HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Քննիչն ու դատախազն ամեն ինչ արեցին հարցերին չպատասխանելու համար

«Եթե Ձեր մասնագիտական գործունեությունից դժգոհ լինելով` վիրավորական արտահայտություններ անեմ Ձեր հասցեին, դատախազությունը կգտնի, որ իմ արարքներում հանցակազմ չկա՞»,- փասատաբան Հայկ Ալումյանի այս հարցին դատախազ Սերգեյ Աբրահամյանը չպատասխանեց, միայն խնդրեց, որ Ալումյանը հարցը կոռեկտ ձեւակերպի: Իր անձի նկատմամբ այդչափ հարգանք պահանջող դատախազը հիմնավորված է համարել, որ «Ազատամտություն» օրաթերթի լրագրողները չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորական արտահայտություններ եւ կոլաժ հրապարակելու համար: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ըննդեմ Կենտրոն վարչական տարածքի քննիչ Աշոտ Մխիթարյանի կայացրած որոշման, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով (Վիրավորանք): Կարճման հիմք էր հանդիսացել վիրավորական արտահայտություններով լի հրապարակումների հեղինակներ Էդուարդ Գրիգորյանի, Կիմա Եղիազարյանի, Լուսինե Կեսոյանի եւ թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի բացատրությունների, որոնց համաձայն ` իրենք նպատակ չեն ունեցել վիրավորել Զարուհի Փոստանջյանին, այլ ընդամենը իրենց վերաբերմունքն են արտահայտել նրա մասնագիտական գործունեության վերաբերյալ: Փոստանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը գործը հսկող դատախազից եւ քննիչից անընդհատ փորձում էր պարզել, թե հրապարակված նյութի բովանդակությունը, վիրավորական արտահայտություններն ու կիսամերկ կնոջ նկարով կոլաժը ինչ կապ ունեն պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, սակայն դատախազն ու քննիչն ամեն ինչ արեցին, որպեսզի հարցին ուղղակիորեն չպատասխանեն: Նրանք անընդհատ վկայակոչում էին նյութերի հեղինակների խոսքերը, թե նրանք նպատակ չեն ունեցել վիրավորելու: Դատավոր Գայանե Կարախանյանի հարցին, թե արդյո՞ք որեւէ այլ փաստով հիմնավորվել է, որ հեղինակները Փոստնաջյանին վիրավորելու դիտավորություն չեն ունեցել, դատախազը պատասխանեց, թե կան, սակայն այդպես էլ որեւէ այլ փաստ չվկայակոչեց` մշտապես կրկնելով, թե հեղինակներն ասել են, որ անձամբ չեն ճանաչում պատգամավորին եւ նրան վիրավորելու ցանկություն չեն ունեցել: Նշենք, որ թե քննիչը, թե դատախազը ընդունում են, որ հրապարակված նյութերն ու կոլաժը վիրավորում են պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, սակայն հանցակազմ այդտեղ չեն տեսնում: Փաստաբան Հայկ Ալումյանը ստիպված էր նույն հարցը տարբեր կերպ ձեւակերպել, որպեսզի պատասխան ստանար, որից դատախազը դժգոհում էր. «Հարցը կրկնվում է»: Սրան ի պատասխան` փաստաբանը նկատեց. «Հարցի պատասխանից համառորեն խուսափելու ձեր գործելաոճն էլ է կրկնվում»: Դատական նիստի ավարտից հետո լրագրողները եւս ապարդյուն ջանքեր գործադրեցին դատախազից պատասխան ստանալու համար: Եթե Ձեր դեմքը հարմարեցնենք մերկ մարմնին եւ տպագրենք, արդյո՞ք այդտեղ հանցակազմ չեք տեսնի. այս հարցին հարցերի խուսափելու մեջ վարպետացած Սերգեյ Աբրահամյանը պատասխանեց. «Ենթադրություններով իրավունք չունենք օրենք պարզաբանել, կոնկրետ դեպքը քննարկվում է կոնկրետ գործի շրջանակներում»: Փաստաբան Հայկ Ալումյանը, «Հետքի» հետ զրույցում մեկնաբանելով դատախազի եւ քննիչի արարքները, պատմեց մի պարսկական պատմություն. «Մի շահ պարուհի է ունենում, այս պարուհին գերի է ընկնում մեկ այլ շահի մոտ: Պարուհու նախկին տիրոջը անընդհատ լուրեր են հասնում, որ իր պարուհին շատ լավ է պարում այլ շահի մոտ: Արշավանքներից մեկի ժամանակ հետ է վերցնում իր պարուհուն եւ կանչում է իր մոտ: Պարուհին ներողություն է խնդրում, ասում է, թե ես թույլ կին եմ, ինչ հրամայել են, դա էլ արել եմ: Շահն էլ ասում է` ես քեզ չեմ մեղադրում, որ պարում էիր, այլ մեղադրում եմ, որ շատ լավ էիր պարում: Պարել կարող են ստիպել, բայց լավ պարել` ոչ: Դա արյան մեջ պետք է լինի»: Դատական նիստը կշարունակվի մարտի 11-ին, ժամը 12:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter