Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ
Վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ են հայտնվում հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին, որոնք արձագանք են ստանում հայկական մամուլի, միայն մամուլի էջերում: Իրավապահ մարմինները և բուն հրապարակումների հերոսները առայժմ որևէ կերպ չեն արձագանքում դրանց, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ համաձայն են հրապարակումների հետ:

Իսկ հրապարակումների տվյալներին ծանոթանալով` միայն մի եզրակացություն կարող ես անել. «պաշտոնյա» բառը Հայաստանում սկսել է նույնացվել «թալանչի», «ավազակ» բառերի հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ ասենք 10 տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էին 4 մլրդ դոլար կապիտալ կուտակել:
Ռուսական «Վերսիա» կայքէջը հենց այսքան է վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, և հրապարակման առանձնահատկությունն այն է, որ կից ներկայացվում է ունեցվածքի կոնկրետ ցուցակ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ ցուցակում Քոչարյանների ունեցվածքի մի մասն է միայն հիշատակված, այսինքն` այդ ցանկը ամենևին էլ սպառիչ չէ:
1. «Արցախբանկ»
2. «Առեքսիմբանկ»
3. «Յունիբանկ»
4. «Հայբիզնեսբանկ»
5. «Կոնվերսբանկ»
6. «ՄԱՊ» ընկերություն
7. «Ռենկո կոնստրակշըն»
8. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
9. «Արդշինինվեստբանկ»
10. «Կապուտակ Սևան» հանգստյան տուն
11. «Նաիրի» բժշկական կենտրոն
12. «ՍԱՍ» սուպերմարկետների ցանց
13. «Հ2» հեռուստաընկերություն
14. «Սթար» խանութների ցանց
15. «Նոյ» կոնյակի-գինու գործարան
16. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
17. «Հայփոստ» ընկերություն
18. Բջջային հեռախոսների ներկրում
19. Հայաստանում «Տոյոտա» ընկերության ներկայացուցչություն
20. «Գոլդեն փալաս» հյուրանոց
21. «Ղ-Տելեկոմ» («ՎիվաՍել» առևտրային ապրանքանիշ)
22. «Արարատցեմենտ» գործարան
«Պատմաբաններն արդեն հայտնել են իրենց եզրակացությունները»
Ամերիկյան The Boston Globe թերթը, անդրադառնալով մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձևի քննարկմանը, մեջբերել է Թուրք-ամերիկյան ասամբլեայի ղեկավար Գյունայ էվինչի խոսքերը, թե այս բանաձևի արծարծումը հայկական սփյուռքի «գերազգայնամոլության» արդյունք է, որը անպատճառ կվնասի հայ-թուրքական գործընթացներին:
Ամերիկյան թերթը, սակայն, Էնվիչի ասածներն անվանել է «Անկարայի ռազմավարության շարունակություն, որով թուրքերն ուզում են սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև: Սակայն ոչ միայն սփյուռքի գաղթօջախներում ապրող, այլև հայաստանաբնակ հայերն են անչափ սկզբունքորեն տրամադրված Հայոց ցեղասպանության հարցում»,- գրում է ամերիկյան պարբերականը:
Վերջինս նաև հիշեցնում է, որ Ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային կազմակերպության նախկին 7 նախագահներն էլ նամակ են ուղարկել նախագահ Գյուլին, որում իրենց դժգոհությունն են հայտնել, որ հայ-թուրքական արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների հանձնաժողով ստեղծել դրույթը:
«Սա ինքնատիպ դիվանագիտական թակարդ է` Թուրքիայի կողմից լարված. պատմաբանները վաղուց արդեն իրենց եզրակացություններն արել են. Թուրքիան պետք է հրաժարվի որդեգրած ժխտողական քաղաքականությունից»,- եզրափակել է The Boston Globe-ը:
Վերջին ժամանակներում սա ամերիկյան լրատվամիջոցների երկրորդ հրապարակումն է, որտեղ Հայոց ցեղասպանությունը որևէ կասկածի տակ չի դրվում: Վերոհիշյալ թերթին նախորդել էր հայտնի CBS հեռուստաալիքի «Ճշմարտության 60 րոպե» հաղորդումը:
Կաշխատեն միասին
Ռուսաստանը և Ֆրանսիան մտադիր են շարունակել սերտ համագործակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Ռուսաստանը և Ֆրանսիան միասին են աշխատելու, որպեսզի օգնեն թե Հայաստանին, թե Ադրբեջանին` համատեղ աշխատելու և հասկանալու միմյանց»,- ասել է Սարկոզին:
Սերիա՞լն է ազդել
Երեկ «Առավոտում» տպագրված «Ձերբակալվե՞լ է» լուրի մեջ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է «Որոգայթ» և «Կայնքի գինը» հեռուստասերիալներում հանցաշխարհը կերպավորողներից մեկը: Մարտի 2-ին` օրվա ողջ ընթացքում, խմբագրությունում չէին դադարում հեռախոսազանգերը. հարցնում էին, թե ո՞վ է նա:
«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ` Սոչիում ձերբակալվել է նախկինում դատված, հետախուզման մեջ գտնվող «Տյոմ Յուժի» մականունով հայտնի Արտավազդ Լևոնի Առաքելյանը, որը կասկածվում է խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ:
Հետապնդվում են երիտասարդ ակտիվիստները
Մարտի 1-ին Երևանի ոստիկանության քարեական հետախուզության բաժնի քաղաքացիական հագուստով մի խումբ աշխատակիցներ «Ֆոլկսվագեն» և «Աուդի» մակնիշի մեքենաներով, 542ՈՍ 02 պետհամարանիշով ճանապարհային ոստիկանության մեքենայի (մեքենայի համարը` 11-22) ուղեկցությամբ հետապնդել են ՀԱԿ-ի երիտասարդներին` նրանց սպառնալով ձերբակալել, եթե փորձեն իրազեկել հանրահավաքի մասին:
Երիտասարդները փորձել են դիմադրել, բայց վերոնշյալ անձինք Նորքի 2-րդ զանգվածի շուկայի մոտ հարձակվել են նրանց վրա և անչափահաս Սարգիս Ղազարյանի ձեռքից խլել Հայաստանի եռագույն դրոշն ու բարձրախոսը:
Նույն օրը քննիչ Հրաչ Սարգսյանը զանգահարել է Սարգիս Ղազարյանին (նա այն 7 երիտասարդներից մեկն է, որին ոստիկանները ծեծել էին փետրվարի 19-ին կայացած երթի ժամանակ ու հարուցել քրեական գործ) և նրան հրավիրել Կենտրոնի ոստիկանություն` զրուցելու: Սարգիս Ղազարյանը հրաժարվել է` պահանջելով օրենքով սահմանված ծանուցագիր:
Օլիմպիական կազմը պետք է փոխել
Փետրվարի 28-ին Վանկուվերի հայկական եկեղեցում տեղի է ունեցել ձմեռային օլիմպիադային մասնակցած 4 հայ մարզիկների մեծարման հանդիսավոր արարողությունը:
«ՉԻ» - Շատ լավ բան են մտածել արարողության կազմակերպիչները: Վերջին հաշվով հայ մարզիկները «սաղ-սալամաթ» ավարտել են օլիմպիադան: Այլ հարց է, թե ինչ կարիք կա այդ միջոցառման անունը դնել «մեծարման արարողություն»: Կարելի էր դրա փոխերն ընդամենը մատաղ անել, որ հաջողվել է անփորձանք ավարտին հասցնել խաղերը, հրավիրել 7 հավաքականների ներկայացուցիչների (ինչպես ընդունված է մատաղի ծեսով) և վերջ:
Բայց սա, ի դեպ, չի նշանակում, թե հայ մարզիկները ոչնչով աչքի չեն ընկել: Ճիշտ հակառակը` նրանք լավ քեֆ են արել ռուս մարզիկների հետ և այնքան ոգևորված ու շախով-շուխով են նշել նրանց դահուկորդների հաղթանակը, որ հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այնպես որ եթե հաջորդ օլիմպիադայում էլ պետք լինի նույն ավանդույթը շարունակել, խորհուրդ կտանք 2014-ին Սոչի գործուղել ոչ թե դահուկորդներին, այլ Թաթային և Սպիտակցի Հայկոյին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել