HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ես Լևոն Տեր-Պետրոսյանը չեմ»

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լիովին պաշտպանում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր գործիչն ինքը` հավելելով, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ ընդհանրապես դա բխում է նախաձեռնողական արտաքին քաղաքականության տրամաբանությունից: «Իհարկե, մի շատ կարևոր վերապահումով, որը չի վերաբերում արձանագրությունների բովանդակությանը: Արձանագրությունները պետք է վավերացվեն առանց վերապահումների: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովը, առաջինը վավերացնելով հանդերձ, պետք է որոշակի ժամկետ ֆիքսի (ինչպես առաջարկում էր Դավիթ Շահնազարյանը ամիսներ առաջ), որ եթե Թուրքիան դիցուք 3 ամսում չվավերացնի արձանագրությունները, գործընթացը համարվում է առ ոչինչ: Բայց ես կարծում եմ` ոչ թե մենք պետք է սպասենք և նախաձեռնությունը ամբողջովին զիջենք Թուրքիային, որպեսզի նրանք առաջինը վավերացնեն, այլ ճիշտ հակառակը` մեր պարտավորությունները, որ ստանձնել ենք նաև միջազգային խաղացողների առաջ, մենք պետք է ռեալիզացնենք ամբողջ ծավալով: Շատ ուրախ կլինեի, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը հենց լիներ դա»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: «Բայց ՀԱԿ-ում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ բացարձակ, տրամագծորեն հակառակ բան էր ասում հենց հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների վավերացման վերաբերյալ»,- լրագրողի հարցին նա պատասխանեց. «Բայց ես Սուրեն Սուրենյանցն եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը չեմ»: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևին` նա նշեց, որ ԱՄՆ-ն չի ընդունի բանաձևը: «Ինձ զարմացնում է այն մթնոլորտը, որ այսօր ստեղծված է Հայաստանում, ինչ-որ տեղ` վիրավորական մթնոլորտ, որովհետև մենք շատ սիրով խաղում ենք մանրադրամի դեր թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ես չէի ուզենա, որ նման քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող ժողովուրդը նման պրիմիտիվ ընկալումներ ունենա այդ խնդիրներում: Ամենակարևորը այն կլինի, որ հենց Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, դա մոտ ապագայի խնդիր չէ, բայց ես հավատում եմ նման հեռանկարի: Խորհուրդ չէի տա, որ մենք անընդհատ մեր պարզունակ հայացքով ներքաշվենք մեկ թուրք-ամերիկյան, մեկ ֆրանս-թուրքական հարաբերությունների մեջ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Ասուլիսի մյուս բանախոսը` Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, համաձայնեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած քաղաքական գործընթաց է այն, որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հերթական անգամ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծ: «Այս գործընթացը որևէ ուղղակի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց Արտակ Զաքարյանը: Լրագրողներից մեկը Սուրեն Սուրենյանցին ասաց, որ ՀԱԿ-ի այլ անդամներ հրաժարվել են Հանրապետական կուսակացության ներկայացուցիչների հետ բանավիճելուց` պատճառաբանելով, որ «Հանրապետականի հետ ընդհանրապես խոսելիք չկա»: «Չե՞ք կարծում, որ այսօր այս բանավեճին ներկա լինելու պատճառով` քննադատության կենթարկվեք Ձեր գործընկերների կողմից»,- հարցրեց լրագրողը: «Սեփական դիրքորոշում ունենալը ինձ համար ամենամեծ հարստությունն է: Իսկ Հանրապետակայն կուսակցությունում ես ունեմ բազմաթիվ հրաշալի ընկերներ և բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այդ կուսակցությունում մարդիկ են, որոնք երկրի վատն են ուզում: Եթե մենք ունենք տարբեր մոտեցումներ` տարբեր խնդիրների շուրջ, դա բացարձակապես չպիտի ազդի մարդկային հարաբերությունների որակի վրա: Ես իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպում եմ, և որևէ բարդույթ չունեմ: Մարդու մեջ ես առաջինը գնահատում եմ նրա որակը, նրա ձգտումը, հետո նոր կուսակցական պատկանելությունը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter