Հայաստանի եւ Իսպանիայի ԱԳ նախարարները հանդիպել են
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:
Է. Նալբանդյանը շնորհավորել է Միգել Անխել Մորատինոսին ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև` Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով:
Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` բնութագրելով Հայաստան – ԵՄ փոխհարաբերությունները` նախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները ներկայումս գտնվում են բեկումնային փուլում: Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: Անցյալ տարի մեկնարկած Արևելյան գործընկերությունը լայն հնարավորություններ է բացում մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնման համար»:
Խոսելով ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին` Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:
Նախարար Մորատինոսն էլ ասել է, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ, եւ ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին:
Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:
Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատել է Եվրոպական Միության անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնել, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:
Մտքեր փոխանակվել են արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միգել Անխել Մորատինոսի համատեղ մամուլի ասուլիսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել