Իսպանիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան
ԵՄ-ի` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսության շրջանակներում Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անգել Մորատինոսը կայցելի հարավկովկասյան երեք երկրներ:
Նախարար Մորատինոսն այցելում է տարածաշրջան Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի անունից`փոխանցելու բոլոր երեք երկրներին, որ Եվրոպական միության համար վերջիններս առաջնային նշանակություն ունեն հարևանության քաղաքականության շրջանակներում` Արևելյան գործընկերության համատեքստում:
Միգել Անգել Մորատինոսը կժամանի Հայաստան մարտի 2-ին: Մարտի 3-ին նա կուղևորվի Վրաստան, որտեղ կայցելի Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Իսպանիան կողմ են Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Հարավային Օսեթիայի և Աբխազիայի չճանաչման և այդ երկրների հետ առնչություն չունենալու քաղաքականությանը:
Եվրոպական միության համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում քաղաքությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Եվրամիությունը սերտորեն հետևում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հարավային Օսեթիայում և Աբխազիայում տիրող իրավիճակին: Այս, ինչպես նաև էներգետիկ բնագավառին վերաբերող հարցերը, կկազմեն երեք երկրների տարբեր ղեկավարների և քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքին առնչվող այլ ներկայացուցիչների հետ նախարար Մորատինոսի երկխոսության մասը:
Եվրոպական միությունը նախարարների մակարդակով կանոնավոր կապ է պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ: Նախորդ այցը տարածաշրջան տեղի է ունեցել Շվեդիայի` որպես ԵՄ նախագահող երկրի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի կողմից անցյալ տարի հուլիսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել