Մեկնարկել է Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքի հիմնանորոգումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների:
Քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն սալիկապատման աշխատանքներ:
Ծննդատան գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` արդեն 25 տարի գործող ծննդատան անմխիթար վիճակը չի կարող չանդրադառնալ բուժսպասարկման որակի վրա: «Նախեւառաջ բարվոք պայմաններն են, որ մայրերին ապահովության ու վստահության զգացում են ներշնչում, ինչը շատ կարեւոր է թե' նորածնի, եւ թե' սպասարկող անձնակազմի համար»,- նշեց գլխավոր բժիշկը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ունեցել են 193 ծնունդ:
Մարզի 7 քաղաքային ու շուրջ 60 գյուղական բնակավայրերը սպասարկող ծննդատանը 2009-ին ընդունվել է 1422 ծնունդ, սպասարկվել` 247 ամբուլատոր հիվանդ, վիրահատվել` 347 կին եւ բժշկական խորհրդատվություն ստացել` 17 656 հղի կին:
Հատկանշական է, որ առողջապահական ոլորտի ծրագրերի շրջանակում այս պահին ընթանում են նաեւ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային-հետծննդյան բաժանմունքի, «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «բ» մասնաշենքի, Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման, ինչպես նաեւ Գորիս քաղաքում «Զանգեզուր» սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել