HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունեց «Արտոկ գրուպ» միջազգային ներդրումային ընկերության նախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց «Արտոկ գրուպ» միջազգային ներդրումային ընկերության (Եգիպտոս) նախագահ Մոհամադ Շաֆիկ Գաբրին: Հանդիպմաը ներկա էր նաեւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայնԱ. Գեւորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցելելու կապակցությամբ եւ կարեւորեց ընկերության կողմից Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումը: Որպես հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նախագահ` Ա. Գեւորգյանն ընկերության հետ հնարավոր գործակցությունը համարեց հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ: Մ. Գաբրը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները մի քանի տարի առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել ներդրումային հնարավորություններին եւ ընդգծեց, որ տպավորված են վերջին տարիներին տնտեսական ոլորտում Հայաստանի արձանագրած զարգացումներով: «Արտոկ գրուպ»-ի նախագահն անդրադարձավ նաեւ Կահիրեի արվարձաններից մեկում հաջողությամբ իրագործված «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առավել փոքր մասշտաբով իրականացնելու հնարավորությանը: Մ. Գաբրը նշեց, որ ընկերությունը հետաքրքրված է նաեւ Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարով: Փոխվարչապետը հյուրերի խնդրանքով ներկայացրեց Երեւանի քաղաքաշինական ծրագրերը: «Արտոկ գրուպ»-ի նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել շինարարական կազմակերպությունների հետ` Երեւանում կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու եւ համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է արտասահմանյան ներդրումային ծրագրերը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրանց իրագործմանը` ընդգծելով Հայաստանում նմանատիպ ծրագրերի հաջող ընթացքը: Փոխվարչապետի խոսքով` հանրապետության ղեկավարությունը եւ քաղաքային իշխանությունները պատրաստ են լիարժեք քաղաքական աջակցություն ցուցաբերելու նոր քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը` համապատասխան ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում: Նա նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է նաեւ զբոսաշրջության ոլորտին վերաբերող նախագծերով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության մասնագետները մի քանի օր կանցկացնեն Երեւանում` առավել մանրամասն ծանոթանալու ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի կողմից շինարարության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ համագործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը հյուրերին առաջարկեց հաջորդ այցի ընթացքում լինել նաեւ մարզերում` երկրի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter