Ստեփանակերտցիների 23.3 տոկոսը չի ցանկանում մասնակցել քաղաքապետի ընտրություններին
Սեպտեմբերի 18-ին Արցախում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համեմատաբար ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ստեփանակերտի համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի ընտրությունները: Արցախի «Նոր էջ» անկախ թերթն ընտրություններից առաջ հարցախույզ է անցկացրել Ստեփանակերտում: Հարցմանը մասնակցել է շուրջ 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի ընտրելու իրավունք ունեցող 36 հազար քաղաքացիների 0.34 տոկոսը (120 հոգի):
Հարցումների համաձայն՝ եթե ընտրությունները տեղի ունենան մոտակա օրերին, ապա հաղթելու մեծ հնարավորություն ունի Արցախի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը, որի թեկնածությունը պաշտպանել է հարցվածների 27.5 տոկոսը: Երկրորդ տեղում 2004-2008 թթ. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Աղաբեկյանն է՝ 17.5 տոկոս: Երիտասարդ թեկնածու Մարատ Հասրաթյանի թեկնածությունը պաշտպանել է հարցվածների 7.5 տոկոսը:
Ինչպես սկզբից էլ ենթադրվում էր, հիմնական պայքարը տեղի կունենա Ս. Գրիգորյանի եւ Էդ. Աղաբեկյանի միջեւ: Իսկ եթե որպես վիրտուալ թեկնածու ընդունենք «Չեմ կողմնորոշվել» տարբերակը, ապա այն կզբաղեցնի ամենառաջին տեղը (28.3 տոկոս): Դա նշանակում է, որ բնակչության մի որոշ մասը չի կողմնորոշվել, թե ում պիտի ընտրի: Հարցվածների 18,3 տոկոսը ընտրել է «բոլորին դեմ» տարբերակը:
«Եթե ձեր նախընտրած թեկնածուն չմասնակցի ընտրություններին, այդ դեպքում ո՞ւմ եք տալու ձեր ձայնը» հարցին հարցման մասնակիցների 43.3 տոկոսը պատասխանել է՝ «Բոլորին դեմ եմ քվեարկելու», 35.8 տոկոսը «դեռ չի որոշել», Էդ. Աղաբեկյանն ու Ս. Գրիգորյանը ստացել են հավասար «ձայն»՝ 9.1 տոկոս, Մ. Հասրաթյանը՝ 3.3 տոկոս:
Հարցման ենթարկվածների 11.6 տոկոսի կարծիքով, ամենաանցանկալի թեկնածուն, որին երբեք ձայն չէին տա, Ս. Գրիգորյանն է, 8.3 տոկոսի կարծիքով՝ Մ. Հասրաթյանը: Էդ. Աղաբեկյանին անցանկալի թեկնածու է համարում հարցախույզի մասնակիցների 4.1 տոկոսը:
Հարցման համաձայն՝ Ստեփանակերտում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է հարցվածների 58.3 տոկոսը, 23.3 տոկոսը կտրականապես չի մասնակցելու ընտրություններին, իսկ 18.3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:
Հետաքրքիր ընտրապայքար է սպասվում Ստեփանակերտում: Ընդհանուր առմամբ այն կարծիքն է շրջանառվում, որ ավելի շատ քվեներ է ստանալու այն թեկնածուն, ով իր հանդիպումների ժամանակ եւ ելույթներում քննադատելու է իշխանություններին:
Հայկ Ղազարյան
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել