HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանում կկարգավորվի՞ շահերի բախումը

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը Ռումինիայի իր գործընկերոջ հետ մարտի 1–7-ը ուսուցողական այց է կազմակերպել դեպի Ռումինիա: Թեման շահերի բախումն է` հատկապես պաշտոնատար անձանց շրջանում, ինչպես նաև գույքի եւ եկամուտների հայտարարագրի կարգավորումն ու ներկայացման հարցերն այդ երկրում: Հայաստանից Ռումինիա է մեկնել տաս հոգանոց խումբ, այդ թվում` ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, Արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներից եւ այլն: «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը «Հետքին» փոխանցեց, որ ընտրել են Ռումինիայի փորձի ուսումնասիրությունը,  քանի որ, ուսումնասիրելով Եվրոպայի փորձը այս ոլորտում, իրենց փորձագետը գտել է, որ Ռումինիայի փորձը քիչ թե շատ կիրառելի է Հայաստանի համար: «Մենք այստեղ ենք ոչ միայն նրա համար, որ ծանոթանանք իրենց օրենքներին, այլ հասկանանք, թե ինչը չի աշխատում եւ խուսափենք նման սխալներից Հայաստանում: Մեզ համար կարեւոր է, որ ուսումնասիրենք նմանատիպ խնդիրներով երկրի փորձը: Ռումինիան էլ չի հասել փայլուն արդյունքների եւ արդեն  մեկ օրվա ընթացքում հասկացանք, որ նմանատիպ խնդիրներ ունենք նաեւ Հայաստանում»,-ասաց Ա. Կոստանյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստան վերադառնալուց հետո ուսուցողական այցի մասնակիցները, այդ թվում` լրագրողները թույլ չեն տա, որ մեր երկրում այս դաշտը կարգավորող ոլորտում փոփոխություններ չլինեն: «Ամեն դեպքում պետությունը պատրաստվում է փոփոխությունների, եւ մենք պետք է մինչեւ օրենքի մշակումը արտահայենք մեր կարծիքները եւ օգտակար լինենք օրենքի մշակման հարցում: Բայց մեծ սպասումներ չունենք, որ փոփոխություններն արագ կլինեն, քանի որ բարդ ոլորտ է եւ այստեղ էլ շահերի բախում կա»,-ավելացրեց Ամալյա Կոստանյանը: Գեւորգ Կոստանյանն էլ փոխանցեց, որ մոտ ապագայում Հայաստանում  իրոք դաշտը կարգավորող օրենսդրական  փոփոխություններ կլինեն: Համեմատելու համար  նշենք, որ Ռումինիայում բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը տեղադրված են ինտերնետային կայքում, եւ ցանկացած քաղաքացի կարող  է անարգել տեղեկանալ դրանց: Ներկայացվում է նաեւ պաշտոնյաների ֆինանսական կարողությունների մասին տեղեկություններ, նույնիսկ բանկերում ունեցած տեղեկատվությունը: Այս ոլորտն ավելի թափանցիկ դարձնելու համար քաղաքացիները այս կամ այն պաշտոնյայի հայտարարագրի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում կարող են դիմել հատուկ ստեղծված Ազգային օրինականության խորհրդին կից գործող գործակալությանը, որն էլ պարտավոր է ստուգել քաղաքացու ներկայացրած բոլոր փաստերը: Այս դեպքում գործակալությունը դիմում է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյային, որպեսզի վերջինս ներկայացնի գրավոր ապացույցներ, որով կհաստատվի հայտարարագրում ներառված տեղեկությունների ճշմարտացիությունը: Եթե նա հրաժարվի փաստաթղթեր ներկայացնելուց, ապա յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարի իր եկամտի 1%-ի չափով տուգանք: Տուգանքի վճարման համար սահմանված է առավելագույնը 100 օր: Օրինականության խորհրդի անդամ Կոդրու Վրաբիեն ասաց, որ տուգանքի համար նախատեսված այդ հարյուր օրվա ժամանակահատվածը սահմանվել է զուտ այն հաշվարկով, որ պետությանը վերադարձվի տվյալ անձի չհիմնավորված ունեցվածքը:  Նշենք, որ արդեն երեք նախարար է աշխատանքից ազատվել` ոչ ճիշտ հայտարարագիր ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, Ռումինիայի լրագրողները դժգոհ էին ոլորտը կարգավորող օրենքից, քանի որ այն հնարավորություն է տալիս պաշտոնյային ունենալ բիզնես, բայց չղեկավարել այն: «Մեդիաֆաքս» լրատվական  գործակալության լրագրող Օվիդու Վանգելեն ասաց, որ իրենց օրենքը միջին մակարդակի  է և ամբողջ դաշտը չի կարգավորում: Ըստ նրա` գործակալությունը ղեկավարում է նախկինում կոռումպացված դատախազը ու նա պաշտոնը զբաղեցրել է մրցույթով: Կոնկրետ Օ. Վանգելի հրապարակումներից հետո աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության  նախարարը, որը նախորդ նախարարից կաշառք էր վերցրել: Հ. Գ. «Հետքի» թղթակիցը նույնպես Ռումինիայում մասնակցում է  ուսուցողական այցին: Առաջիկայում  կներկայացնենք այլ մանրամասներ եւ վերլուծություններ` Հայաստանի համեմատությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter