Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է խուլիգանության մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Երեւանի վարչության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազորի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանը 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է հիշյալ ակումբի անվտանգության աշխատակիցներ Տ. Հովակիմյանի եւ Ռ. Կիրակոսյանի հետ, հայհոյել եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն 2 կրակոց արձակել: Բացի այդ` Գ. Գրիգորյանը վիճաբանել է նաեւ դեպքի վայր ժամանած «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցներ Գ. Կիրակոսյանի եւ Կ. Հովհաննիսյանի, ինչպես նաեւ ակումբի անվտանգության մյուս աշխատակից Հ. Գալստյանի եւ դեպքի վայր վերադարձած Տ. Հովակիմյանի եւ Ռ. Կիրակոսյանի հետ: Վիճաբանության ժամանակ Գ. Գրիգորյանը ձեռքով հարվածել է Տ. Հովակիմյանի դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնասվածք: Այնուհետեւ Գ. Գրիգորյանը փորձել է կրկին զենք գործածել, բայց վերը նշված անձինք ուժի գործադրմամբ կանխել են նրա խուլիգանական գործողությունները եւ ատրճանակը խլել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել