
Փետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր:
Ինչպես տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը: Նա շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք եւ օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:
Արման Հակոբյանը մարզիկներին է հանձնել ՀՀ դեսպանության պատվոգրերը: Պատվոգիր է հանձնվել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության բարձր մակարդակի ապահովման: Պատվոգիրն ընդունել է հայկական պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով իր հերթին Արման Հակոբյանին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հուշամեդալը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել