հարազատներին ու մտերիմներին տեղավորել է աշխատանքի, բարձր պաշտոններ տվել:
Վանաձորում արդեն անեկդոտներ են շրջում, որ մնացին Դարբինյանների կատուներն ու շները` դրանց էլ տեղավորի ու դուրս կգա քաղաքապետարանից: Նրա ազգականների մի մասը բուն քաղաքապետարանում է տեղավորվել, մյուսները` կրթական օջախներում: Առաջին փուլով պաշտոնների են նշանակվել իր փեսաներն ու աղջիկները, հիմա հերթը հասել է երկրորդ սերնդին` քույրերի փեսաներին ու զավակներին:
Դարբինյանն իր մի քրոջը մանկապարտեզի վարիչ է նշանակել, մյուսին` դպրոցի տնօրեն: Քրոջ աղջիկներից մեկին մոտ մեկ տարի առաջ է մանկապարտեզի վարիչ նշանակել, իսկ մյուսին` Քրիստինե Պապանյանին, արդեն մեկ ամիս է` նշանակել է մանկապարտեզի վարիչի պաշտոնակատար: Մոտ օրերս էլ կայանալիք ավագանու նիստում կլինի վերջնական նշանակումը: Իսկ մանկապարտեզը լավագույններից է` կառուցվել է երկրաշարժից հետո:
Շատ անկեղծ հերքում
«Եթե աշխարհում գտնվի մի մարդ, որը կարող է ապացուցել, որ ես, բացի ավտոմեքենաներից, որևէ ապրանք եմ ներկրել Հայաստան, ես այդ ներկրող ընկերությունները կնվիրեմ տվյալ մարդուն»,- հայտարարել է ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը:
«ՉԻ» - Ուշադրություն դարձրեք, Անդրանիկ Մանուկյանը չի ասում, որ ինքը ավտոմեքենաներից բացի այլ բան չի ներկրել: Ասում է` ոչ ոք չի կարող ապացուցել դա: Բայց մեծ հաշվով, խնդիրը նույնիսկ սա չէ: Ի վերջո, նրա վերաբերյալ այդ տեղեկությունները հայտնվել են ռուսական շատ կոնկրետ լրատվամիջոցում, և նա, հայ ընթերցողների վրա «մուննաթ գալու» փոխարեն, ճիշտ կաներ, եթե փորձեր հարաբերություններ պարզել հենց այդ լրատվամիջոցի հետ:
Անհասկանալի է նաև, թե ինչու է նա պարծենում , որ նախարար աշխատած տարիներին «հիմքից մինչև տանիք» ինքն է կառուցել «Մետրոպոլ» հյուրանոցը: Պետական պաշտոնյաներն, ինչպես հայտնի է, իրավունք չունեին և հիմա էլ չունեն զբաղվել բիզնեսով, այնպես որ` այդ փաստարկը, մեծ հաշվով, այնքան էլ Անդրանիկ Մանուկյանի օգտին չի խոսում:
Բայց լավ է գոնե, որ նա ինչ որ կերպ անդրադարձել է այդ հրապարակումներին: Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն, օրինակ, առ այսօր ընդհանրապես ձայն չեն հանել:
Մնացին անփոփոխ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ` անփոփոխ թողնելով սպառողներին մատակարարվող էլէներգիայի վերջնական սակագները: «Այս վերանայումը պայմանավորված էր գազի սակագների վերանայմամբ: Ճշգրտվեցին էլէներգետիկական շուկայում լիցենզավորված որոշ ընկերությունների սակագներ` պայմանավորված ինչպես գազի նոր սակագնով, այնպես էլ դոլար-դրամ փոխարժեքի տատանումով, և արդյունքում սակագինը սպառողների համար մնաց անփոփոխ»,- ասել է հաձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ըստ հանձնաժողովի` վերջնական սպառողների համար սակագնի անփոփոխ թողնելը հնարավոր է Երևանի ՋԵԿ-ում համակցված շոգեգազային ցիկլով էնեգաբլոկի շահագործման հաշվին: Էներգաբլոկում Իրանից ստացվող 1 խմ գազից կստացվի 5 կՎտ-ժամ էլէներգիա, որից 3-ը կվերադարձվի գազի դիմաց, իսկ մնացածը էժան գներով կուղղվի համակարգ:
Դեր Զորում կոտորածի ապացույցներն ամեն քայլափոխի են
Ամերիկյան CBS հեռուստաընկերոթյունն իր «60 րոպե» ծրագրի շրջանակներում թողարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ: Հաղորդման ընթացքում նշվել է, որ միայն Սիրիայի Դեր Զորում կոտորվել են շուրջ 450 000 հայեր: «Կոտորածի ապացույցներն ամեն քայլափոխի են, բավական է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ահա այս խոսքերն են հնչել հաղորդման ընթացքում: Ամերիկացիները «հիշել են» նաև Ադոլֆ Հիտլերին` ընդգծելով, որ հրեաների ցեղասպանությունն իրականացնելիս Հիտլերը «ոգևորվել է» հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունից: Տեսանյութը, «բնականաբար», անմիջապես դարձել է թուրքական քննադատությունների թիրախ:
Գրանցվել է 4.7 տոկոս անկում, և ոչ թե 2.4 տոկոս աճ
«2010 թվականի հունվարի ՀՆԱ-ն, անցած տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, կազմել է 2009 թ. հունվարի ՀՆԱ-ի 95.3 տոկոսը, այլ կերպ ասած` 2010թ. հունվարին` նախորդ տարվա հունվարի նկատմամբ համադրելի գներով, գրանցվել է ՀՆԱ-ի 4.7 տոկոս անկում և ոչ թե 2.4 տոկոսի աճ:
Երբ հիմք ընդունելով ելակետային, մեղմ ասած, ոչ կոռեկտ թվերը, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի նախարարները վարչապետի գլխավորությամբ թմբկահարում են ՀՆԱ-ի 2.4 տոկոսանոց «տնտեսական աճի», ճգնաժամը հաղթահարելու մասին, ապա չես կարող չտագնապել: Ուստի և պետք է հակաճգնաժամային միջոցառումների այնպիսի համակարգ մշակվի, որը կբացառի կառավարության կողմից երկրի տնտեսության մեջ ստեղծված ծանր վիճակի ոչ համարժեք գնահատականը»,- համոզված է Արտաշես Գեղամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել