HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստահակներին սանձելու ժամանակը»

Փաստաբան Լուսինե Սահակյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ճանապարհային ոստիկանության 4 տեսուչների` հենց այն քրեական գործով, որով ոստիկանության կենտրոնի քննչական բաժինը նրանցից երկուսին ճանաչել էր որպես տուժող: Իսկ երկու երիտասարդների մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար: Այսպես` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում 2009 թ. հունիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Հակոբյանի և Արտակ Մուսայելյանի կողմից իշխանության ներկայացուցչի` ոստիկաններ Արման Չուխաջյանի ու Հակոբ Ջանայանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ: Արման Չուխաջյանն ու Հակոբ Ջանյանը քրեական գործով զեկուցագրեր են գրել և որպես տուժող ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր Արթուր Հակոբյանն և Արտակ Մուսայելյանը բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և նրանք կալանավորվել էին: Դա կատարվել էր այն պայմաններում, երբ ոստիկաններին «դիմադրություն ցույց տալու» հետևանքով Արտակ Մուսայելյանն ու Արման Չուխաջյանն ստացել էին բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում Ա.Հակոբյանը քթոսկրի երկու կոտրվածք, Ա.Մուսայելյանը գլխուղեղի ցնցում: Գործը քննող ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր պաշտպանության տակ առնել ոստիկաններ Ա. Չուխաջյանին ու Հ. Ջանյանին, անգամ անմեղ մարդկանց մեղադրելու և կալանավորելու գնով: Իրականում 2009թ. հունիսի 27-ին Երևանի Պարոնյան փողոցում կայանած, Արթուր Հակոբյանի ավտոմեքենային, իրենց ծառայողական ավտոմեքենայով մոտեցել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ Հ.Ջանյանն ու Ա.Չուխաջյանը: Ծանոթ լինելով Արթուր Հակոբյանին ոստիկանները խոսակցության են բռնվել Արթուր Հակոբյանի հետ: Խոսակցության ընթացքում Արթուր Հակոբյանին է մոտեցել նաև վերջինիս ընկեր Արտակ Մուսայելյանը: ՃՈ աշխատակիցներ Հ.Ջանյանն ու Ա.Չուխաջյանը իրենց ծառայողական պարտականությունների հետ բացարձակ առնչություն չունեցող մտացածին պատճառով վեճի են բռնվել Ա.Մուսայելյանի հետ, ապա ռադիոկապով նշված վայր կանչելով ՃՈ մի քանի այլ աշխատակիցների, նրանց հետ միասին սկսել են հայհոյանքներ տալ Հ.Հակոբյանի և Ա.Մուսայելյանի հասցեին, որի և բռնություն գործադրելով Ա.Մուսայելյանի նկատմամբ, ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Բաժնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են դաժան ծեծի ենթարկել Ա.Մուսայելյանին, ինչպես նաև ծեծի հետևանքով վերջինիս ձայնը լսած և բաժնի շենք մտած Ա.Հակոբյանին: Արդյունքում Ա.Հակոբյանն և Ա.Մուսայելյանը ոստիկանության բաժնից շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պահանջել են, որ նրանք բուժում ստանան հիվանդանոցային պայմաններում, անգամ այդ մասին գրվել է Ա.Հակոբյանի և Ա.Մուսայելյանի հիվանդության պատմագրերում, սակայն ոստիկանները դա թույլ չեն տվել և նրանց հարկադրաբար տարել են հիվանդանոցից: ԵՎ չնայած, այն հանգամանքին, որ Ա.Հակոբյանը և Ա.Մուսայելյանը քրեական գործով եղել են իրական տուժողները, նրանք դաժանաբար ծեծի են ենթարկվել ճանապարհային ոստիկանների կողմից, այդուհանդերձ ձերբակալվել են ոչ թե ոստիկանները, այլ նրանց կողմից բռնության ենթարկվածները: Ձերբակալված անձանց պահման վայրում Ա.Հակոբյանի և Ա.Մուսայելյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով 2 ան•ամ շտապօգնության բժիշկներ են հրավիրվել: Նման պայմաններում ոստիկանությանը չհաջողվեց կոծկել իրականությունը, Ա.Հակոբյանի և Ա.Մուսայելյանի պաշտպանների բազմաթիվ դիմումների և բողոքների արդյունքում 2009թ. հուլիսի 28-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու, որտեղ իրականացված նախաքննությամբ պարզվել է իրականությունը: Ա.Մուսայելյանն ու Ա.Հակոբյանը ազատ են արձակվել կալանքից, իսկ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Արման Չուխաջյանին, Հակոբ Ջանյանին և նրանց հետ միասին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ճանապարհային ոստիկանության ևս երկու աշխատակիցների  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է Արման Չուխաջյանի եւ Հակոբ Ջանայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչը սակայն դատարանը մերժել է: Դատախազությունն այժմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` հիմնավորելով ոստիկանության տեսուչներին կալանավորելու անհրաժեշտությունը: Հետաքրքիր է ինչպիսին է լինելու ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը, այն նույն դատարանի, որի որոշմամբ էլ նախկինում կալանավորվել էին իրական տուժողները` Արտակ Մուսայելյանն ու Արթուր Հակոբյանը: Հարկ է նշել նաև, որ ոստիկանությունում ծառայության ոչ այնքան երկար փորձ ունեցող Հակոբ Ջանյանի և Արման Չուխաջյանի «կարիերայի» ընթացքում սա առաջին հերոսությունը չէ: Դեռևս 2009թ. հունվարին սույն ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց կողմից տուգանվող վարորդը հեռախոսով նկարում է իրենց: Դա բավարար էր եղել նրանց համար, որ հարձակվեն ու բռնություն գործադրեն նկարահանող վարորդի ու ուղևորի նկատմամբ: Այդ փաստով ևս ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել ու ոստիկանները ճանաչվել էին տուժող: Ի վերջո այդ քրեական գործը կարճվեց և ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա ոչ ոք չդատապարտվեց, սակայն անպատիժ մնացին նաև ճանապարհային ոստիկանները, ինչն իր դերն ունեցավ նրանց հետագա առավել սանձարձակ վարքագծի համար: Վաղուց է հասունացել ոստիկանի առանց այն էլ չփայլող վարկն ու համազգեստի պատիվն արատավորող  ստահակներին սանձելու ժամանակը: Առաջին քայլը կատարված է, սակայն ինչ ապագա կունենա այս գործը դեռ պարզ չէ, սպասենք կտեսնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter